Թեև Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ընտանեկան բռնության խնդիրներին վերաբերող օրենքը, կանայք և երեխաները կշարունակեն անպաշտպան մնալ, քանի դեռ Կառավարությունն արմատականորեն չի փոխել ոստիկանության վերաբերմունքը բռնության դեպքերի հանդեպ և չի սկսել հասանելի, որակյալ ծառայություններ տրամադրել բռնության զոհերին։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Կազմակերպությունը խոսել է Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած 12 կնոջ հետ։ Նրանք պատմել են, որ իրենց ամուսինները կամ զուգընկերները ծեծել, բռնաբարել են իրենց, հարվածել են կահույքի պարագաներով և այլ առարկաններով, փակել են տանը, հետապնդել են, սպառնացել են, դանակով կամ այլ կտրող գործիքներով սպանության փորձ են իրականացրել։ Կանանցից 5֊ն ասել են, որ իրենց ծեծել են նաև հղիության ընթացքում, 3֊ը կորցրել են երեխաներին ծեծի հեևանքով։
Հարցազրույց տված կանայք նաև նշել են, որ երբ իրենք դիմել են ոստիկանություն կամ այլ մարմինների, այդ իշխանություն ունեցող մարմինները ոչինչ չեն արել հետագա բռնությունը կանխելու համար, չեն քննել բռնության մասին հաղորդումները, պատասխանատվության չեն կանչել բռնարարներին։ Հակառակը, կանանց հորդորել են հետ վերցնել բողոքները։
Կանայք ասել են, որ իրենք շարունակել են ապրել բռնություն ենթարկող ամուսինների հետ, քանի որ փախուստի տեղ չեն ունեցել։ Այս պահին Հայաստանում կա ընդամենը երկու կացարան՝ բռնության զոհերի համար, երկուսն էլ մայրաքաղաք Երևանում։ Դրանցից յուրաքանչյուրը կարող է ապաստանել միայն 5 կնոջ և նրանց երեխաներին։ Եվրոպայի խորհրդի չափանիշներով՝ ամեն մարզում գոնե մեկ մասնագիտացված կացարան պետք է լինի, յուրաքանչյուրը 10.000 հոգու ապաստան տալու հնարավորությամբ։
Նոր օրենքով Կառավարությունը պետք է ստեղծի նոր կացարաններ, սակայն օրենքը չի հստակեցնում՝ քանի հատ և ինչ հնարավորություններով։
Օրենքը սահմանում է ընտանեկան բռնությունը որպես «ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական բռնության գործողություն» ընտանիքի անդամների միջև: Պարզ չէ, սակայն, արդյոք օրենքը գործելո՞ւ է այն զույգերի համար, ովքեր չգրանցված ամուսնության մեջ են գտնվում։