Երևանի բժշկական համալսարանի մոտակայքում են հավաքվել տաքսու վարորդները։ Վերջերս նրանք մեծ տուգանքներ են ստացել, չնայած նրան, որ նախկինում իրենց թույլատրում էին այստեղ կայանել՝ համապատասխան նշանի բացակայության պայմաններում։
«Ստեղ իրանք թույլ են տվել, որ ավտոն կանգնի՝ մինչև զնակը դնեն։ Զնակը չեն դրել։ Հիմա էդ ակտերը ո՛չ բեկանում են, ո՛չ մի բան»։
Բողոքողները պնդում են, որ տարածքը կլքեն իրենց պահանջը կատարելուց հետո միայն․ «5 անգամ, 10 անգամ իրանց ասածով արել ենք, օրենքին մենք դեմ չենք գնացել, ոնց ասել են, ասել ենք՝ խնդիր չկա, բայց խաբնվել ենք»։
Տաքսիստներից մեկի տուգանքը 1․5 միլիոն դրամ է կազմում։
Ոստիկանները փորձում էին համոզել բողոքողներին Ճանապարհային ոստիկանության բաժին գնալ։ Սակայն ապարդյուն․ երթևեկությունը խաթարված էր, քաղաքային տրանսպորտը փոխում էր երթուղին։
ՃՈ֊ի աշխատակիցներն ասում էին, որ հարցը կլուծվի միայն քննարկման արդյունքում, որին վարորդները չէին համաձայնում։ Տաքսիստներին չէր հանդարտեցնում նույնիսկ բոլոր ակտերը բեկանելու մասին խոստումը։ Վկայակոչում էին նախկինում արված հայտարարությունն այն մասին, որ մարտի 19-ից հետո ակտեր չեն լինի։ Եվ քանի որ մարդիկ դրանք, այնուամենայնիվ, ստացել էին, «ուրեմն ձեզ էլ չենք հավատում»։
– Ամսի 19-ից հետո ինչ նկարվել ա, լրիվ բեկանվում ա, – ասաց փոխգնդապետը։
– Էլ չենք հավատում։
– Դե, մի հավատացեք։
ՃՈ֊ի ներկայացուցչի խոսքով՝ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում։ Դժգոհություններ կային նաև տեղում 4 մեքենա կայանելու հետ կապված․ ըստ վարորդների՝ իրենց ավելի շատ տարածք էին խոստացել։ Պաշտոնյան, սակայն, նկատեց, որ այդպիսով կփակվի տեղի կանգառի տարածքը։