Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին՝ անցած ամիս տեղի ունեցած բազմամարդ բողոքի ցույցերի և հունիսի 20-21-ի՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների գործով: Օքրուաշվիլին մեղադրվում է զանգվածային բռնություններ կազմակերպելու, առաջնորդելու կամ դրանց մասնակցելու մեջ: Մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում:
Տվյալ գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 մարդ:
Բողոքի ցույցերը Թբիլիսիում մեկնարկել էին հունիսի 20-ին՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Վեհաժողովը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել նաև խորհրդարանում։ Հազարավոր ցույցարարներ դուրս էին եկել փողոց՝ արտահայտելու իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ, ցույցերի օրակարգը, սակայն, գրեթե անմիջապես ընդլայնվել էր՝ ներառելով մի շարք հրաժարականների պահանջներ։
Հունիսի 20-21 գիշերը ոստիկանության հետ բախումների արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ ստացել էին միջին և ծանր մարմնական վնասվածքներ, հարյուրավոր ցուցարարներ, որոնք, ըստ պաշտոնական Թբիլիսիի, փորձել են գրավել խորհրդարանի շենքը, կոշտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել:
Հիշեցնենք, որ Իրակլի Օքրուաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի նախկին համախոհն ու «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն: Օքրուաշվիլին երկար դադարից հետո քաղաքական դաշտ է վերադարձել Վրաստանում 2020 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Սաակաշվիլիի օրոք նա ղեկավարել է նախ Ներքին գործերի, ապա՝ Պաշտպանության նախարարությունները: