Ղարաբաղը պայմանավորվել է առանց Հայաստանի․ վարչապետ
Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, այդ քննարկումների կողմ Երևանը չի եղել․ համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։ Ժողովրդին ուղղված իր ուղերձում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանյան իշխանությունների կեսօրից հետո հրապարակված հայտարարությանը ծանոթացել են ղարաբաղյան պաշտոնական տեղեկատվական հարթակներից։ «Իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի առաջարկությունը կրակի [երեկ կեսօրից սկսված ադրբեջանական հարձակման և դրա արդյունքում բռնկված ռազմական գործողությունների] դադարեցման վերաբերյալ։ Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել, քննարկումների կողմ չի՛ եղել։ Մեր առաջին նկատառումը այստեղ հետևյալն է՝ տեքստում հիշատակվում են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը» և խոսվում է «Լեռնային Ղարբաղից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների» մասին։ Այս փաստը մեզ համար այդքան էլ հասկանալի չէ։ Մենք բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի՛։ Ամեն դեպքում, այս հայտարարությունը մենք ընդունում ենք ի գիտություն», - նշել է Փաշինյանը։ Եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա, ըստ Փաշինյանի, ինքնին նշանակում է, որ նրանք «ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի՝ իրենց տներում, իրենց հողի վրա արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքը պահպանեն»։ Սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո Ստեփանակերտից հաղորդել էին՝ ստիպված են եղել ընդունել կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը։ Հետագայում հրապարակված տեքստից ակնհայտ է՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ «Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերում», «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարում և ամբողջական զինաթափում», վերաինտեգրացմանը նվիրված բանակցություններ ադրբեջանական Եվլախում։ տե՛ս Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության հետ ըստ էության կապ չունեցող այս տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության անունը։ Սա, ըստ վարչապետի, «արդարացնում է իր երեկվա գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանը ներքաշելն էր ռազմական գործողությունների մեջ»։ Եթե դա հնարավոր լիներ, «դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը»։ Ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ երեկ մեկնարկած լայնածավալ հարձակումից հետո ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը խոսում էր Հայաստանի կողմից պրահյան առաջարկություններին համաձայնելու մասին, Ռուսաստանի ԱԽ փոխնախագահն էլ սպառնում էր Նիկոլ Փաշինյանին՝ «գուշակեք ինչ ճակատագիր է նրան սպասվում»։ Հայաստանը վարչապետը ուղերձով դիմել էր ժողովրդին՝ «արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ», «ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր»։ տե՛ս Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են Տեղի ունեցածը Հայաստանը ընդունում է ի գիտություն և կշարունակի հետևել հետագա զարգացումներին՝ այսօրվա ուղերձում շարունակել է Փաշինյանը․ «Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է։ Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»։ Ամենակարևոր հարցը հիմա հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը պետք է լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից․ «Մենք կհետևենք իրադարձություններին, իհարկե նաև որոշակի մտքեր փոխանակում գուցե ունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված»։ Քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման հիմնական կետում ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչներ են գտնվում, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են․ «Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի և Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի»։ Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցնելուն՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները աշխատանքային մակարդակում շարունակվում են․ անհրաժեշտության դեպքում զրույց կկայանա նաև Պուտինի և Ալիևի միջև։
Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները
․․․Պաշտպանության բանակի լուծարում և զինաթափում, վերաինտեգրացիա․․․
Ողջույն, Շահրիար
— Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ, սիրում եմ քեզ և քո ընտանիքին՝ որպես թանկագին, թեև վերջին շրջանում ինձնից օտարված մարդկանց․․․
Ադրբեջանի հարձակումը գրգռել է Երևանի կենտրոնը
Նախկին նախագահների հետ փոխկապակցված ընդդիմությունը հավաքվել է հրապարակում, ռուսական դեսպանատան մոտ խայտաբղետ խմբեր են, ԱԺԲ-ականները տեղակայվել են առանձնատան մատույցներում
Լեռնային Ղարաբաղը կրակի տակ է (թարմացվող)
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում և Երևանում
Ադրբեջանը հարձակվել է հայերի վրա. Մոսկվան ու Բաքուն արտահայտվում են
Արտաքին և ներքին որոշ ուժեր փորձում են Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ էսկալացիայի մեջ՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի զինված ուժերը հրետանակոծում են Լեռնային Ղարաբաղի՝ ըստ էության ամբողջ տարածքը, փորձում խախտել շփման գիծը, վերահսկողության տակ առնել դիրքեր և, որոշ տեղեկությունների համաձայն, նաև բնակավայրեր: Ադրբեջանը այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ տե՛ս Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա (թարմացվող) Ռուսաստանը խոստովանում է «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, սա պաշտոնական Ադրբեջանի վարկածն է, Ադրբեջանից եկած տեղեկատվություն է, բայց փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որեւէ տեղեկություն չենք ստացել», - նշել է Հայաստանի վարչապետը։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, մինչ այդ, հայտարարել է, թե «հակաահաբեկչական օպերացիայի» մեկնարկի մասին ադրբեջանական կողմը ռուսական զորախմբին տեղեկացրել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Երկրորդելով Հայաստանի արտաքին գերատեսչությանը՝ Փաշինյանը կոչով դիմել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ «Արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է եւ շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը», - նշել է Հայաստանի վարչապետը։ Խոսքը, հավանաբար, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության և նրան ավելի ուշ միացած՝ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասին է։ Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով»։ Սա նոր թեզ չէ։ Արդեն տևական ժամանակ է՝ պաշարված Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող վիճակի պատասխանատվությունը Մոսկվան փորձում է բարդել Երևանի վրա։ Հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հետևանքն է նրա, որ Հայաստանի վարչապետը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ չնայած ռուսական առաջարկները՝ առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, անցյալ տարի կտրականապես մերժվել էին (ոչ թե հայկական, այլ) ադրբեջանական կողմից, պաշտոնական Մոսկվան այդ մասին նախընտրում է պարզապես չհիշել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս արձագանքել էր այս մեղադրանքներին՝ եթե ինքը չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, 2022-ի սեպտեմբերյան հարձակումը կանխել չէր լինի. «2022-ի օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան է բերել ռուսական առաջարկությունը, ըստ որի՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան է եկել սեպտեմբերին, սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն ՀՀ-ի գրավոր և բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ և պայմանագրով սահանված պարտավորությունները, չեն արձագանքել: Հոկտեմբերի 6-ին Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է ՀՀ տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը»: Այսօր, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքների նկատմամբ, Զախարովան կրկին հիշել է «Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչելու» անայլընտրանք այս որոշման մասին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ավելի հեռուն է գնացել՝ գրեթե խոստովանելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը հասցեական պատիժ է Նիկոլ Փաշինյանին։ «Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ արարքներով»։ Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով ցուցադրորեն գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում», - գրել է բարձրաստիճան ռուս պաշտոնյան։ Ադրբեջանն էլ է խոստովանում Ադրբեջանի հայտարարությունը, թե «մարդասիրական միջանցք են թողնելու» խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար, Նիկոլ Փաշինյանի իր ուղերձում էթնիկ զտումների ուղիղ գործողություն է որակել։ «Եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն, և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել։ Եվ այս տրամաբանությունը, որը զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկ», - նշել է Հայաստանի վարչապետը։ Բաքուն, մինչ այդ, պայման է առաջ քաշել՝ «խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը» Ղարաբաղից «հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսբերումն է»։ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հատուկ շեշտում են, թե իբր Բաքուն «հարվածներ է հասցնում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ»։ «Ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք Հայաստանի՛ն և Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները»։ «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ՛։ Եվ ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - կրկնել է Հայաստանի վարչապետը։ Ներքին և արտաքին որոշ ուժեր, ըստ նրա, անպայմանորեն ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ․ «Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են»։ Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով իրադրությունն այս պահին հարաբերականորեն կայուն է՝ շեշտել է Փաշինյանը։ Այնուամենայնիվ, «այս գործողության հիմնական թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողության մեջ ներքաշելն է»։ Ինչպես և սպասվում էր, այսօր տարբեր տեղերից հնչում են Հայաստանում հեղաշրջում անելու կոչեր։ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի պետությունը այս պայմաններում պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով․ «Բայց այս իրավիճակում շատ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և Հայաստանի ժողովրդից, որը պետք է սթափ և սառը վերաբերվի, ինչքան էլ որ դժվար է, ստեղծված իրավիճակին»։
Քաղաքական առևտրին կմասնակցի նաև Դոգը
Երևանի ավագանու ընտրությունները աչքի ընկան ՔՊ-ական տասովշչիկներով, ընտրողների անտարբերությամբ, անկայուն արդյունքներով և «Դոգով»։ Երեկվա ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28․46 տոկոսը՝ 234.553 մարդ։ Քվեարկության ընթացքը նշանավորվել է ընտրատասովշչիկների վերակենդանացմամբ՝ նախկին ՀՀԿ-ական, նախկին ԲՀԿ-ական զանգվածները, թաղային ջահելները, լոկալ հեղինակությունները մեծամասամբ աշխատում էին հօգուտ ՔՊ-ի։ Գործիքակազմը ստանդարտ էր և ոչ բռնի՝ զանգում էին ընտրության չեկածներին, դիմավորում եկածներին, ցուցումներ տալիս, համագործակցում յուրային հանձնաժողովականների հետ, օգտվում վարչական լծակներից և ոստիկանության լոյալությունից։ Ի՞նչ փոխհատուցում են ենթադրում նրանց ծառայությունները՝ կերևա ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքները, ամեն դեպքում, վկայում են նրանց անարդյունավետության մասին՝ ընտրողների մեծ մասը նախընտրել է չմասնակցել։ Սա պատմական նոր հակառեկորդ է։ Նախնական արդյունքները հետևյալն են՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 32.5 տոկոսը, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ 18.9 տոկոսը, Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստանը»՝ 15,4 տոկոսը, Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկրի», հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։ Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը։ Մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը. Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ Ազգային առաջընթացը, 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։ Ի՞նչ կա կոալիցիաներից Հավանական կոալիցիաներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»+«Հանրապետություն» մի կողմից, մյուս կողմից՝ «Մայր Հայաստան»+«Հանրային ձայն»+Հայկ Մարության։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ուժից և հակակառավարական խմբերից ելած «Մայր Հայաստանը» արդեն իսկ հայտարարել է Մարությանին աջակցելու հնարավորության մասին, կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել նաև նախկին ոստիկան, այժմ հետախուզման մեջ գտնվող բլոգեր Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը», որի ընտրական ցուցակի մի մասը այժմ կալանավայրերում է նստած՝ առանձնապես խոշոր չափերի շորթումների, շանտաժների, փողեր լվանալու և բլոգերի գործունեության հետ կապված այլ հանցանքների պատճառով։ Մարությանը ավելի ուշ պայմաններ է առաջ քաշել՝ աջակցել իր թեկնածությանը «առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների»։ Եթե ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն այս տարբերակին, ապա, ըստ Մարությանի, կարելի է գնալ նոր ընտրությունների։ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» Մարությանը այս առաջարկը մերժել է։ Դոգը հայտարարել է, թե այնպիսի մի փաստաթուղթ է պահանջում, «որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն»՝ այնքան ժամանակով, մինչև «Նիկոլ Փաշինյանին բանտարկեն»։ «Միմիայն փաստաթուղթ։ նստում ենք և ստորագրում ենք։ Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ կտաս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը»,- դիմելով Մարությանին՝ ասել է Ղուկասյանը։ Տեղական դիտորդական առաքելությունները՝ «Անակախ դիտորդը», «Ականատեսը», «Հայաքվեն», ահազանգել են մի շարք խախտումների մասին՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրողների ուղղորդում, տեղափոխություն։ «Անկախ դիտորդը» և «Ականատեսը», այնուամենայնիվ, պնդում են, որ այս խախտումները արդյունքների վրա ուղղակիորեն չեն ազդել։ Ընդդիմադիր «Հայաքվեն», որի անդամներին կարելի էր տեսնել քոչարյանական «Մայր Հայաստանի» նախընտրական միտինգներին, պնդում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար և ժողովրդավար լինելուց։
Դերնայից տարհանել են ողջերին. երկիրը կիսված է
Լիբիայի արևելքում «Դանիել» փոթորկի զոհերի թիվը հասել է 11 հազար 300-ի։ Նավահանգստային Դերնա քաղաքից տահանվել են բոլոր ողջ մնացածները, փրկարարները և ոստիկանները մաքրում են ցեխը, ավերված շենքերը և հավաքում զոհերի աճյունները։ Հայտնաբերված մարմինները թաղվում են Դերնայից դուրս գտնվող զանգվածային գերեզմաններում: Աղետը տեղի է ունեցել այս շաբաթասկզբին՝ հորդառատ անձրևների և հաջորդած հեղեղների հետևանքով փլուզվել են երկու (վթարային) ամբարտակները, քաղաքի զգալի մասը մնացել է ջրի տակ: Աղետի հիմնական պատճառը հենց ամբարտակների փլուզումն է՝ դրանց շինարարությունը ընթացել է խախտումներով, պատշաճ վերանորոգում չի արվել։ Փորձագետների գնահատմամբ՝ քաղաքային շրջաններից շատերը կարող էին վերապրել այս աղետը, եթե շենքերը կառուցվեին նավահանգստային բնակավայրերի քաղաքաշինական նորմերին համապատասխան։ Իրական կորուստների կարող են գերազանցել Կարմիր խաչի հրապարակած տվյալները։ Դերնայի քաղաքապետ Աբդուլմենամ Ալ-Հայիթը խոսում է շուրջ 20 հազար զոհերի մասին։ Հազարավոր մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում։ Ծովից ամեն օր նոր մարմիններ են տարհանում։ Բազմաթիվ կյանքեր հնարավոր կլիներ փրկել, եթե Լիբիայի հակամարտող երկու վարչակազմերը ադեկվատ գնահատեին վտանգները, վերանորոգեին վթարված ամբարտակները կամ գոնե օպերատիվորեն արձագանքեին շաբաթվա սկզբին տեղի ունեցած ողբերգությանը՝ հայտարարել են ՄԱԿ-ից։ Ավելի քան մեկ տասնամյակ է՝ Լիբիան պառակտված է երկու «կառավարությունների», պարբերաբար էսկալացվող ներքին հակամարտությունների և արտաքին միջամտությունների պատճառով։ մարդածին աղետ Տրիպոլիում տեղակայված վարչակազմը ընդունել է՝ մասշտաբային աղետի պատճառներից մեկը քաղաքական անկայությունն ու թուլացած պետական ինստիտուտներն են։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Համաճարակաբանները զգուշացնում են՝ աղտոտված ջրի պատճառով երկրում ինֆեկցիոն հիվանդություններ են տարածվելու։ Արդյոք պետությունը կկարողանա կառավարել աղետի հետևանքները՝ պարզ չէ։ Լիբիան չոր կլիմա ունի, առատ տեղումներ այստեղ հազվադեպ են լինում։ Երկրի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, կիրակի օրը Դերնայում ռեկորդային՝ մոտ 400մմ տեղումներ են եղել (սովորաբար ողջ սեպտեմբերի ընթացքում այս ցուցանիշը չի գերազանցում 1․5 միլիմետրը)։ Կլիմայական փոփոխությունները ազդում են ողջ տարածաշրջանի վրա։ Անցյալ շաբաթ նույն՝ «Դանիել» փոթորիկը մեծ ջրհեղեղներ է բերել նաև Հունաստանում և Թուրքիայում։ Կանխատեսվում է, որ փոթորիկները կարող են կրկնվել։ Դերնայի ամբարտակները կառուցվել են 1973-77 թվականներին՝ հնացած նորմատիվներով։ Անցյալ տարի էլ հիդրոլոգները նախագզուշացնում էին՝ ամբարտակները հրատապ վերանորոգման կարիք ունեն։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում դրանք չեն նորոգվել՝ երեքշաբթի օրը հայտարարել էր Դերնայի փոխքաղաքապետ Ահմետ Մադրուդը։ Դրանք վթարային վիճակում էին։ Փորձագետները ենթադրում են, որ հնացել են նաև երկրի՝ վաղ ահազանգման համակարգերը և արտակարգ իրավիճակներին արձագանքելու պրոտոկոլները։ Ավելի վաղ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել էր, որ փորձել է աջակցել լիբիական իշխանություններին՝ օդերևութաբանական համակարգերը արդիականացնելու հարցում, «բայց այդ ջանքերը ձախողվել են կազմակերպության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող հանգամանքների պատճառով»։ որբացած արևմուտք 1969-ի հեղափոխությունից, 2011-ին մեկնարկած քաղաքացիական պատերազմից, Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո էլ քաղաքացիական բախումները երկրում շարունակվել են։ 1969 թվականից Լիբիայի արևելյան շրջանները գրեթե զրկվել են ներդրումներից։ Արևելքում գնդապետին Կադդաֆիին չէին սիրում, սեփական իշխանության համար բազա ստեղծելիս՝ նա հիմնվում էր ավելի շուտ Լիբիայի արևմուտքում ապրող խմբերի վրա, որոնց էլ հասնում էր պետական սուբսիդիաների զգալի մասը։ Կադդաֆիից հետո էլ իրավիճակը չի բարելավվել։ Արդեն տասը տարուց ավել է՝ Լիբիայում երկու «կառավարություն» կա, մեկը՝ արևելքում, մյուսը՝ արևմուտքում։ Կադդաֆիին գահընկեց անելուց հետո՝ 2011-ից, Լիբիայում իշխանության համար մի քանի խմբավորումներ են պայքարում։ 2014-ին՝ բևեռների միջև զինված բախումներից հետո, երկրում երկու զուգահեռ վարչակազմ է ձևավորվել։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված և Արևմուտքի հովանավորությունը վայելող կողմը՝ Տրիպոլիի Ազգային միասնության կառավարությունը գլխավորում է վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհը։ Նա պաշտոնի է անցել 2021 թվականին՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ կայացած համաձայնության հիման վրա, ըստ որի՝ մի քանի ամսվա ընթացքում երկրում համընդհանուր ընտրություններ պետք է կայանային։ Այդ ընտրությունները, սակայն, առ այսօր տեղի չեն ունեցել։ Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհը, Anadolu Agency Մյուս բևեռը՝ Ներկայացուցիչները պալատը, տեղակայված է Տոբրուկում՝ Տրիպոլիից մոտ մեկ հազար կիլոմետր հեռավորության վրա։ Տոբրուկի վարչակազմը վերահսկում է Լիբիայի արևելյան շրջանները և հարավայի տարածքի մի մասը (հիմնականում անմարդաբնակ անապատներ)։ Այսպես կոչված Ներկայացուցիչների պալատը գլխավորում է վարչապետ Ուսամա Համադը, որի նստավայրը Բենգազում է։ Շատերը կարծում են, որ արևելքի իրական իշխանը, սակայն, գեներալ Խալիֆ Խաֆթարն է, որը առաջնորդում է Լիբիայի ազգային բանակ անվանումը կրող հզոր աշխարհազորը։ Նրան աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։ Իսլամիստ զինյալների կողմից գրավված Դերնա քաղաքը 2014 թվականին պաշարվել էր Խաֆթարի բանակի կողմից։ 2018-ին նավահանգստային քաղաքը անցել էր նրա վերահսկողության ներքո։ գեներալ Խալիֆ Խաֆթարը, AFP Լիբիան մեծ և հարուստ երկիր է՝ համամետաբար փոքր բնակչությամբ։ Քաղաքացիական երկարամյա պատերազմի, զինված բախումների հետևանքով ենթակառուցվածքների զգալի մասը խաթարվել են, ինստիտուտները՝ թուլացել։ Երկու վարչակազմերից և ո՛չ մեկը ի վիճակի չէ ստանձնել երկրի ամբողջական կառավարումը, նրանք ավելի շատ հետաքրքրված են սեփական իշխանությունը վերարտադրող զինված խմբավորումներ ստեղծելով և ֆինանսավորելով։ Երկնագույնով՝ Տրիպոլիի Ազգային միասնության կառավարության, դեղինով՝ Ներկայացուցիչների պալատի, կանաչով՝ այլ զինված խմբավորումների կողմից վերահսկվող տարածքները
«Պատերազմը չի ավարտվել». Ամերիկան հեռու է, Ռուսաստանը՝ մոտիկ
Վաշինգտոնը չի հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ ամերիկյան Սենատում երեկ հայտարարում էր Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումներ էին հրավիրել։ Նիստը բացել էր հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը․ «Խանութների դարակները դատարկ են, շտապօգնության մեքենաները բենզին չունեն, վիժումների թիվը եռապատկվել է, ըստ BBC-ի ռեպորտաժի՝ մահերի մեկ երրորդի պատճառը թերսնումն է»։ Սենատորների հարցերին պատասխանում էր Պետդեպի ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Ի՞նչ է անում Միացյալ Նահանգները՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը և «զանգվածային սովամահությունը» կանխելու համար; ինչո՞ւ գործադիրը չի քննարկում 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը (որով արգելվում օգնություն ցուցաբերել Ադրբեջանին) վերականգնելու հարցը; ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարտադրել բացել Լաչինի ճանապարհը և այլն։ Ամերկյան կողմը Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ՝ պատասխանում էր Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան։ Առաջինը՝ Լաչինի միջանցքը պետք է անվերապահորեն և անհապաղ բացվի: «Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ <...> Այս հարցում ստատուս քվոն մեզ համար բացարձակ անընդունելի է։ <...> Մենք կանգ չենք առնի, մինչև լուծում չգտնենք, այդ միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության, բեռների փոխադրության և մասնավոր երթևեկության համար։ <...> անմիջականորեն ներգրավված ենք, որպեսզի առաջ մղեն Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միաժամանակ բացումը։ Նախագահ Ալիևը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտնել են, որ համաձայն են այս պայմանավորվածությանը։ Այդ պայմանավորվածությունը այլևս չպետք է հետաձգվի», - հայտարարում էր պետքարտուղարի տեղակալը։ Միացյալ Նահանգները, ըստ նրա, «չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»․ «Ադրբեջանը պետք է միջազգայնորեն հաստատված երաշխիքներ տրամադրի, որ հարգում է իրավունքները, և որ նրանք կարող են ապրել իրենց տներում առանց վախի։ Ուզում եմ հստակ մի բան հայտարարել՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, որ էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ իրականացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ», - ասում էր Քիմը։ Լսումներին ավարտին հարց է հնչել՝ ինչո՞ւ է Ալիևն անտեսում կոչերը և փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի ցանկանում դիմել ավելի կոշտ քայլերի՝ քննարկել անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Քիմը պատասխանել է, թե գերադասում է այդ մասին չխոսել բաց լսումներում։ Մինչ այս Վաշինգտոնից տեղեկացրել էին՝ ալիևյան ռեժիմի դեմ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունեն։ կոնտեքստից Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարման ֆոնին Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում հետզհետե աճում է։ Մոսկվան սա մեկնաբանում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված քայլ, Երևանը շեշտում է՝ կարգավորման գործընթացում տարբեր դերակատարներ են ներգրավված, մենաշնորհ այդտեղ ոչ ոք չունի, Հայաստանը ներգրավված է բոլոր միջնորդական հարթակներում։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջերս հրապարակային լարում է նկատվում՝ Երևանը խոսում է ռուսական կողմի դաշնակցային պարտավորությունների, ռազմական պայմանագրերի չկատարման, եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների փաստացի չեղարկման մասին։ Ռուսաստանից ի պատասխան հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց Հայաստանն է, որը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և փաստացի փակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման։ Եվ չնայած ռուսական առաջարկները՝ առկախել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, անցյալ տարի կտրականապես մերժվել էին (ոչ թե հայկական, այլ) ադրբեջանական կողմից, պաշտոնական Մոսկվան այդ առաջարկի տապալման բեռը դնում է Երևանի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս արձագանքել էր՝ եթե չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատերազմը կանխել չէր լինի. «2022 թ․ օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տարածաշրջան է բերել ՌԴ առաջարկությունը, ըստ որի՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Խովաևը պատասխանը ստանալու համար տարածաշրջան է եկել սեպտեմբերին… սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն, ՀՀ-ի գրավոր եւ բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ եւ պայմանագրով սահանված պարտավորությունները, չեն արձագանքել: …Հոկտեմբերի 6-ին Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է ՀՀ տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը»: մեկնաբանություն Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ չնայած լրատվական ֆոնին, Հայաստանի հարաբերություններն այսօր ավելի բարդ են ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ․ «Իտալական եւ ամերիկյան պարբերականներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցների բովանդակությունն ու շեշտադրումները հուշում են, որ այսօր Հայաստանը շատ ավելի բարդ հարաբերության մեջ է այսպես ասած Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ: Ի՞նչն է այդ բարդ հարաբերության «հիմքում»: Այն, որ Հայաստանը փորձում է հնարավորինս նրբորեն առարկայացնել Արեւմուտքի պատասխանատվությունը անվտանգության մեր միջավայրի համար, իսկ Արեւմուտքը չի ուզում դա: Արեւմուտքն ուզում է ունենալ հնարավորինս շատ ներկայություն եւ հնարավորինս քիչ պատասխանատվություն, այդ կերպ լինելով հեռվի խաղացող եւ միաժամանակ դրա՝ նվազ պատասխանատվության շնորհիվ առավել անբռնազբոս լինելով ռեգիոնալ խաղացողների հանդեպ: Այդ իսկ պատճառով, որքան Հայաստանը ցույց տա, որ պատրաստ է ընդհուպ Ռուսաստանի դժգոհությունը հարուցելով կատարել արեւմտյան օրակարգին համահունչ քայլեր, այդքան Արեւմուտքը պահանջելու է ավելին: <․․․> Պահանջելու է՝ լավ իմանալով, որ Հայաստանի համար այդ ռետինը չունի անվերջ առաձգականություն, եւ Երեւանը կամ ինչ որ կետում դադարելու է ձգել, կամ ռետինը կտրվելու է, սակայն ցավոտ հարվածը զգալու է միայն Հայաստանը: Արեւմուտքի առավելությունն այստեղ պատասխանատվության հնարավորինս նվազ եւ ընդհանրական, այսպես ասած վերացական հանգամանքն է: Որքան պատասխանատվությունն առարկայանա, այնքան այդ առավելությունը նվազելու է, որովհետեւ այս ռեգիոնի առնչությամբ որեւէ մեկ առանձին վերցրած ուժի համար անվտանգության միջավայրի պատասխանատվություն ստանձնելը անհնարին է, առավել եւս, եթե խոսքն արտառեգիոնալ ուժի մասին է: Դա նաեւ պատճառը, որ բավականին աշխույժ միջնորդելով Հայաստանի եւ Բաքվի միջեւ, Վաշինգտոնն այդուհանդերձ առավելագույնն է անում որպես միջնորդ պատասխանատվությունից հեռու մնալու համար եւ հայտարարում, թե ինքը ընդամենը պայման է ստեղծում երկու կողմի ուղիղ խոսակցության համար: Հայ հանրության մի մեծ մասի հետ այս թեմայով խոսակցությունը թերեւս անիմաստ է, որովհետեւ մարդկանց գնահատումները հիմնականում կաղապարվել են արեւմտամետ-ռուսամետ, հակաարեւմտյան եւ հակառուսական «չափանիշների» շրջանակում: Իշխանության համար սա խնդիր է, բայց, ըստ ամենայնի հաշվարկում է, որ ավելի դյուրին է թերեւս ձգտել օգտվել թեկուզ խնդրահարույց այդ կաղապարումների միջավայրից, քան աշխատել այդ միջավայրը փոխելու ուղղությամբ, ինչը կարող է նույնիսկ ռիսկի ենթարկել սեփական իշխանությունը: Այդ իրավիճակի փոփոխությունը թերեւս ենթադրում է մի կարեւոր պայման՝ չհավակնել իշխանության, կամ այդ հավակնությունից բխող ֆինանսական հոսքերի այս կամ այն «խնամակալության»: Դա չափազանց բարդացնում է խնդիրը, առավել եւս այսօրվա հասարակական-տնտեսական հարաբերությունների պայմաններում, որոնք ինքնին ճնշում են ցանկացած անշահախնդրության հանդեպ: Առավել շահեկան եւ գերադասելի է համակարգչի կամ հեռախոսի առաջ նստած, մատների մեկ-երկու շարժումով կամ մեկ-երկու մատների շարժումով տիեզերակալ լուծումներ երկնելը: Այդպիսի ցանկացած լուծում անկասկած կգտնի երկրպագուների իր բանակը», - գրել էր Բադալյանը։
Մյուս տարվանից բանակը կհավասարեցնի նաև կանանց
Կանանց առաջին զորակոչը նախատեսվում է 2024 թվականի ձմռանը, բայց պաշտպանության նախարարությունը ավելի մեծ ակնկալիքներ ունի․․․
Սերժ Սարգսյանի դեպի կազինոներ թռիչքներն օրինական են ճանաչվել
Քրեական գործը կարճվել է
Ալեքս Ավանեսյանը տան միակ զավակն էր․ հայկական բանակը շարունակում է սպանել
Վերջին մեկ ամսում հայաստանյան Զինված ուժերում արդեն 9-րդ ոչ մարտական մահն է գրանցվում...