Home / Ազգային ժողով / Ձգձգել, մինչև շահառուները մահանան

Ձգձգել, մինչև շահառուները մահանան

«Փախստականների ձայնը» ֆեյսբուքի էջում տեղադրված հանրությանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակի հեղինակներն անդրադառնում են Ադրբեջանից բռնագաղթաց փախստականների խնդրին՝ կոչ անելով սթափվել։

«Օրեր առաջ 47 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Սոբեսեդնիկ» ամսագրի լրագրող՝ Գայանե Դանիելյանը, ով գրեթե 30 տարի առաջ Հայաստան էր փախել՝ Բաքվի հայտնի ջարդերից մազապուրծ լինելով: Ինչպես որ այն ժամանակ շատ փախստականներ, նա ևս մոր և քրոջ հետ ժամանակավոր կացարան էր ստացել պետությունից՝ «Նաիրի» հյուրանոցում: Ժամանակն անցնում էր, իսկ բնակարանի հարցը չէր լուծվում: Ընտանիքը որոշում կայացրեց մեկնել Մոսկվա մշտական բնակության, սակայն Գայանեն համառեց և մնաց Հայաստանում: Ամուսնացավ, ունեցավ 3 երեխա, ապա ամուսնալուծվեց և շարունակեց երեխաների հետ միասին ապրել «Նաիրի» հյուրանոցի մասնաշենքում՝ 36 քառակուսի մետր մակերեսով կացարանում:

Մինչդեռ, 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովի նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից կառավարությանն ուղղվել էր գրավոր հարց փախստականներին բնակարաններ հատկացնելու վերաբերյալ, հետևյալ բովանդակությամբ՝ «Ինչպե՞ս եք պատկերացնում 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության հարցի լուծումը: Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից հրապարակած պաշտոնական տեղեկատվության՝ վերոնշյալ խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը մշակել էր համապատասխան ծրագիր, որը ՀՀ 2000 թ. դեկտեմբերի 14-ի N 56 արձանագրությամբ հավանության էր արժանացել: Այդ ծրագիրը ներառում էր ազգամիջյան բախումներից տուժած և Ադրբեջանից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած, մինչ այժմ մշտական օթևան չունեցող բոլոր փախստականների բնակարանային հիմնախնդիրները և նախատեսվում էր ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում հիմնովին լուծել փախստականներին բնակարաններով ապահովելու խնդիրը մինչև 2006թ.: Սակայն անցած տարիների ընթացքում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մեծածավալ ֆինանսական միջոցների (ավելի քան 50,0 մլն ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ) բացակայության պատճառով ծրագիրն իրագործվել է, մեղմ ասած, շատ թերի:

Ըստ ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» թիվ 747 որոշման՝ առավել կարիքավոր փախստականների թիվը միայն Երևանում կազմում է 860 ընտանիք, իսկ մարզերում՝ ընդհանուր 315 ընտանիք:

Առաջարկում ենք, ծրագրի իրականացման նպատակով, ժամանակավոր կացարանում բնակվող, մասնավորապես, Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում բնակվող 75 ընտանիքներից 21 ընտանիքի, ովքեր բնակվում են Արմենակ Արմենակյան փող., 121/7 հասցեում գտնվող «ՆԱԻՐԻ» հյուրանոցի 2-րդ մասնաշենքում՝ սեփականության իրավունքով տրամադրել օրենքով սահմանված կարգով՝ 1-2 անդամ ունեցող ընտանիքին 45քմ, 3-4՝ 65քմ, 5-6՝ 85քմ, 7-8՝ 105քմ և 9 անձից կազմված ընտանիքներին՝ 125քմ մակերեսով տարածքներ՝ նախապես վերոնշյալ անշարժ գույքը ճանաչելով բացառիկ՝ գերակա հանրային շահ»։

Սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն նախկին իշխանությունները չտվեցին խնդրին լուծում, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից բարձրացված հարցին լուծում տալուն հետամուտ չեղան անգամ հարցը բարձրացնողները: Ավելին, անցած 6 ամիսների ընթացքում այս խնդրին նաև չեն անդրադարձել ներկայիս իշխանությունները:

Նաև ասենք, որ Գայանեն 7 տարի կենաց մահու պայքար տարավ քաղցկեղի դեմ և ընդամենը ամիսներ առաջ, արդեն հուսահատ, որ պետությունից կստանա բնակարան որպես սեփականություն, ընկերների և հարազատների օգնությամբ, ձեռնամուխ եղավ այդ կացարանի վերանորոգմանը, բայց, ցավոք, չկարողացավ նույնիսկ մի փոքր վայելել այն իր 16 և 8 տարեկան որդիների, որ վաղը դառնալու են Հայաստանի Հանրապետության պաշտպաններ, և 13 տարեկան դստեր հետ:

Այս դեպքը մասնավոր է, բայց ոչ եզակի: Ակամայից մտածում ես, որ պետությունը որդեգրել է մի զարհուրելի սկզբունք՝ խնդրի լուծումը ձգձգել այնքան ժամանակ, մինչև բոլոր շահառուները մահանան, ինչով էլ խնդիրը կդադարի լինել խնդիր:

Բայց չէ՞ որ այդ ուղղակի շահառուներն իրենց ետևից թողնում են սերունդներ, որոնք եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ տալու են այս ողբերգության արժանի գնահատականը:

Սթափվեք: Լսու՞մ եք: ՍԹԱՓՎԵՔ»: