Home / Բանակ / Դատարանն արգելել է ՊՆ-ին զորակոչել Ա․Խ․-ին

Դատարանն արգելել է ՊՆ-ին զորակոչել Ա․Խ․-ին

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 2019թ․ հուլիսի 25-ին բավարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդությունն ու պաշտպանության նախարարությանը արգելել զորակոչել զորակոչիկ Ա․Խ․-ին՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Ա․Խ․-ին տարկետում տրամադրելու հարցով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարան էր դիմել դեռևս 2018թ․ հոկտեմբերի 29-ին։ Դրա մասին Հ․ Հակոբյանը 2019թ․ հուլիսի 19-ին գրությամբ տեղեկացրել է նաև Լոռու մարզային զինվորական կոմիսար Ա․ Թումանյանին և խնդրել կասեցնել Ա․ Խ․-ի զորակոչման հարցը։ Չնայած դրան՝ Ա․ Թումանյանն անտեսել է այդ հանգամանքն ու 2019թ․ հուլիսի 23-ին զինծառայության մեկնելու վերաբերյալ ծանուցագիր ներկայացրել Ա․ Խ․-ին։ Ինչից հետո Հ․ Հակոբյանը Վարչական դատարանին միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել՝ տվյալ դեպքում արգելելով զորակոչել հայցվորին։ Քանի որ զորակոչելու դեպքում ոչ միայն կդժվարանա, այլև անհնարին կդառնա դատական ակտի կատարումը։

2019թ․ հուլիսի 25-ի որոշմամբ Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը հիմնավոր է համարել այդ պնդումը և դատական ակտի կատարումը անհնարին չդառնալու կամ չդժվարանալու համար որոշել է բավարարել միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառել․ պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարին արգելել զորակոչել Ա․Խ․-ին մինչ վարչական գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Ավելին՝ 2019թ․ օգոստոսի 30-ին Վարչական դատարանի դատավոր Ա․ Ալավերդյանը մերժել է Պաշտպանության նախարարության՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը, որով վերջինս վկայակոչել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը և հայտնել, որ հիշյալ օրենքի համապատասխան դրույթներն ունեն իմպերատիվ բնույթ և բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը։

Դատավոր Ա․ Ալավերդյանը վերահաստատել է, որ դատարանը կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը միայն այն դեպքում, եթե հիմնավորվի, որ նման միջոց չձեռնարկելը անհնարին չի դարձնի կամ չի դժվարացնի դատական ակտի կատարումը։ Իսկ այդպիսի հիմնավորում Պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել։