հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Հարգելի’ պարոն Զեյնալյան,

Հարգելի’ պարոն Զեյնալյան,

Արձագանք Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ կապված Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագրի և ակցիայի հետ

Դեկտեմբերի 1, 2018թ․

Հարգելի’ պարոն Զեյնալյան,

Մի քանի ամիս առաջ մենք էլ Ձեզ պես լրատվամիջոցներում կարդացինք «5 տարվա ազատազրկում 10.000 դրամի գողության համար» ցնցող վերնագրով նյութերն ու հետաքրքրվեցինք Հասմիկ Սարգսյանի գործով: Դրանից հետո ավելի մանրամասն ծանոթացանք գործին, ծանոթացանք նաև Հասմիկի հետ և չկարողացանք անտարբեր մնալ մեր պատկերացմամբ՝ այս ահռելի անարդարության նկատմամբ:

Հասմիկի իրավունքների ոտնահարման և նրա ճակատագրով մտահոգ մի քանի անձանցով, Հասմիկ Սարգսյանի հետ մեկտեղ, մենք պայքարում ենք հանուն այն բանի, որ օրենք ընդունելու և կիրարկելու հետ հետ առնչվող պետական բոլոր ատյանները համակարգային կերպով վերանայեն Հասմիկի դեպքում նշանակված պատժի համաչափության խնդիրը։ Հասմիկի գործողությունները պետք է դիտարկվեին աղքատության ու ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված լինելու համատեքստում և պետք է հաշվի առնվեր պետության՝ որպես սոցիալական բարեկեցության երաշխավորի դերը և այդ դերում դրա ձախողումը։ ՀՀ ամբողջ արդարադատական համակարգում կարծես մոռացել են այն մասին, որ խնդրին պետք է մոտենային մարդու իրավունքների պաշտպանության հրամայականից։ Միջազգային իրավական զարգացումների շրջանակներում աղքատությունը վաղուց ճանաչվել է մարդու մի շարք իրավունքների խախտմամբ պայմանավորված կարգավիճակ։ Չցանկանալով ծանրացնել նամակը իրավական բնույթի մեջբերումներով՝ ցանկանում ենք առնվազն հիշեցնել ՀՀ Կառավարության կողմից Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածով ստանձնած յուրաքանչյուրի կյանքի բավարար կենսամակարդակի՝ բնակարանի, ջրի և սննդի իրավունքների իրացումը երաշխավորելու պարտավորության մասին։

Հասմիկ Սարգսյանի գործի քննության ողջ ընթացքում ՀՀ դատարանները վճիռներ են կայացրել՝ ելնելով հենց միայն այն հանգամանքից, որ կինը երրորդ անգամ է գողության դիմել: Երեք դեպքերում էլ խնդիրը վերաբերել է պահածոների գողության և սնունդ գնելու համար անհրաժեշտ փոքր գումարի հափշտակման մասին, և ակնհայտորեն, արարքներն արվել էին կնոջն ու նրա երեխաներին սովից փրկելու համար: Հասմիկ Սարգսյանը և նրան սատարող իրավապաշտպաններն ու քաղաքացիները պնդում են, որ իրականում նրա գործը պետք է դիտարկվեր ՀՀ Քրեական օրեսգրքի 44-րդ հոդվածով՝ որպես ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված արարք՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, ինչը քրեական հետապնդում ՉԻ ենթադրում: Սա կբխեր իրավունքներից ու մարդասիրությունից. սակայն ՀՀ ամբողջ դատական համակարգն, ինչպես և դուք, գերադասեց Սարգսյանի արարքը որակել որպես առանձնապես ծանր ռեցիդիվ:

Երբ նոյեմբերի կեսերին Վճռաբեկ դատարանը հրաժարվեց Հասմիկ Սարգսյանի բողոքը վարույթ ընդունել (այսպիսով, հրաժարվելով նախադեպային քննություն անցկացնել առկա քրեական և քրեադատավարական համակարգում և համապատասխանեցնել այն միջազգային իրավական առաջադեմ փորձին), Հասմիկը, որպես վերջին միջոց, Ձեր միջոցով ներման խնդրագիր ուղղեց ՀՀ նախագահին: Այդ խնդրագրին սատարելու համար 40-ից ավելի հասարակական կազմակերպություններ, 30-ից ավելի անհատներ՝ այդ թվում պատգամավորներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, արվեստագետներ, տարբեր քաղաքացիներ ներման միջնորդություններ ստորագրեցին (ամբողջական ցանկը՝ ներքևում), և փետրվարի 28-ին այս խնդրագիրը մի փոքր խմբով բերեցինք՝ հանձնելու Արդարադատության նախարարությանը:

Արդարադատության նախարարություն ակցիայով ներման խնդրագիր ներկայացնելը նշանակում է, որ խնդիրը շատ բարձրագոչ է. քաղաքական դիրք ունեցող պաշտոնյաները պարտավոր էին արձագանքել դրան, ոչ թե անտեսել այն աստիճանի, որ միայն մամուլի հարցերով օգնականը մոտենա և ընդունի խնդրագրի փաթեթը։ Այս հարցում լրատվամիջոցները և՛ս նմանատիպ մոտեցում ցուցաբերեցին. թեև ակցիայի մասին մամուլը տեղեկացված էր, ինչպես նաև ստացել էր ներման խնդրագրի մանրամասների մասին հաղորդագրություն, այդ հաղորդագրությունը մամուլում չտարածվեց, իսկ մեկ օր անց Ձեր ֆեյսբուքյան գրառումը լայնորեն արտատպվեց, առանց ներկայացնելու բուն խնդիրը։ Ինչևէ: Ավելի ցնցող ու վրդովեցնող էր Ձեր արձագանքը մեր ակցիային, նույն օրը մեր հրապարակած բանաստեղծությանը և Հասմիկ Սարգսյանի գործին ընդհանրապես:

Փետրվարի 28-ին, երբ մենք սպասում էինք, թե երբ են Նախարարության պաշտոնյաները մոտենալու ներման խնդրագիրն ու միջնորդություններն ընդունելու, նախարարության բազմաթիվ աշխատակիցներ էին գալիս այդ սրահ, սակայն ո՛չ թե մեզ հանդիպելու, այլ իրենց «լանչերի» առաքումը վերցնելու համար: Սա շատ հետաքրքիր էր այն համատեքստում, որ մենք նախարարությունում էինք մի կնոջ, միայնակ մոր՝ սովից դրդված արարքը պաշտպանելու համար, իսկ նախարարության պաշտոնյաները փոխանակ մեզ լսելու՝ իրենց սովը հագեցնելու հարցերն էին լուծում: Այստեղից էլ ծնվեց մեր պաստառներից մեկն ու Ձեզ ուղղված բանաստեղծությունը՝ Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք, կու՞շտ եք – Սեւ Բիբար (Sev Bibar) – Medium: Դուք ընտրեցիք Ֆեյսբուք ցանցում բլոկ անել մեզանից առնվազն երկուսին այս բանաստեղծությունում Ձեզ նշելու համար… Սոված լինել-չլինելու մասին բանաստեղծական ուղերձը սթափեցնելու, քննադատելու նպատակ ուներ: Արդյո՞ք հանրության քննադատություններին հանրային պաշտոնյաները պետք է արձագանքեն քննադատողներին մեկուսացնելով, լռեցնելով. սա՞ եք համարում ճիշտ լուծումը:

Հաջորդ օրը Դուք նաև գրառում կատարեցիք Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ արձագանքելով մեր այդ ակցիային, ինչն է՛լ ավելի հիասթափեցնող ու վրդովեցնող էր, քանի որ, անկեղծ ասած, պարոն Զեյնալյան, մենք Ձեզ ճանաչում էինք որպես իրավապաշտպանի և բոլորովին այլ ակնկալիքներ ունեինք արդարության մասին Ձեր պատկերացումների հարցում:

Դուք փորձեցիք նսեմացնել ակցիայի միջոցով խնդրի բարձրաձայնումը՝ ասելով, թե նախարարությունն օրական բազմաթիվ նման խնդրագրեր է ստանում, սակայն առանց պաստառների և ակցիաների, միաժամանակ նման գործողությունը պիտակեցիք իբրև «հակաքարոզչություն»՝ առանց մանրամասնելու, թե ում դեմ կամ ինչ հակաքարոզչության մասին է խոսքը: Ձեր էջի հետևորդներն ագրեսիվ կերպով արձագանքում են՝ ասելով, թե մեր արարքը խանգարում է Ձեր նախընտրական քարոզչությանը: Ներեցեք, բայց նախարարը հանրային պաշտոնյա է, նախընտրական շրջանում Արդարադատության նախարարությունը չի լուծարվել, և մենք մեղավոր չենք, որ Հասմիկ Սարգսյանին կալանավորելու մասին որոշումն ուժի մեջ մտավ նախընտրական շրջանում:

Ձեր Ֆեյսբուքյան գրառումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Դուք «մեծ լավություն» եք անում՝ խնդրագրին ամեն դեպքում ընթացք տալով։ Խնդրագրին ընթացք տալը Ձեր գործառույթն ու պարտավորությունն է, պարո՛ն Զեյնալյան: Խոսքեր չեն գտնվի՝ որակելու այնպիսի պաշտոնյայի, ով հանրային քննադատությունից նեղսրտած լինելով՝ կարող է մերժել կամ խափանել ներման խնդրագրին ընթացք տալը:

Դուք մատնանշում եք, որ ստիպված էիք Դատալեքս համակարգից ծանոթանալ գործի մանրամասներին և կարծես հայտնագործություն եք անում, երբ թվարկում եք Հասմիկ Սարգսյանի՝ նախկինում կատարած նմանօրինակ արարքները՝ պահածոների ու դրամի գողություն։ Ձեզ ուղղված և հրապարակայնորեն տարածված գրություններում ո՛չ Հասմիկ Սարգսյանը, ո՛չ էլ նրան աջակցող անձինք երբևէ չեն թաքցրել, որ սա Հասմիկի առաջին նման արարքը չէ. մոլորեցնելու հարց ընդհանրապես չկա: Դուք Հասմիկ Սարգսյանի խնդիրը հանում եք պետություն-քաղաքացի հարաբերությունից և դնում քաղաքացի-քաղաքացի հարաբերության հարթությունում՝ իբր Հասմիկ Սարգսյանը մեղավոր է, որովհետև նա գողություն է արել իր նման աղքատ մարդկանց բնակարանից… 3-րդ անգամ։ Թեկուզ նա 3000-րդ անգամ նման գողություն արած լիներ: Մեղավոր է Պետությունը, որը մատը մատին չի տվել, որպեսզի մարդուն սովից ազատի, հնարավորություն տա ապրելու: Պետությունը մեծահոգի՞ է եղել, որ նրան նախորդ երկու գողությունների համար բանտ չի նստեցրել: Դա՞ է մեծահոգությունը: Պետությունն ընդամենը ինքն իրեն է փրկել խայտառակությունից, որ չասեն, թե պահածո գողացողը 5 տարով բանտում է… կամ էլ գուցե պետությունն ափսոսել է փող ծախսել բանտում Հասմիկին պահելու և մանկատանը նրա երեխաներին խնամելու համար: Անկախ այն բանից, թե քանիերորդ անգամ է նման գողություն արվել, հստակ է, որ ԲՈԼՈՐ արարքների պատճառը մեկն է եղել՝ կինը հնարավորություն չի ունեցել այլ կերպ կերակրելու իր երեխաներին: Եվ սրա պատասխանատուն պետությունն է. քաղաքացիների սոցիալական բարեկեցության պայմաններ ստեղծելու պատասխանատուն պետական մարմիններն են: Կինն ԱՄԵՆ ինչ փորձել է՝ աշխատել, նպաստ խնդրել, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը հայցել: ՈՉԻՆՉ չի ստացվել, ամեն տեղ նրան մերժել են տևական ժամանակ: Եթե գործն այսքան աղմուկ հանած չլիներ, գուցե նա անգամ Փարոսի կցկտուր 23.000 դրամ նպաստը չստանար, որը միայն այս տարվա հունիսից է ստանում… մշտական հաշվառում չունենալու պատճառով: Դե իհարկե, որտեղի՞ց աղքատին բնակարան, և ինչո՞ւ պետք է որևէ մեկը նրան գրանցի իր տանը… չունես գրանցում, չունես անգամ Փարոսի ողորմությունը:

Տարիներ շարունակ իրավապաշտպան գործունեություն ծավալած նախարարից կարելի էր բարձր իրավական գիտակցություն և բաց հանրային գործելաոճ ակնկալել, ոչ թե այսպիսի մեղադրական, օրենքի խիստ ընթացակարգային մեկնաբանմամբ գրառում։ Նույնը վերաբերում է մյուս այն իրավապաշտպաններին ու փաստաբաններին, որոնք այս խնդիրը չեն կարողանում դիտարկել կյանքի ու արժանապատվության իրավունքի շրջանակներում, այլ զուտ ընթացակարգային են մոտենում (արարքը կրկնվել է) և պաշտպանելով սեփականության նեղ իրավունքը՝ փորձում են վարկաբեկել մեզնից մի քանիսին։ Զարմանալի է, որ իրավապաշտպան համայնքի համար հասանելի չէ վերջերս Իտալիայի գերագույն դատարանի դիրքորոշումը մի գործով, որով բազմակի անգամ սնունդ գողացած անձի վրայից հանվում է քրեական պատասխանատվությունը և նախադեպային որոշում է կայացվում, համաձայն որի կարիքից դրդված սնունդ գողանալը հանցանք չէ։ Այդ գործի մասին մի քանի տարի առաջ գրում էր համաշխարհային ողջ մամուլը, այն դարձել է իրավական մտքի ու պրակտիկայի կարևոր մաս, բայց չգիտես ինչու` նմանօրինակ դեպքը Հայաստանում շատ իրավաբաններ ու փաստաբաններ չեն ընկալում հենց այդ դիտանկյունից։

Պետությունը տարիներ շարունակ չի կատարել իր սոցիալական պարտավորությունները Հասմիկի և նրա երեխաների նկատմամբ, խախտել է նրանց հիմնարար իրավունքները, ուստի արդարությունից, իրավունքից և մարդասիրությունից է բխում, որ Հասմիկ Սարգսյանը չստանա քրեական պատիժ, այլ փոխարենը ստանա օժանդակություն աղքատությունը հաղթահարելու համար: Մենք չենք նահանջելու, և հնարավոր բոլոր ճանապարհներով հետամուտ ենք լինելու այս կնոջ իրավունքների պաշտպանությանը՝ փորձելով նաև փոփոխություն մտցնել ՀՀ դատական պրակտիկայում: Մենք հույս ունենք, պարո՛ն Զեյնալյան, որ Դուք և Արդարադատության նախարարությունը կլինեք մեր դաշնակիցը, ոչ թե հակառակորդն այս հարցում:

Անահիտ Սիմոնյան
Աննա Նիկողոսյան
Աննա Շահնազարյան
Արէ Մարտիրոսյան
Արման Ղարիբյան
Արփինե Գալֆայան
Զառա Հարությունյան
Զարուհի Հովհաննիսյան
Լալա Ասլիկյան
Ստելլա Չանդիրյան

Հասմիկ Սարգսյանի ներման միջնորդությանը միացած անհատներ ու կազմակերպություններ

1․Լենա Նազարյան, ԱԺ պատգամավոր
2. Հայկ Կոնջորյան, ԱԺ պատգամավոր
3. Զարուհի Բաթոյան, ԱՍՀՆ նախարարի տեղակալի պաշտոնակատար
4. Անահիտ Սիմոնյան
5. Աննա Նիկողոսյան
6. Աննա Շահնազարյան
7. Արայիկ Պապիկյան, փաստաբան
8. Արէ Մարտիրոսյան
9. Արման Ղարիբյան
10. Արփի Բալյան
11. Արփինե Գալֆայան
12. Զառա Հարությունյան
13. Զարուհի Հովհաննիսյան
14. Հասմիկ Գևորգյան
15. Հասմիկ Պետրոսյան, իրավաբան, Փինկ Արմենիա
16. Հրակ Փափազյան
17. Լալա Ասլիկյան
18. Լարիսա Աբրահամյան
19. Լիլիա Խաչատրյան
20. Լուսինե Թալալյան
21. Մարիա Կարապետյան
22. Մարիաննա Պահլևանյան
23. Մխիթար Գաբրիելյան, ազգագրագետ, Երևանի պետական համալսարան
24. Մուշեղ Շուշանյան, փաստաբան
25. Յուրի Մանվելյան, լրագրող
26. Նանոր Պետրոսյան, արվեստագետ
27. Նինա Կարապետյանց, փաստաբան
28. Նվարդ Փիլիպոսյան, փաստաբան
29. Պետրոս Ղազարյան, լրագրող
30. Սամսոն Մարտիրոսյան
31. Սեդա Մավյան, լրագրող
32. Ստելլա Չանդիրյան, իրավաբան
33. Սուսաննա Գյուլամիրյան, արվեստագետ
34. Սևան Պետրոսյան, Վորլդ Վիժն Հայաստան, ծրագրի ղեկավար
35. Տաթևիկ Ղարիբյան, փաստաբան
36. Օլյա Ազատյան

Կազմակերպություններ

1. «Ագաթ» ՀԿ
2. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
3. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ, Զարուհի Մուրադյան
4. «Արևամանուկ» հիմնադրամ
5. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
6. Գորիսի «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
7. Գորիսի մամուլի ակումբ
8. Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն, Լիլիթ Խաչատրյան
9. «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
10. «Էկոթիմ» էներգետիակայի և շրջակա միջավայրի խորհրդատվական ՀԿ
11. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
12. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
13. «Թրանսփարենսի ինթրնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
14. «Իրական աշխարհ իրական մարդիկ» ՀԿ
15. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
16. «Իրավունքի ուժ» ՀԿ
17. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
18. «Լույսի աշխարհ» ՀԿ
19. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
20. «Խաղեր» ՀԿ
21. «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոն
22. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
23. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
24. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
25. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ
26. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
27. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
28. «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
29. Հասարակություն առանց բռնության ՀԿ
30. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
31. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
32. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ՄԶՄԿ)
33. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
34. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
35. «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
36. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
37. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
38. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
39. «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
40. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
41. Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն
42. «Ունիսոն» ՀԿ
43. «ՕքսԵՋեն»