Ազգային ժողովի նիստի ուղիղ հեռարձակումը։ Նիստի ընթացքում հնչած ելույթների տեքստային տարբերակը տեսանյութի տակ։
13:33 Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետ՝ 59֊42 ձայների հարաբերակցությամբ։
13:20 Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար․ «Մեր խմբակցության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։ Այն, ինչ ասել եմ մեր նախորդ ելույթների ժամանակ, նույն է։
Աննախադեպ իրավիճակ է հանրապետությունում, մարդիկ դուրս են եկել իրար դեմ, բաժանվել են սևերի և սպիտակների։
Ամենուր թշնամանքի մթնոլորտ է։ Ապրիլի 30-ին, այնուհետև մայիսի 1-ին վարչապետի թեկնածուին ՀՀԿ պատգամավորները բազմաոլորտ հարցեր էին ուղղում հետևյալ պատճառով՝ մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրի և ժողովրդի ապագայի և անվատանգության համար։ Մեզ հետաքրքրում է ավանդական արժեքների պահպանման հարցը և երկրի տնտեսական զարգացումը։
Մեզ համար չափազանց կարևոր էր հասկանալ, թե արդյոք վարչապետի թեկնածուն կարող է իր ուսերի վրա վերցնել այդ բեռը, թե մեր ժողովուրդը ապրելու է իսկական քաոսի մեջ։
Այդ մտավախությունները չվերացան, Աստված տա՝ սխալվեմ։
Այուհանդերձ, ինչպես հայտարարվել էր, ՀՀԿ խմբակցությունը կօժանդակի վարչապետի ընտրության հարցում։ Խնդրում եմ՝ տարբերել այս հայտարարությունը նախորդից, ոչ միայն չի խոչնդոտի, այլ նաև կօժանդակի։ Հավատարիմ ենք մեր խոսքին։
Մեզ համար անընդունելի է թշնամանքի այն մթնոլորտը, որ տիրում է ամենուր՝ սեր և հանդուրժողականության բառերի տակ քողարկելով իրողությունները չեն փոխվում։
․․․ Դուք հատել եք անձնականի սահմանը, թույլատրելի գիծը, և դժվար թե քաղաքականությամբ դա մաքրեք։ Բայց բոլոր դեպքերում հորոդորում ենք հանուն երկրի փորձել վերցնել համատարած այս ատելությունը։
Մի՛ խառնեք այս ամենին դպրոցահասակ երեխաների, ատելություն մի՛ սերմանեք ապագա սերունդենրի մեջ։ Քաղաքականությունը մի՛ տարեք դպրոց։
Պարո՛ն Փաշինյան, կարճ ժամանակ անց կընդունեք, որ բազմաթիվ վիրավորական արտահայտությունների մեջ սխալվել եք։
ՀՀԿ կուսակցության դիրքորոշումը միասնական է ՝ ՀՀԿ խմբակցությունը դեմ է, բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով արդեն նշված գործոնները, Հանրապետական խմբակցությունից 10+1 անձ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որ դառանա վարչապետ։
Այդ 10 անձին նույնպես կիսում են Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, պարզապես մենք հորդորել ենք, որ կողմ քվեարկեն։ Այն պատգամավորներին, որ կողմ են քվեարկելու, չդիտարկեք ձերը կամ անկախ պատգամավորներ և չանձնավորեք նրանց, նրանց փոխարեն այլ պատգամավորներ կարող էին քվեարկել»։
13։00 Լենա Նազարյան․ «Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ցույց տվեց, որ ի զորու է գործել որպես ինքնիշխան պետություն։ Միայն ու միայն Հայաստանի ժողովուրդն է որոշել, թե ով է լինելու պետության ղեկին և միակ սուբյեկտը, որին պետության ղեկավարը պատասխանատու է Հայաստանի ժողովուրդն է։
Այս ժողովրդական հեղափոխությունն ի գիտություն ներկա և ապագա բոլոր իշխանություններին հայտարարում է, որ երբ կառավարությունը ոտնահարում է մարդկանց իրավունքները դիմադրության իրավունքը գերակայում է մնացած իրավունքների հանդեպ, իսկ անհնազանդությունը դառնում է ոչ միայն բոլորիս իրավունքը, այլև պարտավորությունը։
Քաղաքացիները ոչ միայն կարող են, ոչ միայն իրավասու են, այլև պարտավոր են չհնազանդվելու և չհանդուրժելու իրավունքի խախտումը»։
12:30 Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ հեղափոխությունը մի բացառիկ հնարավորություն է, որը պետք է ծառայեցվի ժողովրդի շահերին։
«Ուզում եմ սիրո և զորակցության ուղերձ հղել Արցախի հանրապետությանը և նրա հերոսական ժողովրդին։ Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն ոչ մի վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար։ Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է և, ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե֊ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի ինքնորոշման իրավուքի դե֊յուրե միջազգային ճանաչումը»,֊ ասել է Փաշինյանը։
Նա խոսել է իր ընտրվելու դեպքում կազմավորվելիք կառավարության օրակարգի մասին․
«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, և վերջ։ Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառքներ չեն լինելու, և վերջ։ Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, և վերջ։ Յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով, և վերջ։ Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, և վերջ։ Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, և վերջ։ Երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան, և վերջ։ Հաստատվելու է օրենքի և իրավունքի գերակայություն, և վերջ։ Որևէ մեկը թող չկասկածի, որ նույնիսկ անցումային շրջանում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու։ Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների, առանց սեփականության վերաբաշխման։ Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում», ֊ ասել է Փաշինյանը։
Նա ասել է, որ պարտրաստ է բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, սակայն պետք է վերականգնվի Արցախի մասնակցությունն այդ բանակցություններին։
Փաշինյանը դատապարտել է ժամկետային զինծառայողների առաջնային ծախսերը նրանց ծնողների վրա թողնելը․ «Պետությունը պարտավոր է զինվորին ապահովել ամեն ինչով՝ որակյալ սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով։ Նույնիսկ անհարմար է, որ հայոց հաղթանակած բանակի զինվորի օրակարգում այսպիսի խնդիր կա։ Կատարելապես անթույլատրելի է նաև, որ հակառակորդի գործողության հետևանքով կամ խաղաղ պայմաններում զինվորի զոհվելու մասին տեղեկությունները դառնան աչքի համար սովորական լրահոսի վերնագիր։ Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպ պետք է մանրամասն և պրոֆեսիոնալ քննության առարկա դառնա։ Եվ հանրությունը պետք է բավարար չափով տեղեկացված լինի այս ամենի մասին։ Հանրությունը պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր և նույնիսկ անհնար ամեն ինչ անում է զինվորի կյանքն ու անվտանգությունը ապահովելու համար»։
Կրթության ոլորտում, Փաշինյանի խոսքով, խնդիր է կրթական հաստատությունների կուսակցականացումը․ «Ազատ քաղաքացին ինքը թող որոշի իշխանամետ է ուզում լինել, ընդդիադիր, թե ապաքաղաքական։ Ընդ որում, երեք տարբերակն էլ պետք է հասանելի լինեն և հանդուրժվեն միջավայրի կողմից։ Միայն այդպիսի պայմաններում է հնարավոր Հայաստանի կրթական համակարգը վերադարձնել կրթական պրոցեսի բնականոն հուն, որտեղ մարդիկ գալիս են գիտելիք ու հմտություն ստանալու, ստեղծագործական միտքն ու ճկունությունը զարգացնելու, ոչ թե կուսակցական կամ խմբային ցուցակներում ընդգրկվելու։ Հայաստանի բուհերին պետք է տրվի լիարժեք ակադեմիական ինքնակառավարում»։
Փաշինյանն ասել է, որ կանանց աննախադեպ մասնակցությունն է հնարավոր դարձրել թավշյա հեղափոխությունը․ «Մենք պետք է լրջագույն ջանքեր գործադրենք, որ կանանց ընթացիկ ակտիվությունը շարունակի նորանոր դրսևորումներ ստանալ մեր հանրային, պետական կյանքում։ Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որ կանայք ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական և հանրային գործունեության մեջ, որովհետև վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ այդ ակտիվությունը լիովին համատեղելի է մեր ազգային ինքնության, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ»։
12։10 Լենա Նազարյան, Ելք խմբակցություն․ «Հայաստանի քաղաքացիները, որոնք տարիներ շարունակ իրենց ճնշվածությունը, մերժվածության, անարդարության չլսված և խաբված լինելու զգացումը ապրել և կիսել են միայնակ՝ իրենց ընտանիքի և ընկերների հետ, այդ ճնշվածությունը հանեցին փողոց, սակայն այդ վախի և ճնշումների հաղթահարումը չվերածվեց բռնության, այլ վերափոխվեց պայքարի ցնծությամբ, միասին գործելու ոգևորությամբ։ Տարբեր գաղափարների և սոցիալական խավերի մարդիկ հստակ ձևակերպեցին իրենց համերաշխությունը՝ ազատ և արդար Հայաստան կերտելու նպատակով»։
Այնուհետև Նազարյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը։
12:00 Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում։
11։00 ՀՀ Ազգային ժողովն այսօր 12։00-ից սկսելու է քննարկել Հայաստանի վարչապետի հարցը։ Միակ թեկանծուն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ժողովրդական թեկանծուին։ ԱԺ֊ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ կապահովի անհրաժեշտ ձայների քանակը, որպեսզի Հայաստանը նոր վարչապետ ունենա։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը։
Երեկ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց առջև՝ հայտարարելով, որ իր ընտրությունն 95 տոկոսով ամրագրված է։ Նա մարդկանց խնդրել է մայիսի 8-ին, 11։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում և ուղիղ հեռարձակմամբ հետևել Ազգային ժողովի նիստին։
Հանրապետության հրապարակում երեկ ներկա է եղել նաև ամերիկացի հայազգի ռոք֊երաժիշտ Սերժ Թանկյանը, որը երեկ երեկոյան էր ժամանել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրել է, որ Սփյուռքում հայերը ուշադիր հետևել են հայաստանյան իրադարձություններին և «երկու շաբաթ չեն քնել»։