Վրաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը պետական լեզվին ընդհանրապես չի տիրապետում: Դա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) օրերս հրապարակած հետազոտության արդյունքները:
Դրանց համաձայն, Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի այն բնակավայրերում, որտեղ հայերը կամ ադրբեջանցիները բնակչության առնվազն 40 տոկոսն են կազմում, հարցվածների միայն 4 տոկոսն է նշել, որ ազատորեն տիրապետում է վրացերենին:
Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների ևս 16 տոկոսը վրացերենի սեփական իմացությունը միջին, իսկ 29 տոկոսը` սկսնակ մակարդակի է գնահատել։
Սոցիոլոգների կողմից հարցված վրաստանաբնակ հայերի և ադրբեջանցիների 44 տոկոսն անկեղծորեն խոստովանել է, որ պետական լեզվի անգամ բազային գիտելիքներին չի տիրապետում:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով անցկացված այս հարցման հեղինակները նաև փորձել են պարզել, թե ինչպես են վերաբերվում Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները երկրի եվրատլանտյան ինտեգրման հեռանկարներին:
Դատելով հետազոտության արդյունքներից` Եվրամիությանը Վրաստանի անդամակցությանը կողմ է հարցված հայերի և ադրբեջանիցների 58 տոկոսը, դեմ` 18 տոկոսը:
Հետազոտության հեղինակների պնդմամբ, Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման կողմնակիցների թիվը Վրաստանի ազգային փոքրամասնությունների շրջանում տարեցտարի ավելանում է:
Գրեթե չորս տարի առաջ` 2015 թվականի ապրիլին անցկացված հարցման ընթացքում ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը կողմ էր արտահայտվում երկրում բնակվող հայերի և ադրբեջանցիների 39 տոկոսը` գրեթե 20 տոկոսով պակաս, քան այսօր:
Ինչ վերաբերում է Վրաստանի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, ապա այդ հեռանկարի հանդեպ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն անհամեմատ ավելի զուսպ են տրամադրված:
NDI-ի հարցման համաձայն, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը կողմ է արտահայտվել վրաստանաբնակ հայերի և ադրբեջանցիների 48, դեմ` 18 տոկոսը:
Սոցիոլոգները, սակայն, արձանագրում են, որ ազգային փոքրամասնությունների շրջանում ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը ևս աճում է:
«2015-ին Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը կողմ արտահայտվող և ընդդիմացող հայերի ու ադրբեջանցիների թիվը գրեթե հավասար էր», – նշում են հարցման հեղինակները: