Ինչո՞ւ են բռնության ենթարկվող կանայք խուսափում ոստիկանությունից
Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն արտացոլում այս արատավոր երևույթի տարածվածության աստիճանը։ Ճշգրիտ վիճակագրություն ունենալուն խոչընդոտում է մեծամասամբ այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության ենթարկված կանայք Հայաստանում խուսափում են իրենց խնդրի մասին բարձրաձայնելուց և իրավապահ մարմինների են դիմում շատ հազվադեպ, այն էլ՝ միայն ծայրահեղ դեպքերում։
Այս մասին են վկայում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության պատվերով «Սոցիոսկոպի» իրականացրած «Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության արդյունքները։
Հետազոտության մեջ բերվում են, մասնավորապես, 2011 թվականին ԵԱՀԿ պատվերով իրականացրած ուսումնասիրության տվյալները, համաձայն որոնց, Հայաստանում կանայք բռնության ենթարկվելիս 45,1 տոկոս դեպքերում առհասարակ չեն դիմում ոչ մի քայլի։ 24,1 տոկոսը դիմում է հարազատների կամ բարեկամների օգնությանը, 21,1 տոկոսը փորձում է հակահարված տալ, և միայն 6,8 տոկոսն է դիմում իրավապահ մարմիններին և 2,3 տոկոսը՝ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։
«Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության հեղինակները, ըստ այդմ, ներկայացնում են այն հիմնական պատճառները, թե ինչո՞ւ են կանայք խուսափում հատկապես իրավապահ մարմիններին դիմելուց։
Այսպես, թեև բախվելով ընտանեկան բռնության խնդրին Հայաստանում կանայք ունեն ոստիկանություն դիմելու իրավունք, այնուամենայնիվ, պետական կառույցների միջամտությունն ընտանեկան գործերին և որպես բռնության դեմ պայքարի միջոց, կանայք դիտարկում են ծայրահեղ դեպքերում։ Ամուսնալուծությունը, իսկ երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձը կարող են ավելի կիրառելի դիտվել, քան ոստիկանությանը դիմելը։
Ինչպես նշվում է հետազոտության մեջ, կանայք հիմնականում մերժում են ոստիկանություն դիմելու գաղափարը հանրային պարսավանքից խուսափելու, ոստիկանություն դիմելն անօգուտ համարելու, ամուսիններից, ինչպես նաև ոստիկաններից վախենալու պատճառով։
Ոստիկանությունը դիմելը ենթադրում է ընտանեկան խնդրի էլ ավելի հանրայնացում, ինչն արդեն իսկ անցանկալի է համարվում շատերի կողմից, պիտակավորվում որպես «սխալ», «իզուր» և «խայտառակող»։ Բացի այդ, կանայք չեն ցանկանում քրեական գործի քաշքշուկում հայտնվել, ինչպես նաև չեն ցանկանում քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ կանգնեցնել իրենց ընտանիքի անդամին։ Նաև, ոստիկանություն դիմելը, նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով որոշակիորեն օգնի լուծել բռնության խնդիրը, այնուամենայնիվ, կարող է վտանգավոր լինել, քանի որ հաճախ դա բռնարարի համար լրացուցիչ ազդակ և առիթ է կնոջ հանդեպ բռնությունն ուժգնացնելու համար:
Առավել մտահոգիչ է, սակայն, որ ոստիկանություն չդիմելու համար կանանց հիմնավոր փաստարկներից է ինքնին ոստիկանության՝ իբրև բռնության պատրոնաժ իրականացնող հաստատության (կոռուպցիոն կամ այլ կապերի միջոցով) և ոստիկանների՝ իբրև «նույն տղամարդկանց» մասին պատկերացումը և նրանց հանդեպ անվստահությունը, ինչը և ստիպում է ընտանեկան բռնությունից տուժած կանանց վախենալ ոստիկաններից։
Ըստ այդմ, հետազոտության հեղինակները նշում են, որ կանանց նկատմամբ բռնության հաղթահարման հարցում իրականացվող միջոցառումները և աջակցության մեխանիզմները պետք է կայուն պետական քաղաքականության մաս հանդիսանան՝ ապահովելով իրավական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և սոցիալական աշխատողների համագործակցային աշխատանք, տնտեսական և կացարանային պայմաններ։ Այսինքն, բռնության ենթարկվող կանայք պետք է վստահ լինեն, որ դիմելով պետական կառույցի, կարող են համապարփակ օգնություն ստանալ և ապահովագրվել հետագա բռնություններից։
Նշենք, սակայն, որ 2018 թվականից Հայաստանում սկսել է գործել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որով որոշակի կարգավորումներ, սոցիալական գործիքներ և միջոցառումներ են նախատեսված ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց համար։ Թեև այս օրենքի արդյունավետության մասին հրապարակված ուսումնասիրություններ չկան, այնուամենայնիվ, խնդիրը գտնվում է քաղհասարակության ուշադրության կենտրոնում և հետագայում կներկայացվեն դրա վերաբերյալ հետազոտություններ։
Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք «Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ» հետազոտության մեջ շոշափվող այլ հարցերի ևս։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։