հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ո՞րն է ույղուր մահմեդականների մեղքը

Ո՞րն է ույղուր մահմեդականների մեղքը

Բի֊բի֊սի֊ին հաջողվել է ուսումնասիրել մահմեդական ույղուրներին Չինաստանի ճամբարներում պահելու մասին փաստաթուղթը։ Սինցզյանում Չինաստանի քաղաքականության առաջատար փորձագետներից մեկը՝ Էդրիան Զենզը, կարծում է, որ փաստաթուղթը բնօրինակն է։ Իշխանությունները շարունակում են պնդել, որ այդ ճամբարները էքստրեմիզմի դեմ պայքարի մաս են ընդհամենը։

Փաստաթղթում թվարկված են Սինցզյան նահանգի ավելի քան 3000 բնակիչների անձական տվյալները։ Որոշների անվան դիմաց տեղեկություններ են աղոթելու հաճախության, հագնվելու ձևի կամ ընտանիքի մասին։

Անվանացանկի 598-րդ տեղում Հելչեմ անունով մի կին է, ով ճամբարում հայտնվել է, քանի որ տարիներ առաջ հիջաբ է կրել։ 66-րդ համարը 34-ամյա տղամարդ է, ով դիմել է արտասահմանյան անձնագիր ստանալու։ 239-րդ տեղում 28-ամյա Նուրմեմեթն է, ով մեղադրվում է «պատահաբար արտասահմանյան կայքի հղմանը սեղմելու» մեջ։ Մի տղամարդ ճամբարում հայտնվել է «երկու գույնի խիտ մորուք ունենալու և կրոնական գրականության ընթերցանության խումբ կազմակերպելու» համար։ Մյուսը 15 տարի է ստացել «ինտերնետով արտասահմանում գտնվող մարդկանց հետ կապի մեջ լինելու» համար։ Եվս մեկը 10 տարի՝ հեռախոսի լուսանկարների պատճառով։

Ցանկում գրանցված մարդկանց մեծ մասը Սինցզյան֊Ույղուրյան նահանգի Կարակաշ օկրուգից են։ Այդ նահանգի բնակչության 90%-ը ույղուրներ են։

«Կարակաշի ցանկը», ինչպես փաստաթուղթն անվանել է Էդրիան Զենզը, վկայում է այն մասին, որ Չինաստանի իշխանությունները կրոնի և հավատի ցանկացած արտահայտում ինչպես նաև հետաքրքրություն արտասահմանի նկատմամբ, մեկնաբանում են որպես էսքտրեմիզմի դրսևորումներ։

2017 թվականի սկզբում, երբ ույղուրների ինտեգրման ծրագիրը նոր էր սկսել գործել, «գյուղական աշխատանքային խմբեր» էին ուղարկվում Սինցզյան նահանգ։ Այդպիսի խմբերի յուրաքանչյուր անդամ կցված էր մի քանի ընտանիքների, որոնց պարբերաբար այցելում էր ու զեկույցներ գրում տվյալ ընտանիքի «կրոնական պահվածքի» մասին։ Օրինակ, գրում էին, թե Ղուրանի քանի օրինակ կա տանը, քանի անգամ են աղոթում և այլն։

Այս փաստաթուղթը հաստատում է, որ հենց այդ զեկույցներն են հիմք ծառայել մարդկանց ձերբակալությունների և ճամբարներում վերաբնակեցման համար։

Հաստատվում է նաև, որ Պեկինը հավաքական պատասխանատվության սկզբունքին հետևելով, ճամբարներ է տեղափոխել ամբողջական ընտանիքների, ոչ թե առանձին մարդկանց։

179, 315 ու 345 կետերում Յուսուպ անունով 65-ամյա տղամարդու բնութագիրն է․ դուստրերը 2014-2015 թվականներին հիջաբ են կրել, որդին քաղաքական իսլամի հետևորդ է, ընտանիքը «բացասաբար է տրամադրված էթնիկ չինացիների նկատմամբ»։ Վճիռը «կրթության շարունակությունն» է։ Այսինքն, Յուսուպը պատիժ է կրում ոչ միայն իր գործողությունների, այլ նաև ընտանիքի «ոչ հուսալիության» համար։

Ցանկի տվյալների համաձայն, ույղուրները ճամբարներում հիմնականում հայտնվում են ընտանիքի ծրագրման չինական մոդելին չհետևելու պատճառով։ Հավանաբար Պեկինը ընտանիքի բազմազավակությունն ընդունում է որպես ույղուրների կողմից իրենց ավանդույթները չինական օրենսդրությունից բարձր համարելու նշան։

Բոլոր այս փաստաթղթերը հրապարակվում են ույղուր֊փախստականի միջոցով։ Անցյալ տարի նա փաստաթղթերի մեծ մասը հանձնել էր արտասահմանյան իր ծանոթներին, բացի այս ցանկից, որը փոխանցել էր Ամստերդամում ապրող Ասիե Աբդուլահեբ անունով ույղուր կնոջը։

«Կապ չունի փաստաթղթի վրա կնիքներ կան, թե ոչ։ Սա իրական, կենդանի մարդկանց մասին տեղեկություն է։ Սրանք իրական մարդկանց տվյալներ են, որոնք այլ կերպ մամուլում հայտնվել չէին կարող։ Չինաստանի իշխանությունները չեն կարող պնդել, որ այս ցանկը կեղծ է»,- ասում է Աբդուլահեբը։

Չինաստանի ույղուրների մեծամասնության նման նա ևս կապը կորցրել է Սինցզյանի ճամբարներում մնացած իր հարազատների հետ։

Կինը իր մոտ հայտնված ցանկը տրամադրել է միջազգային լրատվամիջոցների, այդ թվում Բի֊բի֊սի֊ին։

Էդրիան Զենզը կարծում է, որ այս վերադաստիարակման ճամբարներն իրականում ավելի մասշտաբային բանտային համակարգի մաս են։ Ցանկում նշված ավելի քան քսան ույղուրների անվան դիմաց նշված էր, որ շուտով ազատ կարձակվեն՝ «արդյունաբերական ոլորտում աշխատելու համար»։ Այժմ շատերն են խոսում Չինաստանում դատապարտյալների հարկադիր աշխատանքի մասին։

Պաշտոնական Պեկինը պնդում է, որ Սինցզյանում գործում են հավատի ազատությունը պաշտպանող օրենքներ, ճամբարների միակ նպատակը էքստրեմիզմի և ահաբեկչության դեմ պայքարն է, մարդիկ այդտեղ հայտնվում են բացառապես նմանատիպ հանցագործություններում մեղադրվելու դեպքում։