Ազգային ժողովում ատելության հիմքով բռնության կոչերը քրեականացնող նախագծի քննարկումից առաջ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հայտարարություն են տարածել, որում հատկապես երկու դեպք է առանձնացվում․
«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ Սա մեր Սահմանադրության անփոփոխ երեք հոդվածներից մեկն է։
Ի հավելումն սրան, մենք՝ Հայաստանի Հանարապետության քաղաքացիներս և այստեղ բնակվող մարդիկ, հռչակել ենք, որ պետք է բռնությունը բացառենք որպես ներհասարակական խնդիրները լուծելու միջոց։ Մեր երկրի կառավարող ուժը այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու քաղաքական պատասխանատվություն է ստանձնել։
Խտրական խոսքը, ատելության խոսքը և դրա հետևանքով ֆիզիկական բռնության դեպքերը Հայաստանի Հանրապետությունում և հայ հասարակության մեջ, ցավոք, պարբերաբար դրսևորվող երևույթներ են։
Վերջին մի քանի օրվա ընթացքում ականտես ենք լինում այս երևույթի նոր շրջափուլի՝ տարբեր դրսևորումներով։ Հանրային մեծ ուշադրություն գրավեցին հատկապես երկու դեպք։
Օրեր առաջ Ռուբեն Հախվերդյանը հարցազրույցի ժամանակ օգտագործեց մի շարք խտրական ձևակերպումներ։ Նախևառաջ խոսքը մասնավոր անձանց հատկանիշները հավաքական ինքնությանը վերագրելու մասին է։ Առանձին անհատի (այս դեպքում՝ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան) այս կամ այն ինքնության (այս դեպքում՝ Ղարաբաղցի) կրող լինելը և դրսևորած բացասական հատկանիշները չեն նշանակում, որ նույն ինքնության մյուս կրողները անհրաժեշտաբար նույն հատկանիշները ունեն, սատարում են դրանք և պատասխանատվություն են կրում այդ հատկանիշների համար։ Միևնույն ժամանակ վերոհիշյալ հարցազրույցում խտրական արտահայտություններ կան նաև այլ ազգերի, մշակույթների, կրոնների, ինչպես նաև կանանց նկատմամբ։
Այս հարցազրույցին հետևեցին ինչպես դրա մեջ տեղ գտած խտրական արտահայտությունները սրող արձագանքներ, այնպես էլ հակադարձ վիրավորանքներ և ատելության խոսք։ Արդարացված, բայց մարդու արժանապատվությունը չվիրավորող քննադատություն իհարկե նույնպես հնչեց։
Մյուս դեպքը երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպն էր և դրան նախորդած ու հաջորդած սադրիչ, հրահրող և մարդու արժանապատվությունը վիրավորող խոսքը։ Տեղի ունեցած ֆիզիկական բռնության տարրեր պարունակող դեպքը գործող օրենսդրությամբ արդեն իսկ պատժելի արարք է, և ոստիկանությունը արդեն զբաղվում է այդ միջադեպով։
Այնինչ հոգեբանական և խոսքի միջոցով արտահայտված բռնությունը և ֆիզիկական բռնությունը փոխկապակցված են և ունեն էսկալացվելու հատկություն։ Այս համատեքստում ավելի ցայտուն է դառնում բռնությանը՝ իր տարբեր դրսևորումներով առաջին իսկ պարագայում արձագանքելու իրավական մեխանիզմների անհրաժեշտությունը․ այն է խտրական և ատելության խոսքի մասին օրենսդրությունը՝ որպես բռնության նոր շրջափուլերի առաջացումը կանխող միջոց»։
Նշենք, որ ավելի վաղ Շիրակի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Ազգային ժողովում Բարձրագույն կրթության օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանի ելույթից հետո վերջինիս հանդեպ ՇՊՀ-ում սկսվել են իրականացվել ճնշումներ, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով և սպառնալիքներով։
Բարսեղյանին ուղարկված նամակը ստորև․