Home / Կրթություն / Երիտասարդ մասնագետներին հանուն «ընտանիքների» զրկում են բնակարան գնելու հնարավորությունից

Երիտասարդ մասնագետներին հանուն «ընտանիքների» զրկում են բնակարան գնելու հնարավորությունից

Երիտասարդ մասնագետները սոցիալական ցանցերում իրենց բողոքն են արտահայտում «Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի պայմանների փոփոխման վերաբերյալ: Այս ավանը պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի ծրագիր: Այն իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն, իսկ ծրագրի ղեկավարը ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանն է, հայտնում է «Լրագիրը»:

«Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար հերթագրվել է ավելի քան 1000 շահառու, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են: Ապրիլյան հեղափոխությունից հետո ծրագրի իրականացումը դանդաղել էր հասկանալի պատճառներով: Եվ ահա, հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկանում են, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիր է: Բոլորովին վերջերս նոր կառավարությունը ավելի բարելավեց այս ծրագրի պայմանները, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտնեց, որ առաջիկայում աննախադեպ ծավալի ծրագիր կլինի երիտասարդ ընտանիքների համար: Եվ ահա, կառավարությունը գնում է այս լուծմանը, երիտասարդ մասնագետների ծրագիրը դարձնելով երիտասարդ ընտանիքների ծրագիր:

Խնդիրն այն է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով սահմանված չափորոշիչներն այլ են, այս ծրագրով շահառու հանդիսացողներն անպայման պետք է ամուսնացած լինեն, ընդ որում, ամուսնական զույգերի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը: Բացի այդ, այս ընտանիքները կարող են մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերել նաև երկրորդային շուկայից: Իսկ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուների համար պահանջն այն է, որ մարդիկ նախօրոք հերթագրվում էին միայն նորակառույց շենքերում բնակարան գնելու համար, ընդ որում՝ շենքերը չկառուցված՝ արդեն հիպոթեքային վարկեր էին ստանում, մարումներ կատարում: Այս ծրագրով շահառուն պետք է որևէ ոլորտի մասնագետ լինի, մշտական աշխատանք ունենա, սեփականություն չպետք է ունենա, պարտադիր չէ ամուսնացած լինի: Ստացվում է, որ նոր պայմաններում այս ծրագրի շահառուներից շատերը դուրս կմնան ծրագրից: Չնայած նրանց համար առաջրկվում են այլ պայմաններ, որոնք ավելի անբարենպաստ են:

ԵՊՀ շրջանավարտների միավորման՝ հոկտեմբերի 20-ին հրապարակած հայտարարությունում նշվում է հետևյալը.

«Նախորդ տասը տարիների ընթացքում մեր կողմից իրականացված թվով 9 բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարաններ) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով լավագույն պայմաններով իրականացվել է մեր ծրագրերի շահառուների վարկավորումը:

Ներկայումս, ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ մեր երկարատև բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, որի պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ` hfyouth.am:

Մեր կայքում հրապարակված «Վերածնունդ» ծրագրի հնարավոր շահառուների հերթացուցակում ընդգրկված բոլոր անձանց հորդորում ենք ծանոթանալ առաջարկվող վարկավորման պայմաններին:

Հիշեցնում ենք, որ վարկավորման պայմաններին չհամապատասխանող շահառուները կարող են օգտվել բնակարանի արժեքի ուղղակի (տարաժամկետ) վճարման եղանակից (ամբողջ շինարարության ընթացքում՝ 4 մասնաբաժնով) կամ հիփոթեքային վարկավորում ստանալ սեփական նախաձեռնությամբ:

2018թ. նոյեմբերի 12-30-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է մի քանի փուլերով (հաշվի առնելով մեծաթիվ մասնակիցների առկայությունը) կազմակերպել «Վերածնունդ» ծրագրի շահառուների բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը»:

Սա մոտ 1.5 տարի ծրագրի մեկնարկին սպասող շահառուների համար անակնկալ հայտարարություն էր:

Մեր տեղեկություններով, խնդիրը ծագել է հենց նրանից, որ Կենտրոնական բանկը հրաժարվել է վերաֆինանսավորել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագիրը: Թե ինչ կարծիքի է այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և արդյոք նրա որոշմամբ են ծրագրի պայմանները փոփոխվել, դեռևս հայտնի չէ: Մի բան պարզ է՝ ԿԲ-ն նախորդ տարիներին վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել է հատկացրել, որի միջոցով ծրագրերի շահառուները մատչելի պայմաններով վարկավորում են ստացել, իսկ հիմա չի հատկացրել:

Թե որքանով է սա կապված քաղաքական փոփոխությունների հետ, դրա մասին էլ պարզաբանումներ չկան, բայց մի բան պարզ է՝ մոտ 1100 երիտասարդ մասնագետներ կամ առնվազն նրանց մեծ մասը զրկվում են մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելուց: Շահառուները պատրաստվում են պարզաբանումներ ստանալու համար դիմել ԵՊՀ շրջանավարտների միավորման ղեկավարությանը և Կենտրոնական բանկ՝ պարզելու, թե ինչ է կատարվել: Ընդհուպ քննարկվում է բողոքի ակցիների դուրս գալու հարցը:

Շահառուների մեծ մասը ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին և պատրաստվում են առաջնահերթ լսել ՀԿ-ի ղեկավարության բացատրությունները: Խնդիրն այն է, որ հենց ՀԿ-ից են ամիսներ շարունակ շահառուներին հավաստիացրել, որ ծրագիրն անխափան իրականացվելու է: