Home / Դատարան / Փաստաբանական գաղտնիք պարունակող հեռախոսազրույցները չեն ոչնչացվել

Փաստաբանական գաղտնիք պարունակող հեռախոսազրույցները չեն ոչնչացվել

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում քննիչի կողմից այն զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները: Այս մասին ասված է Հայաստանի փաստաբանների պալատի հունվարի 20-ի հայտարարությունում։

Պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ՝

Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և, նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։

Այնուհետև, Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։

Բացի այդ, քննիչի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցություններն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցությունները քրեական գործով որևէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում չեն դրվել և չեն կարող դրվել, իսկ դրանք գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում։

Հանձնաժողովը հորդորում է իրավասու պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։