Ռուսաստանի կողմից առաջնորդվող օդային ուժերի հարձակման արդյունքում նվազագույնը 12 մարդ է սպանվել Սիրիայում, որտեղ կառավարության ապստամբության դեմ ուղղված քայլերի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ դեպի Թուրքիայի հետ սահման են փախչում։
Երեկ՝ հունվարի 21-ին, Հալեպից դեպի արևմուտք գտնվող Քֆար Թաալ գյուղում ութ հոգանոց ընտանիք է սպանվել, ներառյալ՝ վեց երեխա։ Եվս չորս հոգի սպանվել են Իդլիբ մարզի հարավ-արևելքում գտնվող Մաարդաբսեում։
Չհաստատված տեղեկություններ կան գյուղական շրջանների վրա ռուսական զորքերի օդային հարձակման ևս մեկ դեպքի մասին, որի արդյունքում ութ մարդ է զոհվել։
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ, պատասխան հրթիռային հարձակումների արդյունքում ևս երեք քաղաքացի է սպանվել՝ երկու կին և մեկ երեխա, կառավարության վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքում։
Մոսկվան ու Դամասկոսը հերքում են խաղաղ բնակչության ուղղությամբ հարձակումների փաստը, նշելով, որ իրենց համատեղ պայքարը ծայրահեղականների դեմ է։
Դավոսի տնտեսական համաժողովում Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։