Թբիլիսիի քաղաքային դատարանը գիշերը որոշում է կայացրել նոյեմբերի 18-ին բերման ենթարկված 12 ակտիվիստների կալանավորել 5-13 օր ժամկետով։ 10 ցուցարարներ, այդ թվում՝ 8 քաղաքացիական ակտիվիստ և 2 ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, դատապարտվել են ադմինիստրատիվ կալանքի։ Բոլորին դատարանի դահլիճից մեկուսարաններ են տեղափոխել։ Եվս երկու ակտիվիստներ բանավոր նկատողություն և վարչական տույժ են ստացել։ 25 բերման ենթարկված ակտիվիստների գործերի քննության օրը տեղափոխվել է։ Հստակ ամսաթիվ դեռևս հայտնի չէ։
Այսօր Վրաստանի արդարադատության նախարար, փոխվարչապետ Տեա Ցուլուկիանին հայտնել է, որ Վրաստանին անհրաժեշտ է խառը ընտրական համակարգ, որում կան և՛ մեծամասնականով, և՛ կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորներ։
«Լավ է, որ ընտրությունների համամասնական մոդելը զրոյական անցողիկ բարիերով չընդունվեց մեր երկրում։ Ես, որպես նախկինում մեծամասնականով ընտրված պատգամավոր, մնում եմ այն կարծիքին, որ մեծամասնական սկզբունքն այն է, ինչ պետք է ժողովրդին։ Այն, որ [համամասնական] մոդելը չընդունվեց մեր երկրում, երաշխիք է, որ 2020 թվականի ընտրությունների արդյունքում մենք ունենանք այն քաղաքական ուժը, որին ընտրում է ժողովուրդը, երկրում կայունություն հաստատվի»,- ասել է նախարարը։
Կառավարության նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ Ցուլուկիանին ասել է, որ ընդդիմությունն այժմ «սնանկ է», քանի որ «սկսել է վարդերից ու ավարտել կողպեքներով»։ Կառավարության այսօրվա նիստն ընթանում էր բողոքի ակցիաներին զուգահեռ, որոնց ժամանակ ցուցարարները կողպեքներ էին ամրացնում խորհրդարանի շենքի դարպասներին։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական սկզբունքով ընտրված պատգամավոր Դմիտրի Խունդաձեն իր համակիրների հետ խորհրդարանական գործընթաց է սկսել ամբողջապես մեծամասնական ընտրական համակարգի անցնելու համար։
Խունդաձեն հայտնել է, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները պատրաստվում են շրջել մարզերով և ստորագրություններ հավաքել մաժորիտար սկզբունքի օգտին։
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14֊ին չընդունեց խորհրդարանական մեծամասնության առաջարկած օրենսդրական նախագիծը սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվում էր անցում կատարել ընտրությունների համամասնական համակարգի։ Խորհրդարանը տապալեց այդ քվեարկությունը հենց «Վրացական երազանքի» որոշ պատգամավորների պատճառով, ովքեր մեծամասնական համակարգով էին ընտրվել։