Բաքվի կենտրոնում կիրակի օրը կանանց բողոքի ակցիայից հետո, Միացյալ Ազգերի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում է Ադրբեջանի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում գենդերային հիմքով բռնությունը կանխարգելելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 20-ի բողոքի ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջում էին ընդունել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որն առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա։
ՄԱԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանում կանանց նկատմամբ բռնությունների մասին վերջերս ստացվող հաղորդագրությունների հետ կապված, Միացյալ Ազգերի կազմակերպությունը կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել կանանց և աղջիկների պաշտպանության և այդպիսի բռնության մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունն ուղեկցվում է սոցիալական և տնտեսական մեծ ծախսերով՝ կոնկրետ անձանց, հասարակության և ամբողջ երկրի համար։
Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը կեղեքում է երկրի ջանքերը աճի և զարգացման հարցում․ ՄԱԿ-ի պատվերով իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանանց նկատմամբ բռնությունը Ադրբեջանի վրա 764 ԱՄՆ դոլար է նստում՝ երկրի ՀՆԱ-ի գրեթե 2 տոկոսը։ Տնտեսական արդյունք, որը հիմնված է բնակչության անդառնալի կորուսների, անաշխատունակության, հաշմանդամության, բռնության զոհերի աշխատանքի արտադրողականության նվազեցման և բռնության ենթարկվածին ծառայությունների տրամադրման վրա։
Բայց, առաջին հերթին, կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը կյանքեր, ընտանիքներ ու ապագա է կործանում։ Բռնության յուրաքանչյուր ակտի մարդկային գինն անչափելի է, և դա գին է, որն Ադրբեջանը չի կարող վճարել։
Մենք ընդունում ենք Ադրբեջանի կառավարության քաղաքական կամքն ու վճռականությունը այս հարցի լուծման հարցում, բայց անհրաժեշտ է ավելին։
Ադրբեջանի կառավարությունը պետք է հրատապ կարգով վավերացնի Եվրոպական խորհրդի Ստամբուլյան կոնվենցիան, որով հստակ, միջազգային ստանդարտներին համապատասխան միջոցներ կսահմանվեն բռնության տարածվածության ուսումնասիրման, բռնության ռիսկի տակ գտնվող անձանց պաշտպանության ուժեղացման, զոհերին տրամադրվող ծառայությունների մատուցման և իրավախախտների դատական հետապնդման համար։
Անհրաժեշտ է ընդլայնել բռնության զոհերի պաշտպանության ու աջակցության համար կատարվող ներդրումների ծավալները։
Անհրաժետ է անհամապաղ մանրամասնորեն ուսումնասիրել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների մասին բոլոր հայտարարությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով զոհերի ու վկաների պաշտպանությանն ու բռնություն գոռծադրածների պատժամիջոցներին։
Ադրբեջանում բոլորը պետք է խոսեն ու հաղորդեն կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի մասին, որտեղ էլ որ այն տեղի ունենա․ բռնության մասին չի կարելի լռել։
Իր կողմից Միացյալ Ազգերի կազմակերպությունը Ադրբեջանում կշարունակի սերտորեն համագործակցել կառավարության և այլ կազմակերպությունների հետ՝ ստեղծելով սոցիալական աջակցության նախագծեր, ավելի լավ աշխատանքային և ինքնազարգացման հնարավորություններ կանանց ու աղջիկների համար»։
Կոմիտեն նաև հայտնեց, որ պատրաստվում է առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրման հետ կապված։
Հոկտեմբերի 20-ին Բաքվի կենտրոնում ֆեմինիստական բողոքի ակցիա էր՝ «Մի՛ դիմացիր, դու՛րս արի երթի» կարգախոսով։
Ցույցի մասնակիցների հայտարարության մեջ ասվում էր, որ երթը անց է կացվում ի նշան «վերջին շրջանում հաճախակիացող կանանց սպանությունների, կենցաղային, ֆիզիկական և հոգեբանական բռնության, կանանց նկատմամբ ճնշումների» դեմ բողոքի։
Նախատեսված խաղաղ երթը ոստիկանության հետ բախումների պատճառով վերածվեց բողոքի ակցիայի։ Բերման ենթարկվեցին երթի տասնյակ մասնակիցներ, որոնք գրեթե անմիջապես ազատ արձակվեցին։