Մարտի 31-ին Ղարաբաղում տեղի ունեցած համապետական ընտրությունները համապետական ընտրություններ չեն, որովհետև դրա համար պետք է լինի պետություն։ Այս մասին newarmenia.am կայքին տված հարցազրույցում խոսել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, «Սասնա Ծռեր» կուսակցությանը մոտ կանգնած քաղաքագետ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան (2000-2006) Արա Պապյանը։
– Պետություն նշանակում է անկախ քաղաքական միավոր՝ ճանաչված միջազգային իրավունքի այլ սուբյեկտների կողմից, ինչը տվյալ դեպքում չունենք։ Չունենք առաջին հերթին անկախ, որովհետև դա ՀՀ-ի մասն է՝ ոչ միայն պատմականորեն, այլ նաև իրավականորեն, որովհետև 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միացման որոշումն առ այսօր ուժի մեջ է և, փաստացի այն տեսանկյունից, որ այնտեղ Հայաստանի քաղաքացիներն են, Հայաստանի զինվորներն են, Հայաստանի տնտեսության շարունակությունն է, Հայաստանի բյուջեն է։ Դրա համար էլ՝ սկզբունքորեն դեմ եմ այնտեղ նման ընտրությունների անցկացմանը։
Այդուհանդերձ, ընտրությունների անցկացման ժամանակը սխալ էր ընտրված, երբ ամբողջ աշխարհում զանգվածային միջոցառումները չեղարկվում են կամ հետաձգվում են, չէր կարելի 76 հազար մարդ փողոցներ դուրս հանել և բերել ընտրատեղամասեր, քանի որ դա իր մեջ շատ մեծ ռիսկ ունի՝ վարակի պայթյունային տարածման, որ ասում են Արցախում հայտնաբերված չէ վարակի դեպք, իսկ ո՞վ է որոնել, որ գտնի։ Ընդամենը 29 հոգուց են փորձանմուշ վերցրել, իսկ դա շատ փոքր թիվ է։ Բացի այս, չնայած ես այնտեղ չեմ եղել, բայց ընկերներս, ովքեր այնտեղ են եղել, տեսնելով կադրերը, թե ինչ խախտումներով է անցել այդ գործընթացը, հսկայական տեղեկություններ կան՝ տարբեր ձևերով կաշառքի բաժանման վերաբերյալ, սկսած հարսանեկան նվիրատվություններից մինչև թաղման ծախսեր հոգալ և այլն։
Հետևաբար, նման խախտումներով հանդերձ, գումարած դրան, որ հավասար պայմաններ էլ չեն եղել բոլորի համար իսկզբանե՝ համարում եմ, որ արդար չեն եղել ընտրությունները և այս ամենը մեկ այլ պատճառով ավելի մեծ թերահավատություն է ներշնչում, դա այն է, որ չեն եղել միջազգային դիտորդներ, ըստ էության մեկ հոգի Ռուսաստանից է եղել, որն անգամ դիտորդ չէ, իսկ Հայաստանից եղել է փոքրաթիվ, այսինքն, չկա վերահսկող և վստահելի կառույց, ինչպես նաև, խիստ սահմանափակ է եղել նույն լրագրողների մուտքը և դիտարկում իրականացնելը, էլի չունենք միջազգային ԶԼՄ ներկայացուցիչ։ Այսօրվա վիճակով՝ ունենք ամենավատ տարբերակը․ վտանգի ենթարկելով ժողովրդին, իսկ հաստատ առաջիկա մեկ շաբաթվա մեջ արդեն ի հայտ կգան վարակված անձինք, էլ չեն կարող թաքցնել, մենք այսօր արդյունք չունենք և այս ամբողջն ավելի խորացնելու ենք՝ երկու շաբաթ հետո նախատեսված երկրորդ փուլով։
– Պարո՛ն Պապյան, Ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունը և՞ս կանցնի նմանատիպ խախտումներով։
-Միանշանակ այդպես է լինելու, իսկ ի՞նչ է փոխվել։ Առաջին տեղում ունենք Արայիկ Հարությունյան, որը եղել է, Հայաստանի ներկա իշխանության բառապաշարով ասած, հանցագործ վարչախմբի թիվ երկրորդ մարդը՝ լինելով վարչապետ, ինքը թիվ մեկ օլիգարխն է Արցախի, այսինքն, ինքը մի մարդ է, որն իր մեջ կենտրոնացնում է Գագիկ Ծառուկյանին և Կարեն Կարապետյանին՝ և՛ վարչապետ է, և՛ թիվ մեկ օլիգարխը։ Որևէ մեկը թող չհամոզի, որ այն հարստությունը, որն ինքը ձեռք է բերել՝ որպես պաշտոնյա, եղել է օրինական ճանապարհով։ Հիմա նա նախկինում այդ անօրինական կուտակածն օգտագործում է պաշտոն ստանալու համար։ Եթե ինքը ծախսում է այդ հարստությունը, հետևաբար հույս ունի, որ հետագայում իր ծախսածը ետ կվերադարձնի։
– Ըստ Ձեզ, ինչու՞ ո՛չ Արցախի Հանրապետության իշխանությունը, ո՛չ Հայաստանի իշխանությունը չեն արձագանքում այդ ընտրախախտումներին, ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները գնահատեց բարձր որակի ընտրություններ։
– Որովհետև դա ձեռնտու է։ Արցախի իշխանություններին ձեռնտու է, որովհետև իրենց մասն է, իրենց ներկայացուցիչն է, դա ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որովհետև երկար ժամանակ համագործակցել են նրա հետ։ Դա ձեռնտու է դրսի շատ խոշոր բիզնեսմենների, որոնց հետ ինքը գործընկեր է։ Նիկոլ Փաշինյանին էլ ձեռնատու է, որովհետև, եթե ինքն ասի, որ թերություններ են եղել, ուրեմն ինքը որոշակի պատասխանատվություն է վերցնում իր վրա, իսկ ինչո՞ւ, այսպես ասած, դուք տեր չեք կանգնել, որ ամեն ինչ լիներ արդար և ճիշտ։
․․․հարցազրույցն ամողջությամբ՝ newarmenia.am կայքում