Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է պատժախուց տեղավորելու ձևով կարգապահական տույժի:
ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման վարույթ, որի արդյունքում օմբուդսմենը կայացրել է խախտման առկայության մասին որոշում։
«Ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման:
Կոնկրետ գործով չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝ անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և մեկուսացվել:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:
Ավելին, անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է ուսումնասիրվի անհատապես, և դրա նկատմամբ պետք է սահմանվի հսկողության իրավիճակային պլան:
Դրանից բացի, կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն դուրս բերվել (ազատազրկվածը գամված է եղել սանհանգույցի դռան վրա) և պատշաճ հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում» և անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով:
Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է մշակել նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի նշանակումը:
Մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան», – մասնավորապես ասված է հաղորդագրությունում: