00:30 Կեսգիշերից հետո Բաղրամյան պողոտայում հավավքվածները վերադարձան Ազատության հրապարակ, որտեղից հեռացան 01:00-ի սահմաններում՝ պայմանավորվելով վաղը կրկին հավաքվել 19:00-ին:
23:20 Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի վրա ակցիայի մասնակիցներից մեկը ի նշան բողոքի ինքնահրկիզվել է: Հստակ պարզ չէ, թե ինչի դեմ է բողոքել տղամարդը: Ցուցարարները շտապօգնություն են կանչել, մինչ բժիշկների ժամանելը, մարդիկ իրենց մոտ եղած շշերով ջրերը լցրել են նրա վրա, կրակը հանգցրել իրենց շորերով հարվածելով: Քիչ անց տղամարդուն ոստիկանական մեքենա է մոտեցել, սակայն ինքնահրկիզման փորձ կատարած մարդը հրաժարվել է ոստիկանական մեքենայով գնալ, և ինքնուրույն է գնացել հեռացել տարածքից:
22:50 Խորենացի փողոցից ոստիկաններին ավտոբուսներով տանում են դեպի քաղաքի կենտրոն, ենթադրաբար, դեպի Բաղրամյան պողոտա:
22:40 Մարդիկ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա՝ նպատակ ունենալով անցնել պետական կառույցների շենքերի մոտով՝ Սահմանադրական դատարան, ԱԺ, նախագահական: Ոստիկանական պատնեշը մարդկանց դիմաց շարվեց պողոտայի սկզբնամասում՝ Սահմանադրական դատարանի մոտ: Ոստիկաններն այդ հատվածում փշալար են անցկացրել: Ցուցարարները, տեսնելով դա, նստեցին գետնին:
22:20 Այսօր 20:30-ի սահմաններում հոսանքազրկվել են ՊՊԾ գնդի հարակից բոլոր թաղամասները մինչև Երվանդ Քոչար փողոց: Մոտ 30-40 րոպե անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է, չնայած մի քանի շենքերում հոսանք դեռ չկա: Դրանից հետո Երևանի հիմնական մասում անջատվել է ինտերնետը:Կապը նույնպես վերականգնվել է մոտ 30 րոպե անց:
21:00 Ազատության հրապարակում մեկնարկել է Սասնա ծռեր խմբի աջակիցների հանրահավաքը: Երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել երթ անցկացնել Երևաի կենտրոնական փողոցներով, որից հետո որոշել՝ արդյոք արժի շարժվել դեպի Խորենացի փողոց:
Խորենացի փողոցում ոստիկանները, ինչպես ամեն երեկո, շատ են: Նրանք կանգնած են դեպի գրավված ՊՊԾ գունդ տանող ճանապարհը փակած բեռնատարների դեմ: Ոստիկանների երեկվա բռնություններից հետո սոցիալական ցանցերի օգտատերերն ակտիվորեն հետևյալ պաստառն են տարածում.
Հիշեցնենք, որ երեկ Սարի թաղում և Խորենացիում ոստիկաններն առանձնակի դաժանությամբ, հատուկ միջոցներ կիրառելով ցրել են ցուցարարներին:
Այս պահին ՊՊԾ գնդից կրակոցներ չեն լսվում: Կրակոցները սկսել են 17:30-ի սահմաններում: Ավելի ուշ Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հայտնել է, թե ՊՊԾ գնդի մոտ սպանվել է ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը: