Վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության «Թղթատար» լրատվական հաղորդման լրագրողների հիմնական մասը լքել է աշխատանքը՝ հիմնավորելով այդ որոշումը հեռուստաընկերությունում խմբագրական անկախության երաշխիքների բացակայությամբ։ «Թղթատար» հաղորդումը երեկվանից չի թողարկվում։
Հուլիսին՝ երկարատև դատական վեճից հետո, հեռուստաալիքի սեփականատերն է դարձել գործարար Կիբարա Խալվաշին, ինչին հաջորդել են նախ «Ռուսթավի 2»-ի գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի, իսկ նախօրեին՝ նաև տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեի, վերլուծական ծրագրերի հաղորդավարների, պրոդյուսերների, առաջատար համարվող մի խումբ լրագրողների՝ այդ թվում ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած հաղորդավար Գիորգի Գաբունիայի պաշտոնանկությունները:
Հեռուստաընկերությունը երեկ լքած լրագրողները իրենց գործընկերների պաշտոնանկությունների շղթան կապում են «Ռուստավի 2»-ի նոր սեփականատեր Կիբարա Խալվաշի՝ կառավարությանը քննադատող ալիքի խմբագրական քաղաքականությունը փոխելու մտադրության հետ։
«Գրեթե ամբողջ թիմը, այսինքն՝ մենք բոլորս միասին ենք կայացրել այդ որոշումը։ Մենք չենք կարող աշխատել հեռուստաալիքում, որը օկուպացվել է Բիձինա Իվանիշվիլիի [իշխող կուսակցության առաջնորդի] կողմից,» – ասում է հեռուստաալիքը լքած լրագրողներից մեկը՝ Թամար Բագաշվիլին։
Հաղորդավարներ Դիանա Ջոջուան և Միխայիլ Սեսիաշվիլին օգոստոսի 21-ին՝ «Թղթատարի» երեկոյան թողարկման ժամանակ, ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու որոշման մասին։ Նրանց հայտարարությունից հետո լուրերի թողարկումն ընդհատվել է։
Շրջանառվող լուրերի համաձայն, լրագրողներն այսօր հրաժարվել են գնալ նկարահանման, իսկ հաղորդավարները’ դուրս գալ եթեր։
Օրվա ընթացքում «Թղթատարի» լրատվական թողարկումների փոխարեն եթեր են գնացել գեղարվեստական ֆիլմեր։ Չի թարմացվել նաեւ հեռուստաալիքի առցանց լրահոսը։