Home / Ազգային ժողով / Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Երեկ՝ մայիսի 24-ին, Ազգային Ժողովում մեկնարկ է տրվել կարեւոր մի գործընթացի՝ մեր երկրում անցումային արդարադատության գործիքների ներդրման շուրջ հանրային քննարկումների մեկնարկը։ Այս հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության համար ընդգծված առաջնահերթություն ունի, որի վկայությունն էլ հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից լսումների նախաձեռնումն էր։ Անձամբ ինձ համար չափազանց կարեւոր էր նաեւ մասնագիտական եւ իրավապաշտպան շրջանակների բովանդակային մասնակցությունը, որ ցույց է տալիս քաղաքացիական հանրության նախանձախնդիր հետաքրքրվածության բարձր աստճանը։

Այս իրավիճակը հրաշալի նախապայման եւ սկիզբնակետ է Հայաստանում արդարադատական համակարգի խորքային եւ համակարգային բարեփոխումների համար։

Հեղափոխությունից հետո Հայաստանի դատական համակարգը, գործելով առանց կառավարության միջամտության եւ ազդեցության, հնարավորություն ուներ ինքնակամորեն արձագանքելու եւ մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին համահունչ բարեփոխվելու։ Այնինչ կրկին հանրային մոբիլիզացիա պահանջվեց, որպեսզի դատական համակարգը ինքնաանդրադարձի եւ ինքնամաքրման երկրորդ հնարավորությունը ստանա։ Ողջունում եմ Գագիկ Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու երեկվա քայլը՝ հուսալով, որ այն արված է իրոք ՀՀ դատական համակարգի բարենորոգման անհրաժեշտության գիտակցումից։ Շրջադարձային պահերին արժանապատիվ հեռացումը կարող է երկրի կյանքում շատ ավելի մեծ ներդրում լինել, քան տեղին կառչած մնալը։ Արդարադատական համակարգի այլ պատասխանատուներից եւս այսպիսի գիտակցության դրսեւորումը այսօր մնում է սպասված։

Առհասարակ, մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ հասարակությունը պետք է սովոր լինի պետական պաշտոնյաների արժանապատիվ հեռացումներին եւ քաղաքական դեմքերի փոփոխություններին։ Այլեւս պետական պաշտոնները արտոնություններ զավթելու եւ պահելու տեղեր չեն, այլ հանրային ծառայություն մատուցելու առաքելություններ, որոնք ունենում են սկիզբ եւ ավարտ։ Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է։

Այս ժամանակի ոգուն համահունչ պետք է վերակառուցվի նաեւ դատական համակարգը։

Մենք ականատեսն ենք այն բանի, որ նախորդ ռեժիմից ժառանգված դատական համակարգը ինքնուրույն ի վիճակի չէ Հայասատանում արդարադատության հաստատման ուղղությամբ հիմնարար եւ հետեւողական քայլեր ձեռնարկել։ Դատարանները իներցիայով շարունակում են անսկզբունքային արդարադատություն իրականացնել՝ համանման գործերի վերաբերյալ միմյանցից տարբերվող որոշումներ ընդունել, իրավունքի գերակայության տրամաբանությունից դուրս եւ ի վերջո արդարադատության ոգուն հակասող վճիռներ կայացնել։

Երեկվա ԱԺ քննարկմանը կարճ ելույթիս ժամանակ անդրադարձա տխրահռչակ «Երեւան» հիմնադրամի դատավճռի օրինակին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ես եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը այս գործով բախվեցինք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի մեղմ ասած տարօրինակ որոշմանը։ Պարոն Հարությունյանի (այն ժամանակ Երեւանի ավագանու անդամ) հետ միասին մենք դատի էինք տվել «Երեւան» հիմնադրամին դեռեւս մինչեւ հեղափոխությունը՝ 2018-ի մարտին, քանի որ կասկածում էինք, որ այն քաղաքացիներից ապօրինի սխեմայով գումարներ էր գանձում (քաղաքապետարանի տարբեր ծառայությունների եւ թույլտվությունների դիմաց այսպես կոչված «մաղարիչներ» էր վերցնում)։ Արդեն հեղափոխությունից հետո՝ անցյալ տարվա հունիսին երկու քաղաքացի ՀՀ ԱԱԾ-ին հաղորդում էին ներկայացրել առ այն, որ «Երեւան» հիմնադրամն իրենցից անօրինական կերպով գումար է պահանջել, ինչը փաստորեն ամրապնդում է մեր նախնական կասկածները։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը այն ժամանակի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր, խորհրդի կազմում էին քաղաքապետի տեղակալները եւ այլ պաշտոնյաներ։ Օրենքով պարտավորված լինելով իր նվիրատուների մասին տվյալները տրամադրել ՊԵԿ-ին՝ հիմնադրամը չէր իրականացրել այդ պարտավորությունը։ Մեր հայցով մենք ցանկանում էինք ի վերջո ստանալ իրենց նվիրատուների ցանկը եւ գումարի չափը, որից կարող էր երեւալ, արդյոք պետական տուրքից բացի գանձվում են նաեւ այդ անօրինական գումարները։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության (առաջին ատյանի) դատարանը մեր պահանջը իրավացիորեն բավարարել էր եւ պարտավորեցրել հիմնադրամին տրամադրել տեղեկատվությունը։ Այնինչ արդեն այս տարվա հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է նշված ակտը։ Մի դատավճիռ, որի օրինականությանը վստահելու որեւէ հիմք չենք կարող ունենալ։

Սա ընդամենը մեկ օրինակ է այն բազմաթիվ վճիռների շարքում, որոնց անարդարությունից շարունակում են բողոքել մեր քաղաքացիները։ Հատկապես նախորդ տարիներին մարդու իրավունքների եւ հանրային շահի կոպիտ խախտումներ ու կոռուպցիոն կասկածներ պարունակող գործերով դժգոհությունները մեծ են։ Սա վկայում է դատարանների հանդեպ հիմնավոր անվստահության մասին բոլոր կողմերի համար, ինչպես նաեւ կարող է հուշել դատարանների սաբոտաժի մասին։

Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետեւանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտումներ։ Իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է ինքնամաքրմանը։

Նույնիսկ նոր քաղաքական պայմաններում դատական համակարգի պատասխանատուները եւ դատավորները դեռեւս համարժեք չեն արձագանքում բարեփոխումների պահանջներին՝ շարունակելով բազմաչափ վնասներ հասցնել մեր երկրի ներկային եւ ապագային։

Անգամ առանձին մասնավոր գործերով յուրաքանչյուր դատական անարդար որոշում

– հարված է ոչ միայն տվյալ գործով քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, այլեւ
հարված է տեղական դատական ատյաններում իրավունքների վերականգնման հանդեպ վստահությանը;

– հարված է արդարադատության մասին հանրային պատկերացումներին, արդար երկիր ունենալու հանդեպ հավատին;

– հարված է անգամ պետական բյուջեին այն փոքրաթիվ երջանիկ դեպքերում, երբ եվրոպական դատարանի միջոցով իրավունքների վերականգնման եւ փոխհատուցման հնարավորություն է առաջանում;

– հարված է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ տնտեսական գրավչությանը,
հարված է հանրային համերաշխությանը եւ քաղաքացի-պետություն հարաբերություններին;
ուրեմն հարված է պետության հիմքերին եւ քաղաքացիների ու բոլոր սոցիալական խմբերի շահերին։

Դատարանների համակարգային իներցիան չափազանց թանկ է նստում մեր երկրի եւ քաղաքացիների վրա։

Այս պայմաններում, երբ հենց իրենք դատարաններն են շարունակում խախտել մարդկանց իրավունքները, կոծկել կոռուպցիան եւ խոչընդոտել, նույնիսկ ձախողել արդարադատությունը, մենք չենք կարող ապավինել դրանց ինքնուրույն բարեփոխմանը։

Մենք պարտավոր ենք դիմել անցումային արդարադատության գործիքներին, մշակել այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնցով վերջապես կձեւավորենք իրապես անկախ արդարադատական համակարգ, որտեղ դատավորների վճիռները չեն մեկնաբանվի իբրեւ քաղաքական-կուսակցական կամ մասնավոր նպատակներ հետապնդող եւ չեն դառնա հանրային ցասումի ու բողոքի առարկա։

Արդեն իսկ հայտարարվել է «վեթինգ» (vetting – ստուգում) կոչվող գործիքի մասին։ Բազմաթիվ մասնագետներ եւ հասարակական կազմակերպությունների փորձագետներ հասցրել են բազմակողմանիորեն քննարկել այն, դրա գործադրման քայլերի ու չափանիշների մշակման շուրջ առաջարկներ անել։

Վեթինգի, այսինքն՝ պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու գործընթացը հանրային մակարդակում մեծ հաշվով վաղուց է սկսված: Տարիներ շարունակ հրապարակվել են դատավորների ընդունած անօրինական վճիռների, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ։ Ես ինքս օրերս հայտարարությամբ հանդես եկա՝ կոչ անելով քաղաքացիներին, լրագրողներին եւ հասարակական կազմակերպություններին այսպիսի արժանահավատ փաստերի մասին հրապարակումներ անել՝ անվանապես նշելով դատավորներին։ Նման հանրային նշանակության տեղեկատվության շուրջ այս օրերին մենք, իրոք, տեսնում ենք հրապարակային քննարկման ակտիվացում։ Իմ այս կոչին, սակայն, եղան նաեւ որոշ փաստաբանների «զարմացած» արձագանքներ, որոնք էլ ավելի են ամրապնդում իմ համոզմունքը, որ դատաիրավական համակարգի թափանցիկացման եւ իրական անկախացման մեր ջանքերը խիստ անհրաժեշտություն են։

Մեր այս աշխատանքները հիմնավորված, համակարգված եւ հստակ չափորոշիչներով, ներառական քննարկումներով եւ իրավական լուծումներով պետք է շարունակվեն։

Ես ակնկալում եմ, որ այս գործընթացի արդյունքում, ինչպես ցանկացած ժողովրդավար երկրում, Հայաստանում եւս դատավոր լինելը պետք է նշանակի՝

– լինել մարդկանց իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանությանն ապավեն,

– լինել կարեկցող, բարեխիղճ եւ արդարամիտ,

– լինել արդարադատության պաշտպան,

– լինել պրոֆեսիոնալ

– եւ վերջապես լինել կոռուպցիայի, թալանի եւ այլ հանցանքների հակառակորդը, ոչ թե դրանց մարմնացումներից մեկը։

Անխտրական սկզբունքով բոլոր դատավորների նկատմամբ վեթինգի կիրառումով ակնկալում եմ, որ մեծ տեղաշարժ եւ օդափոխություն կբերենք այս կարծրացած համակարգին։ Կազատագրենք դատարանը, դատավորին եւ արդարադատությունը։ Կստեղծենք պայմաններ դատավորների համար գործել անկախ՝ ազատ բոլոր քաղաքական-կուսակցական կամ մասնավոր անօրինական ազդեցություններից, ձեռք բերել հանրային վարկ եւ հեղինակություն եւ նրանց որոշումների հանդեպ վստահություն։

Վերջին իրադարձություններին դատավորների արձագանքները, նկատի ունեմ ոչ միայն որոշների ցինիկ մեկնաբանությունները, այլեւ շատերի լռությունը, խոսուն կերպով ցուցադրեցին համակարգի խորքային խնդիրները եւ հասարակություն-դատարան անջրպետը։

Դատավորները հանրության կյանքի մասը լինելու, մարդկանց հետ խոսելու, քաղաքացիների պահանջը հասկանալու փոխարեն կրկին մեծապես անհաղորդ ու լուռ մնացին, նրանք չմոտեցան մարդկանց հարցնելու, թե ինչումն է նրանց բողոքը։ Այնինչ յուրաքանչյուր դատավորի առաջին մտահոգությունը պիտի լիներ մարդկանց վստահությունը շահելը՝ որպես սեփական գործունեության միակ հենարան։

Այդուհանդերձ, եթե դատավորական համայնքը չի ցանկանում երկրի ժողովրդավարական փոփոխությունների ակտիվ մասնակիցը լինել, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը։ Մի բան հաստատ է՝ փոփոխություններից խուսափել չի կարող։

Ընդ որում միայն վեթինգով մենք չենք սահմանափակվելու։ Անցումային արդարադատության որոշ այլ գործիքներ եւս մենք արդեն նախաձեռնել ենք, ինչպես օրինակ՝ «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» մասին իմ գործընկեր Ալեն Սիմոնյանի եւ իմ նախաձեռնած օրինագիծն է։

Այս առանձին քայլերը, սակայն, մեկ ամբողջական հայեցակարգի մեջ շրջանակվելու կարիք ունեն։ Իմ եւ մյուս պատգամավորների առաջիկա աշխատանքը ուղղված պիտի լինի անցումային արդարադատության հայեցակարգի եւ գործողությունների պլանի մշակմանը, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը։

Անցումային արդարադատության գործիքների համալիր եւ համակարգված ներդրման արդյունքում Հայաստանում պետք է՝

1. վերջապես բացահայտվեն ճշմարտությունները եւ կայանա արդարդատությունը
տեղի ունենա հանրային հաշտեցումը՝ ներվեն նախկինում գործած հանցանքները որոշակի փոխհատուցումների պայմաններով եւ/կամ պատժվեն դրանք;

2. կոպիտ խախտման դեպքերի մասով վերականգնվեն տուժողների իրավունքները, հանգուցային դեպքերի համար հնարավորինս փոխհատուցվեն կորուստները;

3. հաղթահարվի հասարակության եւ քաղաքացու օտարումը պետությունից, բարձրանա պետության հանդեպ սեփականության զգացումը, դրա գործերում քաղաքացիական մասնակցայնության աստիճանը, վերականգնվի վստահությունը;

4. եւ ի վերջո ինստիտուցիոնալ փականների մշակումով եւ երաշխավորումով կանխվեն ապագայում համանման խնդիրների կրկնության հնարավորությունները։

Կարեւորում եմ եւ ակնկալում եմ, որ անցումային արդարադատության գործիքների գնահատման եւ տեղայնացման մեր քննարկումներում իրենց շահագրգիռ մասնակցությունն ու ներդրումն են ունենալու Հայաստանի ժողովրդավարացմամբ եւ մեր երկրում իրավունքի գերակայությամբ շահագրգիռ բոլոր կողմերը։ Ինձ համար շատ թանկ է յուրաքանչյուր խմբի ակտիվ մասնակցությունը, քանի որ Հայաստանի բարեփոխման քաղաքականությունները չեն կարող իրապես հեղափոխական լինել՝ առանց քաղաքական ուժերի, մասնագիտական ու ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաեւ հետաքրքրված քաղաքացիների լայն շրջանակի բովանդակային, ինչպես նաեւ ընթացակարգային մասնակցության։