Հունվարի մեկից մեքենաների գազալցման սակագները բարձրացել են՝ շուրջ 600 դրամով ամեն լիցքավորման համար, իսկ վառելիքի որակն ընկել է։ Այս իրավիճակում տուժում են երթուղայինների վարորդները, քանի որ գծատերերը իրենց ոչ պաշտոնական հարկը՝ «գծի փողը» չեն իջեցնում։ Երթուղայինների վարորդները գծի տերերին օրական վճարում են 12-15 000 դրամ անկախ նրանից՝ քշել են այդ օրը, թե ոչ և ինչ եկամուտ են ստացել։ Իրավիճակը ստիպել է վարորդներին դուրս գալ բողոքի։
«Մենք հիմա էլ ստեղ բողոքելով, սաղս մինուս են գնում», – ասել է վարորդներից մեկը՝ Մալաքիա֊Սեբաստիա թաղամասում գազի թանկացման դեմ ակցիայի ժամանակ։ Նրանք Երևանի քաղաքապետարանից եկած պաշտոնյաներին ասել են, որ իրենց միակ խնդիրը գազի թանկացումն է։ «Գծատերից ի՞նչ ուզեմ։ Ինքը իրա փողը չի թանկացրել, գիծը նորմալ աշխատացնում է», – ասել է մյուս վարորդը։
«Եթե առաջ 6000 դրամով զապրավկա էինք անում, քշում էինք 5 ռեյս, հիմա 8000 դրամով՝ 4 ռեյս։ Մենակ չի թանկացել, որակն էլ է ընկել»։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հանդիմանել է վարորդներին․ «Այո, կա թանկացումներ։ Չենք կարող ասել՝ նման բան չկա։ Բայց, հարցը էսպես չեն լուծում»։ Չինովնիկն ասել է, որ խոսել է երթուղիների սպասարկողների հետ, և բոլոր վարորդները չէ, որ բողոքում են, այլ ամեն գծից մեկ կամ երկուսը, «մյուսները քշում են»։ Նա ասել է, որ հարցի լուծումը քննարկվում է «վերևներում»։
Լրագրողներից և պաշտոնյաներից հեռու մի քանի վարորդներ պատմում էին, որ հանրային բողոքը որոշ չափով համաձայնեցված է գծատերերի հետ, որոնք թույլատրել են պահանջել գազի գնի իջեցում և ուղեվարձի բարձրացում։ Վարորդ․ «Իրանց բաժին փողը չպետք է պակասի, բայց գործ անողը ես եմ՝ իմ առողջության հաշվին։ Գծատերը հենց իրանց շեֆերն են՝ Տարոնից և Գալուստ Սահակյանից սկսած և դեպուտատ ու կագեբեշնիկներով վերջացրած։ Իրանք ի՞նչ գործ են անում տրանսպորտի համար։ Եթե գծի փողը կրճատեք, ուղեվարձը նույնիսկ կարելի է իջացնել կամ էլ կանգնած մարդ չվերցնել»։
Տրանսպորտի գծով քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը հորդորել է բողոքի մասնակիցներին վերադառնալ իրենց գծեր՝ աշխատանքի։ «Մենք լուծում կտանք՝ սպասարկողների (գծի տերերի) հետ քննարկումներով»,֊ ասել է Գևորգյանը։ «Սաղ օրը քշել եմ երեկ, առանց մի կոպեկի մտել եմ տուն։ Դուք մի օր աշխատեք, փող չստանաք, հաջորդ օրը կգնա՞ք գործի», – վարորդի հարցը մնաց օդում կախված։ Ավելին՝ քաղաքապետարանի աշխատակիցները բողոքողների մեքենաներից մի քանիսի երթուղային ցուցանակները պոկել և տարել էին։ Դրանց բացակայության պարագայում վարորդներ չեն կարող աշխատել։
Երթուղայինների վարորդները նշել են, որ գազի թանկացումը վերջին կաթիլն էր․ թանկացել են նաև մեքենայի յուղը, վերանորոգման ծախսերը վթարներից հետո, որոնք իրենք են հոգում, ոչ թե գծատերը։
«Մենք ունենք ընդամենը 3 ազատ օր ամսվա մեջ, որն էլ ստիպված ենք ծախսել մեքենան տանել-վերանորոգելու վրա: Առնվազն ամիսը երկու անգամ մի բան փչանում է: Ամեն օրվա համար գծի տիրոջը տալիս ենք 15000 դրամ, ամեն օր ինձ եկամուտ է մնում 2-3 հազար դրամ: Եթե մի օր չքշեմ, ասենք՝ հիվանդ լինեմ, կամ ավտոն էլի փչացած լինի, ես մեկ է գծի տիրոջ 15000 դրամը պիտի տամ իմ գրպանից», – ասել է վարորդը:
լուսանկարը՝ վարորդների 2014-ի դեկտեմբերի բողոքի ցույցից