Ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանն ընդգրկվել է ազատ երկրների շարքում։ Այս մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտան կազմակերպության` այսօր հրապարակած «Ազատությունը համացանցում 2015» զեկույցում։ Կազմակերպության աղյուսակում Հայաստանը ստացել է 28 միավոր (լավագույն ցուցանիշը՝ 0, վատագույնը՝ 100)։ Տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Վրաստանն է՝ 24 միավորով։ Ադրբեջանը (56 միավոր) և Թուրքիան (58 միավոր) մասնակի ազատ երկրների շարքում են, Ռուսաստանը՝ 62 միավորով, անազատ երկիր է համարվել։
Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ ինտերնետ հասանելիությունը երկրում մեծանում է, նախաձեռնություններն ու հասարակական կազմակերպությունները հնարավարություն ունեն համացանցի միջոցով իրենց արշավները կազմակերպել, տեղեկատվություն տարածել, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ 2015 թվականի հունիս֊հուլիս ամիսներին Էլէներգիայի թանկացման դեմ պայքարի ընթացքում։ Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ 2015-ի մայիսին ՀՀ ոստիկանության պահանջով youtube․com կայքից հեռացվել է ոստիկանների մասին երգիծական հաղորդում (խոսքը SOS ինտերնետ շոուի մասին է ֊ խմբ․)։
2014 թվականի վերջին ինտերնետ հասանելիությունը Հայաստանում կազմել է 46 տոկոս, մինչդեռ 2013֊ին թվականին 42 տոկոս էր։ Համաձայն իրավապաշտպան կազմակերպության՝ տարվա ընթացքում հասանելիության սահմանափակումների վերաբերյալ բողոքներ չեն եղել։