Home / Ազգային ժողով / Ընտրություններին ընդառաջ սննդամթերքի շուկայում թանկացումներ են սկսվել․ «Ժողովուրդ»

Ընտրություններին ընդառաջ սննդամթերքի շուկայում թանկացումներ են սկսվել․ «Ժողովուրդ»

Սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել, ինչը տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի փոխանցմամբ՝ հիմնականում թանկացել են լայն սպառման այն ապրանքները՝ բանանը, շաքարավազը, բենզինը, շոկոլադը և այլն, որոնց ներկրողները խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներն են։

«Ասել է թե իշխանություններն ապրիլի 2-ին բաժանվելիք ընտրակաշառքի գումարը հավաքում են ընտրություններից առաջ, մինչդեռ նախկինում հակառակն էր. ընտրությունների օրը բաժանում էին ընտրակաշառքը և միայն դրան հաջորդող օրվանից էին թանկացնում գները: Չի բացառվում, որ գնաճը շարունակական բնույթ ունենա` կախված ընտրակաշառքի չափերից ու ծավալներից», – գրում է օրաթերթը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշել է, որ գնաճը զարմանալի է, քանի որ տնտեսագիտական առումով թանկացման ոչ մի հիմք չկա և միակ պատճառը կարող են ընտրությունները լինել։

«Ուղղակի սա մեր շուկային բնորոշ մենաշնորհային հերթական անբարտավան քայլն է շուկայի մասնակիցների, հիմնականում՝ մատակարարների կողմից»,– ասել է Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով, Հայաստանի տնտեսությունը մենաշնորհային է և այդ իրավիճաում որոշողը ոչ թե շուկան է, այլ իշխանությունը։

Խաչատրյանի համոզմամբ՝ այս թանկացումներն ապացուցում են, որ գործող իշխանության համար ոչ մի նշանակությունը չունի ժողովրդի քվեն և քաղաքացիների վերաբերմունքն իրենց նկատմամբ, քանի որ իրենք համոզված են, որ այսպես թե այնպես առնելու են այդ քվեն։