«Կանանց նկատմամբ բռնության մասին հանրությունը դեպքից դեպք է իրազեկվում, ցնցվում», ֊ Civilnet-ին տված հարցազրույցում հայտարարել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել կանանց դեմ բռնությունը, որքանո՞վ է արդյունավետ գործող օրենսդրությունը, ի՞նչ է «հայկական ավանդական ընտանիքը»։
«Ընդամենը մեկ ամիս առաջ ընտանեկան բռնության զոհ էր դարձել մեկ տարեկան երեխա, որը ծեծի էր ենթարկվել հոր կողմից։ Այս դեպքը ևս երկու օր ցնցեց հասարակությունը և բոլորը մոռացան»։ Իսկ երկու օր առաջ ամուսնու դաժան ծեծի հետևանքով մահացավ 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանը։ Ըստ բանախոսի՝ նշված դեպքերի արանքում սկսվեցին իրավապաշտպանների նկատմամբ հերթական արշավը, այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում են կանանց իրավունքների հետ կապված խնդիրները։ «Սկսած նրանից, որ մենք քանդում ենք ավանդական ընտանիքի հիմքերը, ավանդական ընտանիքի պաշտպանները բարձրացան, սկսեցին տարբեր թիրախներ փնտրել։ Դրանք հիմնականում քաղաքական նպատակներ են հետապնդում՝ շեղելու համար մեր օրակարգային քաղաքական խնդիրներից, բայց, այնուամենայնիվ, ազդում են հասարակության վախերի վրա և հասարակությունը միանգամից մոռանում է այդ դեպքերի մասին»։
Հովհաննիսյանի խոսքով՝ գենդերային բռնության վերաբերյալ վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը, որովհետև, չնայած բռնությունը հիմնականում տեղի է ունենում ընտանիքում, դա միակ վայրը չէ․ «Կանայք բռնության են ենթարկվում հանրային վայրերում, աշխատատեղերում և դրանք լինում են ավելի սարսափելի՝ ընդհուպ սեռական բռնություններ, բայց դրա մասին շատ քիչ է բարձրաձայնվում»։
Բռնության մասին օրենքն ընդունելուց առաջ ասվում էր, որ այն կպաշտպանի կանանց, և վերջիններս սկսեցին ավելի հաճախ դիմել իրավապահ մարմինների օգնությանը։ Սակայն, իրավապաշտպանի գնահատականով, դիմումներն այդքան էլ հրատապ և արդյունավետ լուծումներ չեն ստանում․ «Որովհետև, նախ, այն գործիքները, որոնք ամրագրված են այդ օրենքում, բավարար չեն լինում, և այն մեխանիզմները, որոնցով պիտի իրապես աջակցություն ստանար անձը, որը ենթարկվում է բռնության, բավարար չեն»։
Հարցին՝ ինչ է ենթադրում «ավանդական ընտանիքը», Հովհաննիսյանը չցանկացավ անդրադառնալ, որովհետև գիտականորեն նման ձևակերպում գոյություն չունի։