Home / Մարզեր / Նախագահի թեկնածուն գտել է դեպի վրացահայերի սիրտը տանող ճամփան

Նախագահի թեկնածուն գտել է դեպի վրացահայերի սիրտը տանող ճամփան

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին հիմնականում հայերով բնակեցված Սամցխե֊Ջավախեթի տարածաշրջան այցելելուց հետո մեղադրել են ազգերի միջև տարաձայնությունների հրահրման համար։ Քաղաքական գործիչը, դիմելով տեղացիներին, բազմիցս շահարկել է թուրքերին երկքաղաքացիություն տրամադրելու և էթնիկ հայերին այդ հարցում չօժանդակելու փաստը։

Ընդդիմությունը Զուրաբիշվիլիի հայտարարությունը որակել է որպես սադրող, նրան աջակցող իշխող «Վրացական երազանքը» ոչ մի բացասական բան այդ խոսքերում չի տեսնում։

«Էխո Կավկազա»-ն մեջբերում է թեկնածուի՝ Նինոցմինդայի ելույթից մի հատված․ «Մինչ այս քաղաքացիության տրամադրումը մտել է նախագահի իրավասությունների մեջ։ Նախագահներից մեկը բազմաթից երկքաղաքացիություններ է տրամադրել թուրքերին, բայց ձեզ այն չի տրամադրել»։

Զուրաբիշվիլիի կողմից նմանատիպ հայտարարություն հնչել է նաև Ախալցխայի ելույթի ընթացքում․ «Մի ժամանակ նախագահը, անգամ չեմ ուզում նրա անունը հիշատակել, քաղաքացիություններ է շնորհել որոշ թուրքերի, որոնք եկել էին Բաթումի, բայց մինչ այդ որևէ կերպ կապ չեն ունեցել Վրաստանի հետ»։

Զուրաբիշվիլին տեղացի ընտրողներին տեղեկացրել է նաև երկքաղաքացիություն տրամադրելու մասին օրենքում կատարած փոփոխությունների մասին․ «Մենք ընդունել ենք փոփոխություններ, որոնցից հետո Վրաստանում արդեն արգելված չէ երկքաղաքացիությունը։ Այդ իսկ պատճառով դուք կարող եք քաղաքացիություն ստանալու համար դիմել ոչ թե բացառության կարգով, այլ սովորական ընթացակարգով»։

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության պաթոսը ամբողջապես կիսել է «Վրացական երազանքի» պատգամավոր Դավիդ Մատիկաշվիլին՝ հայտարարելով․ «Շատ ու շատ մարդիկ, որ քաղաքացիներ չեն եղել, Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության վերջին շրջանում առանց որևէ բացատրության քաղաքացիություն են ստացել, և ոչ ոք մինչև հիմա չի բացատրել՝ ինչ պատճառով է տեղի ունեցել Վրաստանի քաղաքացիության այդպիսի մասսայական տրամադրումը։ Հավանաբար հենց դա է նկատի ունեցել Սալոմե Զուրաբիշվիլին․ ոչ ավելին»։

Գործող օրենսդրության համաձայն, Վրաստանի քաղաքացիության տրամադրման հարցը որոշում է երկրի նախագահը։ Այդ հարցում նրան օգնում է Արդարադատության նախարարության ենթակայությամբ աշխատող հանձնաժողովը։ Միաժամանակ, պետության ղեկավարը կարող է կոնկրետ անձին քաղաքացիություն տրամադրելու մասին միանձնյա որոշում կայացնել։

Արդարադատության նախարարության տեղեկությունների համաձայն, ամենամեծ թվով օտարերկրացիներ Վրաստանի քաղաքացիություն են ստացել 2013 թվականին՝ Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության վերջին տարում՝ 9 հազար 626 քաղաքացի։ Արդարադատության նախարարության ղեկավար Թեա Ցուլկիանիի խոսքով, այդ ժամանակ նախագահ Սաակաշվիլին «Շրջանցելով Արդարադատության նախարարությունը և անվտանգության ծառայությունը, իր իրավասությունների շրջանակում Վրաստանի քաղաքացիություն է հանձնել ավելի քան հազար անձանց, մասնավորապես՝ թուրքիայի քաղաքացիներին՝ շրջանցելով պետական հաստատությունները»։

Ընդդիմությունում կարծում են, որ քաղաքացիության մասսայական հանձնման մասին խոսակցությունները տեղին չեն, քանի որ քաղաքացիություն այդ ժամանակահատվածում հիմնականում ստացել են վրացիները, որ ճակատագրի բերումով 1921 թվականին մնացել են Թուրքիայի տարածքում։ Իսկ ահա այս թեմայի բարձրացումը տեղի հայ բնակչության հետ համարժեք է Վրաստանի ազգային շահերին հարվածելուն, կարծում է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին․ «Սալոմե Զուրաբիշվիլիի երեկվա հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն բարդ տարածաշրջանում էթնիկ թշնամանքի հողի վրա օգուտ ստանալու անհաջող փորձի պատճառով, այլև ուղղակիորեն Ռուսաստանի հատուկ ծառայությունների խաղն է խաղում, որոնք ակտիվ քայքայիչ գործունեություն են վարում այդ ուղղությամբ։ Երբ նախագահի թեկնածուն տեղի բնակիչների հետ ռուսական պրոպագանդայի լեզվով է խոսում, դա ուղիղ հարված է հասցնում մեր երկրի հիմնարար շահերին՝ նրա՝ ՆԱՏՕ֊ին ինտեգրվելու ճանապարհին»։