Անին ու Նարինեն իրենց փոքրիկ քաղաքի բնակիչների ամենա քննարկվող մարդկանցից են: Այս կանանց գրեթե ամեն քայլը բուռն քննարկումների է արժանանում: Ոչ աշխատանքային օրերին նրանց կարելի է տեսնել մարզկենտրոնի սրճարանում, իսկ տոներին Անին և Նարինեն ուղևորվում են Երևան: Անին բաժանված է, գերազանցիկ սովորող դուստրը մտադիր է ուսումն արտասահմանում շարունակել ու արդեն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Նարինեն ևս բաժանված է: Մի քանի ամիս տևած ամուսնությունից հետո նա վերադարձավ հարազատ քաղաք: Հիմա Նարինեն հանդիպում է իրենից երիտասարդ մի տղամարդու հետ, ում ծնողների սրտով չէր ոչ միայն տարիքային տարբերությունը, այլև բաժանված կնոջ հետ ամուսնանալու հեռանկարը:
Տղայի ծնողների կամքին հակառակ, զույգը հանդիպում է մարզկենտրոնում: Տանը կինն ասում է, որ ընկերուհու մոտ է, տղան՝ ոչինչ չի ասում: Տղա է: Կարող է իրեն թույլ տալ։
Անիի «ազատ» պահվածքի պատմություններին զուգահեռ քաղաքում խոսում են նաև նախկին ամուսնու դաժանությունների ու անհաջող ամուսնությունից պրծնելու մասին:
Ընկերուհիներն իրենց գլխի տերն են. համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, ամռանն անպայման քոբուլեթիահարվում, ամիսը մեկ գնում Երևան՝ շոփինգի: Ու «զոհի» կարգավիճակն արհամարհելով՝ հաջողեցնում են նախանձի առարկա դառնալ «մուրազին հասած» կանանց համար:
Համայնքը, մի կողմից, բաժանվածի պիտակ է շնորհում ու դրան համապատասխան քայլեր ակնկալում, որպեսզի բամբասանքները նորություններով սնուցեն, մյուս կողմից՝ զրկում «լուրջ հարաբերությունների» հնարավորությունից: Ու եթե չլիներ ընկերիհուների ֆինանսական անկախությունն ու ուժեղ կամքը, նրանք ստիպված կլինեին բավարարվել անձնական կյանքից զրկված բաժանվածների ու/կամ այսպես կոչված «հասարակական բարքերին չհամապատասխանող անբարոյականների» կարգավիճակներով։
Ալլա Մանվելյան