Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործ Գևորգ Հարությունյանը, որը 2015 թվականին մթերած խաղողի համար հասանելիք 1 միլիոն 705 հազարից ոչ մի դրամ չի ստացել, այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա է անցկացրել։
Նա հույս ուներ հանդիպել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որը նախընտրական շրջանում խոստացել էր ծանոթանալ խաղողագործների խնդրին և օգնել նրանց։
Հարությունյանին չի հաջողվել հանդիպել Ամիրյանի հետ, սակայն խաղողագործը խոսել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ։ Նախարարը նշել է՝ իրականում պարզվել է, որ խաղողը մթերած «Վինար» գինու գործարանը ոչինչ չունի և չի կարող վերադարձնել գումարները։ Նա ասել է, որ գյուղացիների գումարները տալու համար այլ ձև են գտնելու։
Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե իրենց նորից խաբեն ու ոչինչ չանեն գումարները վերադարձնելու համար, ծայրահեղ քայլերին կդիմեն․
«Ես էլ չգիտեմ՝ ինչ կարելի ա անել, մնում ա ունեցածս ծախեմ, բանկերի պարտքերս տամ ու ընտանիքս վերցնեմ, գնամ ստեղից»։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը «Վինար» գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել։
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիներին մի քանի անգամ խոստացել էր, որ գործարանը պատրաստվում է վաճառել սպիրտը, ինչից հետո կմարվեն խաղողագործների բոլոր պարտքերը։ Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազություն և դատի էր տվել «Վինար» ընկերությանը՝ «գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար»։
Նախարարը տեղեկացրել էր, որ «Վինարի» 16,5 մլն դրամի սպիրտը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը և մարզպետից արդեն ստացվել են գյուղացիների ցուցակներն ու հաշվեհամարները և այդ գումարն առաջիկայում կփոխանցվի պարտատերերին, սակայն մարվել էր պարտքի միայն չնչին մասը։
Գյուղացիները մարտին հանդիպել էին նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեղեկացված չի եղել խաղողագործների խնդրի մանրամասներին։ Նա առաջարկել էր պարտքը մարել կոնյակի հումքով, ինչը, գյուղացիների խոսքով, ծիծաղելի է, որովհետև կոնյակի հումքով չեն կարող մարել բանկերի վարկերը։