Երեկ ոստիկանության կողմից տասնյակ բերման ենթարկվածների թվում են եղել «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Սուսաննա Մուրադյանը, Հովսեփ Խուրշուդյանը: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ:
Հովհաննիսյանը դատապարտում է ոստիկանության գործողությունները և իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հրաժարական ներկայացնել: «Ժառանգության» առաջնորդն ընդգծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կապ չունի քաղաքակիրթ աշխարհի հետ և համեմատում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի հետ:
Ոստիկանության գործողությունները դատապարտել է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ՆԻկոլ Փաշինյանը:
«Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը և սադրեցին բախումներ», – հարց է բարձրացնում Փաշինյանը:
Նշենք, որ երեկ Սարի թաղ թաղամասում ոստիկանները առանձնակի դաժանությամբ ցրել են «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով: «Ժառանգության» անդամ, հանրահավաքները համակարգող խմբի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել հիվանդանոցից: Տասնյակ բերման ենթարկվածներից մի մասի մասին հարազատները լուրեր չունեն, չգիտեն, թե որ բաժիններ են նրանց տարել: