Հոկտեմբերի 3 գիշերը՝ արտահերթ ընտրություններին խոչընդոտող պատգամավորների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ իրեն Ազգային ժողովի այգում սպասող ժողովրդի առջև։
Մինչև Փաշինյանի ելույթի մանրամասներին անդրադարնալը նշենք, որ այսօր առավոտյան Հանրապետական խբմակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ գիշերվա հանդիպումը բանակցություններ չեն համարում և պատրաստ են չառաջադրել վարչապետի իրենց թեկնածուին, եթե արտահերթ ընտրությունները կայանան մյուս տարվա մայիսին, այլ ոչ թե դեկտեմբերին, ինչպես ասել էր Փաշինյանը։
Վերադառնանք գիշերվա ելույթին, որում Փաշինյանը, կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, մասնավորապես, ասաց․
– Կարծես թե, խմբակցություններն ասեցին, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Եթե սխալ եմ ընկալել, իրենք թող իրենց հարցազրույցներում ասեն՝ չէ, մենք վարչապետի թեկնածու առաջադրելու ենք կամ կքննարկենք՝ առաջադրելու ենք, թե չենք առաջադրելու։
Իրենք հարց են դնում՝ ո՞րն է հիմնավորումը, որ հիմա պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արդյոք դրա պատճառը ներդրումներն են, արդյոք տնտեսությունն է, քաղաքական որոշակիությունն է, նույնիսկ հարց եղավ՝ արդյո՞ք դրա պատճառը Ղարաբաղի հարցն է։ Տարբեր վարկածներ։ Ես ասեցի՝ էսօր կա գլխավոր պատճառը․ այ էս իրավիճակն ի՞նչ է [ձեռքն ուղղում է հավաքվածների կողմը]։ Էս իրավիճակը վկայում է, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է օր առաջ հանգուցալուծվի։ Ճգնաժամի էությունը հետևյալն է․ երկրում հաստատվել է Ազգային ժողով, որը չի՛ ներկայացնում Հայաստանի ժողովրդին, չի՛ ներկայացնում քաղաքացիներին։ Եվ հետևաբար, այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն է։
Ես արձանագրեցի մեր դիրքորոշումը՝ նաև ինձ իրավունք վերապահելով ասելու, որ դա նաև ձե՛ր դիրքորոշումն է։ Եվ ես ինձ իրավունք եմ վերապահել ներսում խոսել ձեր անունից․․․
Ես ասացի, որ մեր ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է․ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին։ Հարց է հնչում․ իսկ ինչո՞ւ չեն կարող այդ ընտրությունները տեղի ունենան մայիսին։ Ես դրա համար բերել եմ երկու հիմնական պատճար․ արդեն ասեցի, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, և եթե որևէ մեկն ասում է՝ եկեք ընտրություններն անցկացնենք մայիսին, նշանակում է ասում է՝ երկրում քաղաքական ճգնաժամը 7-8 ամիս էլ շարունակենք, լավ էլ ճգնաժամ է, վռազելու ի՞նչ ունենք։
Երկրորդ պատճառը․ ես ասացի, որ մեկ ամսից ավել է՝ զգում եմ, որ երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան։ Ով էս ընթացքում մեզ հետ շփվում ա, նամակ ա գրում, զանգում ա, մենակ մի բան ա ասում․ շուտ արեք արտահերթ ընտրություններ։ Էսօր որպես վարչապետ ես զգում եմ մարդկանց հստակ պահանջը։ Ով ինչից խոսում է, ասում է՝ արտահերթը երբ եք անում, շուտ արեք, էլ նեռվեր չկա։ Դրա համար կա նաև օբյեկտիվ պատճառ․ անընդհատ հանրապետական և ոչ հանրապետական քաղաքական գործիչներ ինչ-որ բաներ են խոսում, որոնց հիմքում ոչինչ չկա․․․ Ես նրանց էլ ասացի՝ նյարդայնացնում եք մարդկանց, գրգռում եք մարդկանց անիմաստ։
Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին։ Իսկ ինչո՞ւ դեկտեմբերին, այլ ոչ նոյեմբերին կամ հոկտեմբերին։ Որովհետև տրամաբանորեն, եթե մենք շատ ափալ-թափալ չշարժվենք, ավելի շուտ անցկացնելու հնարավորություն չկա։ Սահմանադրությունը պահանջում է յոթ պլյուս յոթ օր, այսինքն 14 օր պիտի անպայման տրվի վարչապետի թեկնածու առաջադրելու համար, որպեսզի վարչապետ չընտրվի, որ դա արդեն իրավունքի ուժով նշանակի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրանք նշանակվում են էդ երկրորդ անգամ վարչապետ չընտրվելուց հետո ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում, այսինքն՝ ավելի շուտ, քան 30 օր, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում։
Վարչապետը հարցրեց, թե այս ընթացքում ինչ էր կատարվում մարզերում, ինչին ի պատասխան ասացին, որ տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունենում, ինչպես նաև շատերը եկել են մայրաքաղաք՝ ԱԺ շենքի մոտ ակցիային մասնակցելու համար։
Խոսելով այն մասին, թե այսպիսով ինչ քաղաքական խնդիր լուծվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքացիական համաժովովրդական, համազգային պահանջ է։ Եվ էն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին։ Իմ տպավորությամբ, Հանրապետական կուսակցության մեր գործընկերների, Ծառուկյան դաշինքի մեր գործընկերների, Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության մեր գործընկերների կողմից ընկալված է։ Բայց որևէ գրավոր և բանավոր վերջնական պայմանավորվածություն չկա։ Նրանք միայն բանավոր ասել են՝ պարզ է, որ էս իրավիճակում ոչ-ոք չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել»։
Ներկաների «խաբում են» վանկարկումներին վարչապետը պատասխանեց․ «Ժողովուրդ ջան, հո խաբելով չի։ Այսօրվա ուղերձը, կարծում եմ, ընկալված է նաև այդ չարաբաստիկ օրենքին կողմ քվեարկած խբմակցությունների կողմից»։