Լրագրողները, որոնց անձնական տվյալները օգոստոսի 9-ին հրապարակվել են Տելեգրամում, հայտնում են, որ անհայտ անձինք զանգահարում և սպառնում են իրենց, տեղեկացրել է «Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը։ Մոսկվայում կայացած երրորդ ակցիային զուգահեռ հավաքներ են անցկացվել նաև ռուսաստանյան այլ քաղաքներում, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել։
Տարօրինակ զանգերի կապակցությամբ բողոքում են նաև բողոքի ցույցերի մասնակիցները։ Մի շարք դեպքերում նրանց զանգարահողը, հավանաբար, պրանկեր էր։ Ձերբակալված, Մոսկվայի խորհրդարանական ընտրություններում մասնակցության համար չգրանցված անկախ թեկնածուներից ընդդիմադիր Դմիտրի Գուդկովի կինն, իր հերթին, հայտնել է թաքնված համարից անընդհատ զանգերի և գաղտնալսման նշանների մասին։
Մայրաքաղաքի բնակիչ Սերգեյ Բորզենկոյի խոսքով, որի անունը ևս հայտնվել էր հրապարակված ֆայլում, նրան իբր Քննչական կոմիտեից էին զանգահարել և հարցրել, արդյոք պատրաստվում է հետագայում ևս մասնակցել կալանավորված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ցույցերին։ Երբ նա հրաժարվեց պատասխանել, ասացին․ «Տեսեք, դուք ունեք երկու տարբերակ․ ապակյա շշի վրա՞ եք ցանկանում նստել, թե՞ պլաստիկ»։
Բորզենկոն ենթադրեց, թե նրան էր զանգահարել ուկրաինական պրանկեր Եվգենի Վոլնովը։ Օգոստոսի 11-ին նա 4-ժամանոց ուղիղ հեռարձակում էր կազմակերպել, որի ընթացքում զանգահարում էր հրապարակված հեռախոսահամարներով։ Բորզենկոն ասում է, որ պրանկերի ու իրենց զանգահարողի ձայները նման են։
Նմանատիպ հեռախոսազանգի մասին «Ֆեյսբուք»-ի միջոցով պատմել է «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության Մոսկվայի ներկայացչության աշխատակցուհի Տատյանա Ուսմանովան․ «Հենց նոր մեկը զանգահարեց՝ Գլխավոր քննչական վարչություն կանչելու համար։ Ասացի, որ առանց ծանուցման չեմ գնա։ Սկսեց բղավել՝ հայհոյելով, սպառնալ խոշտանգումներով և խուզարկություններով»։
Անկախ թեկնածու Գուդկովի կինը՝ Վալերիա Գուդկովան, ևս բողոքում է․ «Հեռախոսս պայթում է։ Թաքնված համարից զանգեր եմ ստանում։ Լռում են։ Անջատես՝ նորն ես ստանում»։ Իր խոսքով՝ նույն իրավիճակում է հայտնվել օգոստոսի 10-ին կայացած հանրահավաքի կազմակերպիչներից Էլվիրա Վիխարյովան և այդ օրը ելույթ ունեցած Եվգենի Օվչարովը։ Բոլոր զանգերը նույն ժամին են ստացվել։
«Նույնիսկ «Միայն սպիտակ ցուցակից զանգեր» գործիքը չի օգնում։ Միևնույնն է՝ փակ համարները շրջանցում են այն, ընդ որում, միաժամանակ մեր մի քանի հեռախոսահամարներով են զանգահարում։ Այսինքն, մարդիկ չեն, ծրագիր է»։
Գուդկովան տեղեկացրել է նաև, որ բջջայինում «Օդնոկլասսնիկի» կայքի տվյալներ են հայտնվել այն պարագայում, երբ հեռախոսում բացակայում է համապատասխան հավելվածը։ Նա դիմել էր ՄՏՍ ընկերությանը, որտեղ խորհուրդ են տվել անջատվել ցանցից։
Ընկերության մամլո խոսնակ Ալեքսեյ Մերկուտովն ասել է, որ տվյալ դեպքով արդեն զբաղվում են և «ամեն ինչ լավ է լինելու»․ « ՄՏՍ֊ի բաժանորդները կարող են արգելափակել անցանկալի զանգերը «Սև ցուցակ» ծառայության միջոցով, «Սպամ֊զանգերի արգելափակում» և «Ով է զանգահարում» հավելվածի օգնությամբ։ Մասնագետներն անհատական մոտեցում են ցուցաբերում բաժանորդների վրա հարձակումների եզակի դեպքերին»։
Օգոստոսի 9-ին «Տովարիշ Մայոր» Տելեգրամ֊ալիքը հրապարակեց հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած չարտոնված բողոքի ցույցերի մասնակիցների, լրագրողների և անկախ թեկնածուների տվյալները։ Այնտեղ կարելի է գտնել մոտ 3200 հոգու անուն֊ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները և գրանցման հասցեները։ «Մեդուզա» պարբերականը գտել է ալիքի հնարավոր հեղինակին․ դա փիառշիկ Վիտալի Թայսաևն է։