«Անկախ քաղաքական փոխակերպումներից և փոփոխություններից, կյանքը գնում է մի ուղղությամբ, բայց պետական մշակութային կառույցները մնում են այն տրամաբանության մեջ, ինչ եղել են երեսուն տարի առաջ, և հեղափոխություն պետք է նաև մշակույթի ոլորտում», – այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը։
Ըստ նրա՝ հիմնական բացթողումը տարիներ շարունակ եղել է այն, որ մշտապես նախարարության վրա դրվել էին կառույցի ուժերից վեր սոցիալական գործառույթներ․ «Հիմա մենք հայտարարել ենք, որ աստիճանաբար գնալու ենք ամբողջական մասնագիտացման ճանապարհով, այսինքն՝ մշակութային գործունեության և պետական միջոցներով միջոցառումներ կարող են անել և ծրագրեր իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, հաստատությունները, անձինք։ Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը հենց սիրողական սոցիալական աջակցությունից»։
Պետությունն, ըստ նրա, հետևյալ սկզբունքն է որդեգրել․ բոլոր նախաձեռնություններում պետք է առավելագույնս ապահովվի մասնագիտական հանրության ընդգրկվածությունը. որևէ հարց գրասենյակային պայմաններում չի՛ քննարկվելու և չի՛ լուծվելու։
«Եթե մենք որոշումներում չենք ընդգրկում մասնագիտական հանրությանը, հետագայում պատասխանատվությունը չենք կարող պատվիրակել մասնագիտական հանրությանը, ամբողջ պատասխանատվությունը մնում է նախարարության ուսերին, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ։
Անկախ քաղաքական փոխակերպումներից և փոփոխություններից, մենք վաղուց ասում ենք, որ կյանքը գնում է մի ուղղությամբ, բայց պետական մշակութային կառույցները մնում են այն տրամաբանության մեջ, ինչ եղել են երեսուն տարի առաջ, և հեղափոխություն պետք է նաև մշակույթի ոլորտում։
Մենք խնդիր ունենք պետական կառույցների, ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մոդելի արդիականացման, խնդիր ունենք այս կառույցներն իրենց գործունեությամբ տեղեկատվական դաշտում դիրքավորելու առումով, ունենք մասնագիտական կադրերի վերապատրաստման խնդիր։
Բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվում, որոնց արձագանքը հանրային կյանքի, հանրության սպասումների, պահանջների վրա շատ կասկածելի է։ Դրանք չեն ստեղծում հավելյալ արժեքներ, դրանք լինում են մեկանգամյա, շատ կարճ կյանք ունեցող ներկայացումներ, միջոցառումներ, ակցիաներ։ Մեր խնդիրն է՝ առավելագույնս դա տեղավորել մեկ տրամաբանության մեջ։ Ոչ թե բերենք, ձևերը դնենք մեկ տրամաբանության մեջ, այլ քաղաքականությունը պետք է լինի միասնական և համընդհանուր», ֊ հայտարարել է Խզմալյանը։
Անհրաժեշտ է նաև մտածել մեխանիզմների մասին, որոնցով պետական կառույցները, նրա խոսքով, կնվազեցնեն իրենց կախվածությունը պետբյուջեից։ «Լուրջ հովանավորների հետ աշխատում են առնվազն մեկ տարի։ Երբ ՊՈԱԿ֊ների տնօրեններն ասում են, որ այսինչ բանկի ղեկավարը հրաժարվել է իրենց աջակցելուց, ես հարց եմ տալիս․դուք ունե՞ք տարեկան մարքեթինգային պլան, գովազդատեղեկատվական ռազմավարություն, դուք հովանավորների հետ, մեկ նամակից բացի, այլ միջոցառումներ նախաձեռնո՞ւմ եք։
Էլի գալիս ենք նրան, որ մինչև մեր հովանավորներին հայհոյելն ու ասելը, որ Հայաստանում հովանավորչական մշակույթ գոյություն չունի, մենք պետք է հասկանանք այդ հովանավորչական միջոցները պետական համակարգ ընդգրկելու եղանակների մասին։
Դրա համար հաջորդ տարվանից նախատեսում ենք նաև մասնագիտական վերապատրաստումներ՝ փայլուն հասկանալով, որ թատրոններում, պետական կառույցներում առկա հանրային կապերի բաժինները մեծ մասամբ չունեն համապատասխան մասնագիտական որակավորում, որպեսզի կարողանան ինքնուրույն լուծել այս հարցերը՝ առանց մասնավոր հատվածից մասնագետ ընդգրկելու»։
Մշակութային դաշտը պետք է ազատ լինի
Խզմալյանի խոսքով՝ մշակույթի մեջ հեղափոխությունը չի կարող վերաբերել միայն պետական գերատեսչությանը․ այն սկիզբ է առնում ստեղծագործողների մտածողության հեղափոխությունից։ Մշակույթի հեղափոխության առաջին պատասխանատուները բուն ստեղծագործողներն են, ոչ թե պետական գերատեսչությունը։
«Մշակությում հեղափոխություն ասելով, մենք հասկանում ենք նոր ֆորմաների բացահայտում, գեղարվեստական նոր լեզվի, հանդիսատեսի հետ հարաբերվելու նոր եղանակների բացահայտում։
Իհարկե, մենք գնալով ավելի ենք ազատականացնում ոլորտը․ պետական վերահսկողությունը, անհարկի միջամտություններն ազատ ստեղծագործական պրոցեսներին, վարչական լծակների կիրառումը տնօրենների և ոլորտի պատասխանատուների կողմից այլևս չկան։ Ստեղծագործական դաշտը պետք է լինի ազատ»։
Ունենալ մշակութային շուկա
«Հեղափոխական եմ համարում այն ալիքը, որը հիմա սկիզբ է առել մշակութային կրթության ոլորտում․ տեսեք ԴասԱ կրթամշակութային ծրագիրը, Դասարան+դասական ծրագիրը։
Մենք գնալու ենք էմոցիոնալ կրթության ճանապարհով՝ դասական երաժշտությունը, դասական արժեքները, դասական պոեզիան տպավորիչ ձևերով մեր դպրոցականներին ներկայացնելու համար, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ վաղվա մշակութային, ներեցեք խոսքիս համար, շուկա, մենք այսօր պետք է սկսենք պատրաստել այդ շուկան։
Մեր ստեղծագործողները տրտնջում են հիմնականում մի բանից, որ իրենք ստեղծում են արժեք, և տպավորություն է, որ այդ արժեքը չունի ընկալող, չունի տեր։ Ասում են՝ «չեմ կարողանում դահլիճ հավաքել, տոմս վաճառել»․․․ որովհետև մենք չենք ձևավորել այն միջավայրը, որը պահանջարկ ունի մշակութային ու գեղարվեստական այդ արդյունքի։ Իսկ այդ շուկան ձևավորելը միայն կրթության ճանապարհով է հնարավոր։ Կարծում եմ նաև հեղափոխական քայլ է այն, որ մենք առավելագույնս ներառական ենք դարձրել պետական քաղաքականության մշակումը և իրականացումը․ երկու-երեք հոգով չի որոշվում, թե պետբյուջեն ինչպես պետք է բաշխվի կամ որոնք են առաջնահերթությունները։ Դա արվում է ոլորտի պատասխանատուների հետ սերտ համագործակցության ճանապարհով»։
Անհատ ստեղծագործողների հետ պետության հարաբերությունները
«Հաջորդ տարվանից, արդեն, թերևս, կարող եմ ասել՝ հավանաբար, կգործի նպաստների սկզբունքը։ Բացի այն, որ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները դիմում են նախարարություն՝ դրամաշնորհների ծրագրով, անհատները կկարողանան դիմել նախարարություն և, նպաստի սկզբունքով, մեկնել այս կամ այն փառատոնի՝ վարպետության դասի, մրցույթի համար և այլն։
Որո՞նք է պետությունն իր համար համարում առաջնահերթ մշակութային միջազգային հարթակներ։ Մենք հիմա շատ լուրջ աշխատում ենք դրամական միջոցների բաշխման չափանիշների մասով։ Մեզ հարյուրավոր մարդիկ են դիմում՝ տարբեր միջազգային նախագծերի մասնակցելու համար։ Եվ մենք չունենք փաստաթուղթ, որով կհասկանանք՝ այո կամ ոչ։ Ուզում ենք վերջ տալ սուբյեկտիվությանը, անորոշ որոշումներին և դնել հստակ չափանիշներ։ Մենք ունենք, օրինակ, թատերական փառատոնների մենյու, պիտի ձևավորենք, պատկերավոր ասած, այդ մենյուն, ու երբ որևէ մեկը մեզ դիմում, ասում է՝ ուզում եմ գնալ, մենք նայում ենք՝ կա՞ այդ փառատոնը մասնագետների կողմից որոշված ցանկում, պետությունն աջակցի՞, թե՞ չաջակցի։
Դրամաշնորհային պայմանների մեջ կետ ենք դրել, որ առաջնահերթություն է տրվելու նախագծերին, եթե դրանք բացօթյա և արտագնա նախագծեր են, որոնք ընդգրկում են պատմամշակութային հուշարձան կամ զբոսաշրջային միջավայր։ Այսինքն՝ մշակույթի միջոցով հուշարձանների, բնական միջավայրերի հանրայնացման և միջազգայնացման խնդիր ենք փորձում լուծել։
Հիմա աշխատում ենք ԱԳՆ մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք՝ պետությունը տարվա կտրվածքով որտեղ և ինչ կարևոր միջոցառումներ ունի անելու, և փորձենք սինխրոնիզացնել մեր մշակութային ծրագրերն արտաքին քաղաքականության հետ։
Ստեղծագործական ոլորտի ազատ լինելու մասին մեր հայտարարությանը հետամուտ ենք լինելու, որովհետև տեղեկատվության սահմանափակման և միջամտության իրավունք ունենք անչափահասների շրջանում։ Բայց եթե մենք գործ ունենք գիտակից, հասուն, չափահաս արվեստագետի հետ, շատ տարօրինակ կլինի, եթե պետությունը փորձի նրա ձեռքը բռնել և ուղղություն ցույց տալ»։
Ստեղծագործական միությունից պետության ակնկալիքները
«Պետական գերատեսչությունն այլևս ոլորտի հայրը չէ, մոռացե՛ք։ Պետք է նախաձեռնողականությունը խրախուսենք, պահանջը պետք է ձևավորվի ներքևում։ Ի՞նչն է խանգարում գաղափարներ ունեցող երիտասարդներին, ստեղծագործողներին համախմբվել և կա՛մ մտնել գործող ստեղծագործական կազմակերպություններ, կա՛մ ստեղծել այլ կազմակերպություններ։ Մենք ինչո՞ւ ենք ծուլացնում հասարակությանը։ Պետական գերատեսչությունը պարզապես պետք է լինի համադրողի, խրախուսողի դերում։
Ինչո՞ւ չեն երիտասարդները փորձում աշխատել նախագահների հետ, փոխել նախագահներին, եթե կարիք կա, դնել մարդկանց, ովքեր կարող են աշխատել», ֊ մասնավորապես, ասել է փոխնախարարը։