Home / Բանակ / ՊՆ փոխնախարար Բալայանին ենթարկել կարգապահական պատասխանատվության․ հայտարարություն

ՊՆ փոխնախարար Բալայանին ենթարկել կարգապահական պատասխանատվության․ հայտարարություն

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել էր, որ որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահները։ Ավելի ուշ պատասխան հայտարարությամբ հանդես է եկել «Human Rights House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը․

«ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը 2020 թվականի փետրվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե «իրավապաշտպանների պնդմամբ, քրեական մշակույթի ենթատարրերը հենց հրամանատարական կազմի մեջ է պետք փնտրել»՝ նկատի ունենալով վերջին ժամանակներում ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ խաղաղ պայմաններում հաճախացած մահվան դեպքերը, իր պատասխանում թույլ է տվել իրավապաշտպանի կոչումն ու առաքելությունը վարկաբեկող արտահայտություններ։

Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ «այդ իրավապաշտպաններին» համարում է «չակերտավոր իրավապաշտպաններ», որոնք, փոխնախարարի բնորոշմամբ, «քայքայիչ գործունեություն են իրականացնում»։ Նա իրավապաշտպաններից ոմանց մեղադրել է զոհված զինծառայողների հարազատներին «որոշակի գործողությունների դիմելուն հրահրելու» մեջ։

Վերջում՝ մեր գնահատմամբ ակնհայտ սպառնալիք հնչեցնելով իրավապաշտպանների հասցեին՝ փոխնախարարը կարծիք է հայտնել, թե «շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով»՝ իրավապաշտպաններին, ի թիվս այլնի, մեղադրելով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մեջ։

Մարդու իրավունքների տուն Երևանը՝

  • կարևորելով հատկապես զինված ուժերում հանրային վերահսկողության անհրաժեշտությունը,
  • կարևորելով իրավապաշտպանների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և նրանց հանրային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը,
  • նկատի ունենալով իրավապաշտպանների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության ու հարգման, իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարության հաստատման գործում,
  • ղեկավարվելով իրավապաշտպանների պաշտպանության ու աջակցության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով,

խստորեն դատապարտում է իրավապաշտպանների թիրախավորումը, նրանց վարկաբեկումն ու սպառնալիքները՝ ՀՀ պետական իշխանության մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ անելով․

  1. ձեռնպահ մնալ իրավապաշտպաններին վարկաբեկող, նրանց թիրախավորող արտահայտություններից ու գործողություններից, ինչպես նաև քրեական պատասխանատվության կանչելու սպառնալիքներից,
  2. ՀՀ պաշտպանության նախարարին՝ քննարկել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի վարքը, հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկել կարգապահական պատասխանատվության,
  3. ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել իրավապաշտպաններին վարկաբեկելու, նրանց սպառնալու համար, իր հետագա հանրային գործունեության մեջ ձեռնպահ մնալ նման գործելաոճից ու բառամթերքից,
  4. ՀՀ պաշտպանության նախարարին՝ ձեռնարկել միջոցներ բանակում հանրային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ այդ գործընթացում առավել ակտիվորեն ներառելով նաև իրավապաշտպաններին»։