Թմրանյութերի դեմ պայքարի տնազ
ՆԳՆ-ն առաջնորդվում է կանխավարկածով, որ «10 օգտագործողից 7ը վաճառող է»։ Խոշտանգումները «օպերատիվ հնարք» են։ Որ մարդիկ չնետվեն Քննչականի պատուհաններից, ճաղեր կդնեն
Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի
Աղդամի ճանապարհով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղին հումանիտար բեռ ուղարկելու հարցով «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»՝ ասել է ԼՂ նախագահի խոսնակ Լուսինե Սարգսյանը։ Առավոտյան ադրբեջանական Կարմիր մահիկի նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով երկու բեռնատար՝ 40 տոննա ալյուր է ուղարկվում Լեռնային Ղարաբաղ: «Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Հավատում եմ, որ այս քայլը դրական կընդունվի թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում ապրող հայազգի բնակչության կողմից», - ասել է Ասլանը։ 40 տոննա բեռը, ըստ նրա, ներառում է ալյուրից պատրաստված մթերքներ, ու եթե կարիքների գնահատում արվի, հնարավոր է՝ հետագայում մատակարարվեն նաև այլ անհրաժեշտ ապրանքներ։ Ստեփանակերտից արձագանքում են՝ Լաչինի միջանցքի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ։ Աղդամի ճանապարհի գործարկման շուրջ որևէ պայմանավորվածություն չկա։ Ղարաբաղի նախագահի խոսնակը ընդգծում է՝ ադրբեջանական կողմի հետ երկխոսությունը պետք է ծավալվի նախևառաջ Լաչինի շուրջ․ «Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը․․․»։ Արդեն երկուսուկես ամիս է՝ Բաքուն արգելում է Լաչինով հումանիտար բեռների ներկրել։ Լեռնային Ղարաբաղ ո՛չ սնունդ է մտնում, ո՛չ դեղորայք, ո՛չ էլ վառելիք։ Ռուս խաղաղապահները իրենց համար ապրանքներ են մատակարարում ուղղաթիռներով՝ Սիսիանի օդանավակայանից։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստացի չի գործում, Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է «Աղդամի այլընտրանքով»։ Բաքվից հայտարարում են, թե պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Ղարաբաղի հայերին՝ Աղդամ-Ստեփանակերտ կամ Ֆիզուլի-Շուշի ճանապարհներով։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սա գնահատում են որպես բլոկադային շանտաժի և «ինտեգրացիոն» քաղաքականության մի մաս։ Մոսկվան այս առաջարկին սատարում է (Ռուսական կողմն առաջարկել է բացել նախ Աղդամի, իսկ մեկ օր անց՝ նաև Լաչինի ճանապարհը․ պայմանավորվածությունը հետագայում տապալվել է), Վաշինգտոնն ու Բրյուսելը «ընդունում են ի գիտություն»։ նախագահը սպառնում է գնալ դիրքեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահը փակ քննարկումներ է սկսել քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հանդիպումները Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Մասնակիցներին նա տեղեկացրել է, որ արցախյան կողմը լուրջ ճնշումների է ենթարկվում՝ ճանապարհի վերագործարկումը արտոնելու համար։ Այս ֆոնին Ղարաբաղում լարված ներքաղաքական պայքար է ընթանում։ Լրատվամիջոցները և ընդդիմադիր շրջանակները (ի դեմս միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի, որին սատարում են Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը) պարբերաբար խոսում են նախագահի հրաժարականի մասին։ Երեկվա միջադեպից հետո (ադրբեջանական կողմը Հակարիի անցակետից առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան տեղափոխվող երիտասարդներից երեքին և տեղափոխել Բաքու՝ դատապարտելով 10-օրյա վարչական կալանքի) Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր սկսվել։ Երեկոյան տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, գիշերը փակ քննարկում էր սկսվել նաև խորհրդարանում։ ԱԺ նիստից հետո Արայիկ Հարությունյանը իջել էր հրապարակում հավաքված մարդկանց մոտ, խոսում էր սովի, հղի կանանց և երեխաների թերսնվածության, մահերի մասին․ «Ինչո՞ւ ենք մենք ուշացել։ Դուք կարող եք ինձ հայհոյել, վիրավորել, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին․․․»։ Մոտ 6 ժամ տևած քննարկումը, սակայն, ավարտվել էր ոչնչով՝ միասնական որոշում խորհրդարանական ուժերը կայացնել չեն կարողացել։ «Բայց ես, որպես երկրի նախագահ, պարտավոր եմ այդ որշումը ասել։ Եթե չհարգվի ժողովրդի կողմից, դա այլ հարց է։ Շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը, - հրապարակում հավաքված մարդկանց ասում էր Արայիկ Հարությունյանը․ - Գործելու է մի հատ ճանապարհ, դա Լաչինով ճանապարհն է, ուրիշ տեղով մթերք չենք բերելու»։ Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ժողովրդին, ինչ-որ պահ հարցնում էր՝ « դուք ինձ հավատո՞ւմ եք», ի պատասխան շատերը գոռում էին՝ «չէ»։ Խորհրդարանի փակ նիստի ժամանակ, ըստ նախագահի, քննարկվել է նաև իր՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը։ «Ես մի քանի օր առաջ էլ եմ ուզել հրաժարական տալ․․․ Կորոշովի՝ վաղը-մյուս օրն արդեն էս նույն կազմով կամ մի քիչ ավելի նեղ կազմով․․․ Եթե պետք է, որ ես հրաժարական տամ, ես գալու եմ աշխարհազորի հետ միասին պոստ կանգնեմ»։ Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի Սոցցանցերում քննարկվում է երեկոյան նոր հանրահավաք անելու հարցը։ «Ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։ Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։ Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ եթե իշխանությունները ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։ Այո, մենք սոված ենք, այո, Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»», - գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ Ակտիվիստական տարբեր խմբեր այս օրերին հայտարարում են, որ դիմադրելու են Աղդամի ճանապարհի գործարկման հեռանկարներին։ Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղ բեռներ չեն մտնում։ «Մարդասիրական օգնությունը» լռվում է մուտքի մոտ։ Քիչ առաջ հայտարարվեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետը։ Նա նախատեսում է ուղեկցել Ֆրանսիայի անունից Ղարաբաղ ուղարկվող հումանիտար շարասյունը, որը Կոռնիձոր կհասնի օգոստոսի վերջին։ Կոռնիձորում մեկ ամսից ավել է՝ կանգնած են Երևանից ուղարկված բեռնատարները։ Ադրբեջանը դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելում է։
Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ
Լաչինից այսօր ձերբակալվել է ոչ թե մեկ, այլ երեք հոգի՝ ֆուտբոլիստներ, որոնք․․․
3 բանակային մահ 2 օրում. «սպանություն», «ինքնասպանություն», «հոսանքահարում»
Հունվարից սկսած ոչ մարտական պայմաններում 6 տասնյակի հասնող մահվան դեպք է արձանագրվել
Լաչինի անցակետից 22-ամյա երիտասարդի են առևանգել, մյուսին հարցաքննում են
Արցախի Տեղեկատվական շտաբից հաստատել են՝ ադրբեջանական կողմից առևանգված ուսանողը Ալեն Նելսոնի Սարգսյանն է
Սաուդյան Արաբիան «աննկատ» հազարավոր մարդկանց է ոչնչացնում
Արևմուտքի հետ կապերի շնորհիվ զանգվածային մարդասպանությունները Սաուդյան թագավորությանը տրվում են առանց քաղաքական հետևանքների. Եթովպիայի պատերազմը և ռազմական ինտերվենցիան Եմեն մեծ եկամուտներ են ապահովում նաև «ժողովրդավար» դաշնակիցներին
Որոշ ուսանողների թոշակը կբարձրանա մինչեւ 70 հազար
Կառավարությունը որոշել է վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը։ Սկզբի համար բարձրացնում են պետության համար առաջնահերթ՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանցողների կրթաթոշակները՝ ամսական 4-5 հազարից միանգամից մինչև 70 հազար դրամ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ։ Կառավարությունը, ըստ ԿԳՄՍ նախարարի, կարևոր է համարում բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող սկզբունքների և մեխանիզմների վերանայումը։ «Պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տրամադրվում է տարեկան շուրջ 846 մլն դրամ, որը, սակայն, որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության և կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը՝ ամսական 4-5 հազար դրամ։ Այսինքն, ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ո՛չ կրթության մատչելիության և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ դրա համար պետության կողմից բավականին զգալի միջոցներ են հատկացվում: Անհրաժեշտություն է առաջացել առավել նպատակային օգտագործել այս ծրագիրը և վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները», - նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում։ Նախ սահմանվում են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները։ Դրանք «ավելի խրախուսելի և խթանող դարձնելով»՝ կառավարությունը նախատեսում է մեծացնել դրանցով սովորողների թիվը: Ըստ նախարարի՝ առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը. «Սա ունի պարզ նպատակ՝ վերջին տարիներին ունենք մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Միաժամանակ, ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն»: ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական ծրագրերի ուսանողները առաջին կուրսում կստանան 70 000 դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում՝ ըստ առաջադիմության․ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին՝ 77000 դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70000 դրամ: Ավելի ցածր ՄՈԳ ունեցողները կրթաթոշակ չեն ստանալու։ Նախարարի կարծիքով, կրթաթոշակի վերանայումը էական ազդեցություն կունենա այս ուղղություններով սովորողների թվի վրա՝ հաշվի առնելով, որ նրանց զգալի մասը մարզաբնակ է և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք ունի՝ կեցության, տրանսպորտի և այլն: 2023-2024 ուստարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169 (հաշվի առնելով, որ վերջինիս վճարովի տեղերի ընդունելությունը դեռևս չի ամփոփվել): Նախագծով բարելավվելու է նաև շահառու սոցիալական խմբերի համար կրթաթոշակի չափերը։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթաթոշակը կբարձրանա մինչև 50 000 դրամ (գումարը, ըստ նախարարի, կարող է օգտագործվել նաև նրանց կրթության կազմակերպման լրացուցիչ ծախսերի համար, որոնք խելամիտ հարմարեցումների հնարավորություններ են պահանջում): Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ մինչև 23 տարեկան սովորողներին կրթաթոշակ տրամադրվելու է Կառավարության սահմանած կարգով: Որոշման նախագիծը ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ Մեկ այլ նախագծով էլ սահմանվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատություններում կրթաթոշակի տրամադրման կարգը: Որոշվել է, որ Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով (այս տարի՝ արդյունաբերություն, շինարարություն և գյուղատնտեսություն) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին կտրամադրվի 50 000 դրամ, իսկ գերազանց առաջադիմության սովորողներին՝ լրացուցիչ ևս 5 000 դրամ կրթաթոշակ: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուստարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ ներառյալ 2022-2023 ուստարին բուհեր ընդունված սովորողների (այդ թվում՝ նաև անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով կազմակերպվող բժշկական մասնագիտությունների համար) նկատմամբ, սահմանված կարգով և ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակվելու են կիրառվել ՀՀ վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։
Արցախում ուտելիքը ծանոթով է․ Ոստիկանները ծեծել են բողոքողին
Ստեփանակերտցի Դավիթ Մինասյանը պնդում է՝ ոստիկաններն իրեն առևանգել են, տարել բաժին և ծեծել այն բանի համար, որ Վերածննդի հրապարակում հայտարարել է՝ սոված է: Օգոստոսի 19-ի երեկոյան նա մարդկանց հավաքի էր կանչել, ֆեյսբուքյան իր էջում մինչ այդ պատմել էր՝ տանը ուտելու բան արդեն չունի․ «Փողը ստանում ենք, մեր ջեբումն ա, բայց տուն գնալուց մագազինում ուզում ենք մի բան առնենք, տանենք մեր խոխեքին տանք, որ ուտեն, բայց որ էտ մի բանը չկա, մագազիններում ոչ մի բան չկա, մեկը կարա՞ դուրս գա ասի՝ էս փողը մեր ինչի՞ն է պետք, որ աշխատում ենք։ Ես սովորական քաղաքացի եմ, առավոտը գործի գնալիս քաղցր չայ էլ չեմ կարեցել խմել»։ «Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ կապ չունեմ, սովորական հայրենակից եմ, - ասում էր ստեփանակերտցի ակտվիստը․ - Սոված եմ ․․․ ինձ նման մարդիկ շատ կան ․․․ իմ կողքին կանգնելու են՝ խոսեն, ես էլ եմ խոսելու ․․․ Գուրգեն Ներսիսյանն է, Արայիկ Հարությունյանն է` նրանց պետք է դուրս հանենք, հարցնենք՝ ի՞նչ է լինելու սրա վերջը, էսքան մեզ խաբել եք, էսքան հանրահավաք եք արել, ի՞նչ է դարձել․․․ ես արդեն գիտեմ՝ ով ում մարդն է, ես չեմ թողնելու, որ էտ մարդիկ մոտենան մեր հանրահավաքին, խոսեն, ես թողելու եմ, որ ծնողները խոսեն, խոխեքը խոսեն, բաբոն խոսի, դեդոն խոսի, որովհետև էտ մարդիկ ենք տուժված էսօրվա օրով»։ Հրապարակում շաբաթ օրը մի քանի տասնյակ մարդ էր հավաքել։ Ղարաբաղի իշխանություններից նրանք պահանջում էին խանութներին սնունդ մատակարարել, պնդում էին, որ փաստեր ունեն՝ պահեստավորված մթերք կա, ուղղաթիռներով մատակարարումները չեն ընդհատվել, բայց շարքային արցախցիներին ոչինչ չի հասնում. «Իրա մարդիկ կարողանում են օգտվեն էդ պահեստներից, բայց սովորական մարդիկ՝ չէ»: Ոստիկանները Մինասյանին փորձել են բերման ենթարկել հենց հավաքի վայրից, բայց մարդիկ թույլ չեն տվել։ «Ինձ դեռ չեն բռնել, բայց չգիտեմ՝ հետո կբռնեն, թե չէ», - երեկոյան՝ Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանից, ուղիղ եթերով ասել է ակտիվիստը։ Ավելի ուշ՝ գիշերը երկուսի կողմը, Մինասյանը տուն գնալիս հարձակման է ենթարկվել։ «Ուազ»-ից դուրս են եկել, բռնել, նստացրել մեքենան։ Ոստիկաններից երկուսը խփել և հայհոյել են նրան, գլխին դիմակ են քաշել։ Դավիթը վստահ է՝ իրեն տարել են ոստիկանության Ասկերանի բաժանմունք, ասում է՝ ծեծել են ճանապարհին էլ, բաժանմունքում էլ։ Հաջորդ օրը բաց են թողել։ « երկուսին հաստատ գիտեմ, ապացուցում եմ, որ իրանք են ինձ խփել․ Ասկերանի ոստիկանապետն ա ինձ խփել, քաղաքացիական շորերով ա եղել, մեկ էլ Ստեփանակերտի ոստիկանապետը», - «Ազատության» հետ զրույցում ասել է ստեփանակերտցի ակտիվիստը: Ոստիկանական բաժանմունքում քննարկվել են նաև նրա ծաղերգական տեսանյութերը՝ «բա կարելի՞ է կատակել մեր նախագահի մասին»։ Մինասյանը վերջին ամիսներին վիդեոներ է հրապարակում, որոնցում նմանակում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ակնոցներ է դնում, փողկապի փոխարեն գուլպա կապում, վերաշարադրում նրա «բլոկադային» ելույթները։ Ունկնդիրներին նա սովորեցնում է, օրինակ, ձմերուկ խորովել կամ ինքնապարգևատրվել կառավարական տալոններով։ Մինասյանը պնդում է՝ Արայիկ Հարությունյանի շրջապատը նույնիսկ այս պայմաններում սոված չի մնում։ Պաշարված Ղարաբաղում սննդի անհավասար բաշխման մասին շատերն են խոսում։ Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում (օգոստոսի 21-ի) հերթերում կանգնած կանայք ահազանգում են․ «Ով որ ծանոթ ունի՝ նրանց է ուտելիք հասնում», «5 ժամ հերթում կանգնում ես, որ մի հատ հաց տանես տուն։ Տանը 7 շունչ կա, մի հացը տանեմ ո՞ւմ տամ», «Հացը տանում՝ ռեստորաններին են բաժանում, ժողովուրդն էստեղ սոված մահանում է»։ Դավիթ Մինասյանն էլ «Ազատության» եթերում է ցուցադրում է իր տան պաշարները։ Ամսից ավել է՝ իր ընտանիքը միայն կարտոֆիլ էր ուտում, երեկվանից դա էլ չունեն: Սառնարանում միայն կաթ է, որ իր աշխատավայրից են տրամադրել, խոհանոցում՝ կես շիշ դոշաբ։ Ասկերանի ոստիկանությունից հերքել են՝ Դավիթ Մինասյանին ոչ իրենց բաժանմուքն են տարել, ոչ էլ ծեծել են։ Ասկերանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը հայտարարել է, թե ոչ ճանաչում է նրան, ոչ էլ «անգամ մատով է կպել»։ Ստեփանակերտի բաժնից միջադեպը չեն մեկնաբանել։ Լեղնային Ղարաբաղի Դատախազությունից և Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ Դավիթ Մինասյանի դեպքով որևէ իրավական գործընթաց չկա։ Ազատ արձակվելուց հետո Մինասյանը բողոք է ներկայացրել ԼՂ օմբուդսմենի գրասենյակին։
Կա՞ արդյոք որևէ մեդիա քննադատություն, որը սուիցիդալ չի
Միայան ընկերների հետ զրույցն է վստահելի, մնացյալը աղտոտված ջուր է։ Կարող ես խմել, դա անում ենք միշտ, բայց նախընտրելի է խուսափել։
Վաճառվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը
Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Հանքարդյունահանող ընկերությունը գնելու է հայաստանցի մեծահարուստ Սասուն Ավետիսյանը, որը համագործակցում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ազդեցիկ ֆիգուրներից մեկի՝ Արիստակես Ներսիսյանի հետ։ CGH-ն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն գնել է ռուսական արմատներ ունեցող, բայց օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլից» (Polymetal International plc)՝ 55 միլիոն դոլարով։ Գործարքը սկսվել է 2018-ին, ստորագրվել՝ 2019-ին։ ՖԲԸ-ն նույն թվականին անվանափոխվել է և դարձել «Չաարատ Կապան»։ Ռուսների գնալուց և շվեդացի Մարտին Անդերսոնին պատկանող այս ընկերության գալուց հետո հանքի աշխատանքային պայմանները միայն վատացել են։ Հանքերում պարբերաբար մարդիկ են մահանում, աշխատավարձները և սոցիալական փաթեթները հետզհետե կրճատվում են։ Հանքափորների գործադուլները, որպես կանոն, ճնշվում են մեկ-երկու օրվա ընթացքում։ տե՛ս Գործադուլը Կապանում շարունակվում է․ տնտեսում են հանքափորների առողջության հաշվին Ո՞վ է սեփականատերը «Հետքի» հետաքննող լրագրողները ուսումնասիրել են Կապանի հանքերի նախկին և գալիք սեփականատերերի հետագծերը։ Օֆշորային «Չաարատ Գոլդ Հոլդինգսը»՝ CGH-ն, ըստ նրանց հետաքննության, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որը, իր հերթին, պատկանում է CGH-ին: CGH-ի 45,78 տոկոսի բաժնետերն էլ մեկ այլ՝ օֆշորային Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Այսինքն՝ հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր և իրական սեփականատերը: Մարտին Անդերսոն 2018 թվականին, երբ հայտնի է դարձել, որ CGH-ը գնում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Անդերսոնի մասնակցությունն այդտեղ 35,51 տոկոս էր: CGH-ի (հետևաբար՝ նաեւ «Չաարատ Կապանի») երկրորդ խոշոր բաժնետերը «China Nonferrous Metals Int’l Mining Co. Ltd»-ն է՝ 3,26 տոկոս բաժնետոմսերով: 5 միլիոն + պարտքեր Օգոստոսի 16-ին ընկերությունը հայտարարել է «Չաարատ Կապանը» վաճառելու մասին։ Հաղորդագրության համաձայն, «Չաարատ Կապանի» շահույթը (հարկերը վճարելուց հետո) 2021-ին կազմել է 10,5 մլն դոլար, իսկ 2022-ին՝ 1,7 մլն դոլար: 2023 թ. առաջին կիսամյակում Կապանի կոմբինատի եկամուտը (հարկերը չհանած) եղել է ընդամենը 2,3 մլն դոլար, ինչի վրա, ըստ սեփականատերերի, ազդեցություն է ունեցել դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ և ցածր արտադրողականությունը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Չաարատ Կապանի» ակտիվները կազմել են 75,1 մլն դոլար, իսկ պասիվները (պարտավորությունները)՝ 53,4 մլն դոլար: «Chaarat Gold Holdings»-ի ակտիվների թվում է ոչ միայն Կապանի հանքավայրն է, այլեւ 2 հանքավայր Ղրղզստանում, որոնցում արդյունահանում դեռ չի կատարվում: Հայկական «Չաարատ Կապանի» վերոնշյալ ակտիվները կազմել են «CGH»-ի ընդհանուր ակտիվների 48 տոկոսը, իսկ պասիվները՝ ընդհանուրի 62 տոկոսը: Դրամի արժևորումը, ինչպես նկատել է CGH-ը, իրեն դրդել է վերանայել Կապանի կոմբինատի կայունության պահպանման բոլոր ռազմավարական տարբերակները և ուշադրությունը սևեռել ղրղզական հանքավայրերի վրա: Հայկական կոմբինատի վաճառքից գործարքից ընկերությունը փողի տեսքով 5 մլն դոլար է ստանալու (այդ գումարը CGH-ը նախատեսում է ուղղել ղրղզական իր ակտիվների զարգացմանը), մնացած 50,4 մլն-ն ուղղվելու է «Չաարատ Կապանի» պարտավորությունների մարմանը: «Չաարատ Կապանի» հիմնական պարտատերը, ի դեպ, Ամերիաբանկն է: ո՞վ է գնելու Chaarat Gold Holdings-ը հայտնել է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է (Gold Mining Company): Հաղորդագրության մեջ ասվում է, թե գնորդը նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն է շահագործում, այն տարիներ շարունակ նաև հանքաքար է մատակարարել Կապանի լեռնահարստացման կոմբինատին։ Իրականում, սակայն, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործվում է ոչ թե «Գոլդ Մայնինգ Քոմփանիի», այլ «Լիճքվազ» ՓԲԸ-ի կողմից։ Այս շփոթը, ըստ «Հետքի», պատահական չէ՝ նախկինում թե՛ «Լիճքվազը» և թե՛ «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պատկանում էին միևնույն ընկերությանը՝ արդեն հիշատակված օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլին»: 2019-ից «Լիճքվազ» ՓԲԸ-ն վաճառվել է Երեւանի գրանցում ունեցող քաջարանցի Սասուն Ավետիսյանին, որը համատեղությամբ նաև ընկերության գլխավոր տնօրենն է: Ավելին՝ Ավետիսյանը նաև «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերն է: Այսինքն՝ հիշատակված երկու ընկերությունները ուղղակիորեն փոխկապակցված են և պատկանում են միևնույն սեփականատիրոջը։ Բայց եթե Երեւանում գրանցված «Լիճքվազ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ. և իրավունք ունի մինչեւ 2036 թ. շահագործել Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքը, ապա «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պետական գրանցում է ստացել այս ամիս՝ օգոստոսի 2-ին: Ըստ էության, այն ստեղծվել է հենց «Չաարատ Կապանից» բաժնետոմսերը գնելու նպատակով: «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերը Ավետիսյանն է, տնօրենը՝ քաջարանցի Արտյոմ Պետրոսյանը: լուսանկարը՝ Սասուտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից Ըստ CGH-ի, Սասուն Ավետիսյանը նաև «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ի (S&A Mining) սեփականատերն ու տնօրենն է։ «Էս Ընդ Էյ Մայնինգը» երկար ժամանակ Կապանի կոմբինատի կապալառու գործընկերներից էր (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հանքարդյունահանման համար տարածք նախապատրաստելով): Ավետիսյանն իրոք 2015-ին հիմնադրված երեւանյան «Էս Ընդ Էյ Մայնինգի» տնօրենն է, բայց դրա ֆորմալ սեփականատերը չէ, քանի որ «Էս Ընդ Էյ Մայնինգը» պատկանում է երեւանյան մեկ այլ ընկերության՝ «Վանդ-Գասս» ՍՊԸ-ին, որի տերերը երկուսն են՝ Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, և քաջարանցի Մարիամ Ներսիսյանը, որի հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ է եղել այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր: Ընդ որում՝ «Վանդ-Գասսի» ներկա տնօրենը Մարիամ Ներսիսյանի եղբայրն է՝ Գառնիկ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սասուն Ավետիսյանին: Ստացվում է, որ «Չաարատ Կապանի» կապալառու գործընկեր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը ԶՊՄԿ-ի նախկին ազդեցիկ ֆիգուրներից Արիստակես Ներսիսյանի ու հանքարդյունաբերոության մեջ դիրքերն ամրապնդող Սասուն Ավետիսյանի ընտանիքների համատեղ բիզնեսն է: բազում բիզնեսներ «Հետքը» շարունակում է՝ Սասուն Ավետիսյանը, բացի «Լիճքվազ» ՓԲԸ-ից, «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ից եւ «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ից (այստեղ նրա ներկայությունը հոր միջոցով է), մասնակցություն ունի հետեւյալ ընկերություններում: գրաֆիկան՝ «Հետք»-ից — «ԷյՋիԱրՍի (Արմենիան Գոլդ Րիսորս Քորփորեյշն)» ՍՊԸ-ն (AGRS, Armenian Gold Resource Corporation)՝ գրանցված է Երեւանում, «Լիճքվազ» ՓԲԸ-ի միակ սեփականատերն է, ամբողջությամբ պատկանում է Ավետիսյանին, որը այս ՍՊԸ-ն ձեռք է բերել 2019 թվականին՝ ռուսական արմատներ ունեցող օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» կիպրական ու նիդերլանդական դուստր ընկերություններից: Ռուսների օրոք՝ 2015-2019 թթ., ընկերությունը կոչվում էր «Պոլիմետալ Արմենիա» եւ «Պոլիարմ»: Թե՛ ռուսները, թե՛ Ավետիսյանը սրա միջոցով են ապահովել/ապահովում իրենց մասնակցությունը «Լիճքվազ» ՓԲԸ-ում: — «AGRS»-ը ռուսների, իսկ 2019-ից հետո՝ Սասուն Ավետիսյանի համար ապահովում է մասնակցությունը նաեւ երեւանյան «Նորթ Էքփլորեյշն Քոմփանի» ՍՊԸ-ում (North Exploration Company, NECo), որի գլխավոր տնօրենը նույնպես Ավետիսյանն է: Ըստ ՊԵԿ-ի՝ այս ընկերությունը խորհրդատվություն է ապահովում ձեռնարկատիրական եւ կառավարման հարցերով: — Սասուն Ավետիսյանը նաև Երեւանում գրանցված «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: ՍՊԸ-ն պատկանում է մեկ այլ երեւանյան ընկերության՝ «Վանդ-Սա» ՍՊԸ-ին, որի տերերն էլ 50-50 հարաբերակցությամբ Սլավիկ Ավետիսյանը (Ս. Ավետիսյանի հայրը) ու վերոնշյալ Գառնիկ Ներսիսյանն են (վերջինս նաեւ «Վանդ-Սա»-ի տնօրենն է): Նախկինում «Վանդ-Սա» ընկերության (սրա միջոցով էլ՝ «Ապառաժ Մայնինգի») փայատերեր են եղել Սասուն Ավետիսյանը, Արիստակես Ներսիսյանն ու Արման Հակոբյանը՝ Մաքսիմ Հակոբյանի կրտսեր որդին է: Այսինքն, «Ապառաժ Մայնինգը», ինչպես և «Էս Ընդ Էյ Մայնինգը», Ավետիսյան ու Ներսիսյան ընտանիքների համատեղ բիզնեսն է: Ընկերությունն զբաղվում է պայթեցման աշխատանքներով ու, ինչպես և «Էս Ընդ Էյ Մայնինգը», ԶՊՄԿ-ի կապալառուներից է: — Ավետիսյանն ու նրա գործընկեր Սամվել Իվանյանը 2 նույնանուն ընկերություն ունեն Երեւանում՝ «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ (NRM, Natural Risource Management) եւ «Էն Էռ Էմ» ՓԲԸ (NRM): Երկրորդ ընկերությունը ստեղծվել է առաջինից առանձնանալու եղանակով, այսինքն՝ նրա իրավահաջորդն է: Երկուսում էլ Ս. Իվանյանը գլխավոր տնօրեն է, նրան են պատկանում բաժնետոմսերի 20, իսկ Ավետիսյանին՝ 75 տոկոսը: «NRM (Natural Risource Management)»-ը, ըստ ՊԵԿ-ի, օժանդակ ծառայություններ է մատուցում հանքարդյունաբերության ոլորտում, իսկ «NRM»-ը զբաղվում է ճարտարագիտական գործունեությամբ եւ դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությամբ: Հանքարդյունաբերության մեջ օժանդակ ծառայություններ է մատուցում նաեւ Ս. Ավետիսյանի երեւանյան «Սաութ Ռիսորս Մենեջմենթ» ՍՊԸ-ն (South Resource Management): Ավետիսյանը ոչ միայն միակ սեփականատերն է, այլև, ինչպես շատ այլ դեպքերում, տնօրենը: 47-ամյա գործարարը ներգրավված է նաեւ շինարարության ոլորտում: Նա Երեւանում գրանցված «Էյ Փի Թաուեր» ՍՊԸ-ում (AP Tower) 25 տոկոս մասնակցություն ունի: Նույնքան բաժնեմասի սեփականատեր է Ավետիսյանի կինը՝ Լիանա Հովհաննիսյանը: Ընկերությունն զբաղվում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ: Երեւանի Ուլնեցի փողոցում այս շինարարը կառուցում է «Պանորամա Հիլզ» բնակելի համալիրը:
Ղարաբաղից Հայաստան են բերում ուսանողներին և ռուսաստանցիներին
ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստից հետո էլ միջանցքը մնում է շրջափակված
Որոնվում է 19-ամյա Անուշ Մարտիրոսյանը
Ոստիկանության Մարտունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 19-ամյա Անուշ Մարտիրոսյանը: Օգոստոսի 18-ին նա դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։