հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ուսանողներին չեն արգելում հայերեն սովորել

Ուսանողներին չեն արգելում հայերեն սովորել

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ներկայացրած նախագծով, լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի գիտական խորհուրդ իրավասու է ինքնուրույն որոշել՝ ներառել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր կամ հայեցողական առարկաների ցանկ։ Հավանաբար, ի պատասխան Երևանի պետական համալսարանի բանասիրական և պատմության ֆակուլտետների ուսանողների ու դասախոսների այսօրվա դասադուլին, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանն ընդգծել է՝ թեև վերոնշյալ առարկաները նախագծի ընդունումից հետո կարող են դառնալ ոչ պարտադիր, նախագծով սահմանված սկզբունքներում հստակ ամրագրված են ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։

«Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։ Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած ԲՈՒՀ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։

Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը», – գրել է նախարարը՝ փորձելով վստահեցնել անհանգստացող քաղաքացիներին, որ հայոց լեզվի ու պատմության կրկնության բացառման հետևանքով ազգի հետ ոչինչ տեղի չի ունենա։

ԵՊՀ բանասիրականում այսօր դասադուլ անող ուսանողներն ու դասախոսները, կարծես, ավելի հոռետեսական էին տրամադրված։

«Մենք պատերազմող երկիր ենք, ունենք ցեղասպանության խնդիր, լեզուն ազգի պահպանման հիմքն է, և չի կարող այդպես լինել։ Մենք և բոլոր մեր ֆակուլտետի ընկերները դեմ են նախարարի այս հայտարարությանը։ Նա նույնիսկ արժանի չէ նախարար լինելուն։ Եվ բոլոր այն կողմնակիցները, ովքեր որ կհամարեն, որ հայոց լեզուն պարտադիր չէ, ուրեմն՝ նրանք չեն կարող ազգ պահպանել, ուրեմն՝ ո՞ւմ են պետք իրենք», – ասաց դասադուլին մասնակցող ուսանողուհիներից մեկը։

Մյուսն ընդգծեց՝ հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելը «աղետալի հետևանքներ կարող է ունենալ»․

«Սա շատ լուրջ հարված է լինելու մեր ազգային ինքնությանը, մեր դիմագծին, մեր պետականությանը, վստահ եմ, որ այս նախագիծը, բացի փլուզումից և կործանումից, մեր ազգին ոչինչ չի տալու»։

Ուսանողների հետ համակարծիք էին նաև բանասիրության ֆակուլտետի դասախոսներ, դոցենտներ Արշալույս Գալստյանը և Անահիտ Մովսիսյանը։

Մովսիսյանն ընդգծեց` եթե այս նախազգուշական դասադուլն արդյունք չտա, ցույցերը կշարունակեն Ազգային ժողովի բակում։

«Մայրենիի կորուստը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է նշանակում մեր նման փոքր ազգի համար», – ասաց Գալստյանը։

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո ուսանողներն ու դասախոսները դուրս եկան բանասիրականի մասնաշենքի բակ։ Նրանք ընթերցեցին վարչապետին, նախագահին և Ազգային ժողովի խոսնակին ուղղված դիմումի տեքստը, որով պահանջում են վերանայել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և կրկին պարտադիր դարձնել հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները։ Ուսանողների խոսքով՝ դիմումը պատկան մարմիններին կուղարկվի շաբաթվա վերջում՝ ստորագրահավաքից հետո։

Ակցիայի վերջում դասադուլի կազմակերպիչ, ուսանող Գևորգ Գյուլումյանը հայտարարեց, որ սա իրենց գործողությունների սկիզբն է, և կոչ արեց նախարար Արայիկ Հարությունյանին «որոշում կայացնելուց առաջ ծանրութեթև անել»․

«Նախարար Հարությունյանին ևս մեկ անգամ կոչ ենք անում որևէ որոշում կայացնելուց առաջ նստել, խորը մտածել, և հաշվի չառնել մենակ այն փաստը, որ նա կյանքում մեծ ձեռքբերում է ունեցել և Գյումրի-Երևան ավտոճանապարհը կարողացել է ոտքով անցնել։ Դա շատ քիչ է հայոց լեզվի մասին նման լուրջ որոշումներ կայացնելու համար»։

Գյուլումյանի մեջքին էր կանգնած, մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող Վահագն Չախալյանը։