Երևանի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Ավետիք Իսահակյանի զորացրման ժամկետից 16 օր է անցել, սակայն հրամանատարությունը հրաժարվում է նրան տուն ուղարկել՝ պահանջելով վերանորոգել ՊՆ-ին պատկանող «ԶԻԼ»-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է զինվորի հայրը՝ Իշխան Իսահակյանը:
«Այսօր նորից զորացրման օր էր, տղայիս չեն զորացրել: Գնում ենք Պաշտպանության նախարարություն, ասում են՝ գնացեք զինկոմիսարիատ, գնում ենք զինկոմիսարիատ, ասում են՝ մեզնից հասնում է ծառայության ուղարկելը, դրանից հետո մենք գործ չունենք: Հունվարի 9-ին 2 տարին լրացել է, 16 օր է անցել, չեն թողնում տղաս տուն գա: Չգիտենք՝ ինչ անել, ում դիմել»,- թերթի հետ զրույցում ասել է Իսահակյանը։
Զինվորի հայրը պատմել է, որ այդ մեքենան ամրակցել են որդուն ծառայության անցնելուց հետո։
«Մի անգամ չգիտեմ՝ ինչի է կպել, մեքենայի հայելին կոտրել է: Հետո էլ չեն թողել վարի: Մեքենան տվել են պայմանագրայիններին, բայց Ավետիքի վրայից գրանցումը չեն հանել: Հիմա պարզ չէ, թե ինչ վիճակում է այդ մեքենան, ով է փչացրել, ամեն ինչ բարդել են էրեխուս վրա, ասում են՝ մինչև չսարքես, տուն չես գնա»,- պատմել է Իսահակյանը։ Այդ հրահանգը, ըստ հոր տեղեկությունների, որդուն է տվել հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալը․ «Ամեն դեպքում խոսքը սպաների մասին է»:
«Ասում է, պա՛պ, մինչև մեքենան չսարքեմ, չեմ կարող տուն գալ: Դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ պապան պիտի գումար ուղարկի, որ մեքենան սարքվի, իրեն թողնեն տուն գա: Ես էսօրվա դրությամբ հնարավորություն չունեմ գումար ուղարկելու, որովհետև տարբեր բանկերում վարկ ունեմ, աշխատանք չունեմ: Ի՞նչ անեմ, գնամ գողությո՞ւն անեմ: Շինարար մարդ եմ, մի օր գործ կա, մի շաբաթ չկա: Ես հազիվ իմ ընտանիքը, էրեխեքին եմ պահում: Ես երեխա եմ տվել, որ գնա պետության համար իր պարտքը կատարի՞, թե՞ մեքենա սարքի: Գաղո՞ւթ է, ի՞նչ է ծառայությունը․․․Զալոժնի՞կ են պահել, ուզում եմ հասկանալ: Միակ տղաս է»,- ասել է զինծառայողի հայրը։
Վերջինս մտահոգություն է հայտնել, որ եթե իր երեխային մի բան պատահի այդ ընթացքում՝ բանակը պատասխանատվություն չի կրելու դրա համար:
Թերթի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ խնդրի մասին ինքը կտեղեկանա և պարզաբանումներ կտա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում