2018 թվականին Սպիտակ քաղաքի բնակիչ Սոնյա Սարգսյանի որդու և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել․ հարուցվել է քրեական գործ, տղան 2․5 տարով կալանավորվել է: Տիկին Սոնյայի խոսքերով՝ որդին հոգեկան խնդիրներ ունի, 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել, այդ հիմքով ազատվել է նաև զինծառայությունից։ Նա անհանգստանում է, որ կալանավայրում որդին կարող է վնասել իրեն։ Բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով վերանայել գործը, հաշվի առնել հարազատների կողմից ներկայացված հանգամանքները։ Դիմումները մերժվել կամ անտեսվել են։ 2020 թվականի մարտի 24-ին 57-ամյա կինը ի նշան բողոքի Գլխավոր դատախազության շենքի մոտ փորձել է բենզինով ինքնահրկիզվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան տարել են Կենտրոնական բաժին, որտեղից – 8 ժամ պահելուց հետո – բռնի ուժով տեղափոխել Ավանի հոգեբուժարան։
Այս մասին ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակը։
Մարտի 24-ին կինը գնացել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելու վերանայել իր որդու քրեական գործը։ Դատախազությունում, սակայն, նրան լսել չեն ցանկացել։
«Ասեցին՝ պատվերով համերգ ա՞, որ եկել եք։ Գնացե՛ք, հետո կգա՛ք», – իրավապաշտպաններին պատմել է Սոնյա Սարգսյանը։
Գլխավոր դատախազի ուշադրությունը իր որդու գործին հրավիրելու համար՝ կինը դատախազության մոտ փորձել է ինքնահրկիզվել: Դատախազության աշխատակիցները կանխել են փորձը, սկսել են վիրավորել նրան, ֆիզիկական ուժ են կիրառել, ապա՝ ոստիկանություն կանչել։ Բռնությունները շարունակվել են Երևանի Կենտրոնի ոստիկանությունում:
8 ժամ ոստիկանական սենյակում «սոված-ծարավ» պահելուց հետո՝ կնոջ մոտ են բերել կապույտ համազգեստով 2 մարդկանց։ Որևէ նույնականացման նշան նրանց վրա չի եղել։ Ոստիկանների հետ միասին համազգեստավորները տիկին Սոնյային հարկադրաբար՝ բռնի ուժով տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն։
«Ինձ քարշ տալով, ծեծելով, հրելով 10 ոստիկան՝ 2 բժշկի հետ տարան: Ասին՝ տանում ենք մի հատ բժշկի հետ խոսաս ու ետ գաս: ․․ տարել են հոգեբուժարան, մի 50 հոգու մեջ՝ տարբեր հոգեկան խնդիրներով մարդկանց, ու դուռը վրաս փակել: Ինձ 10 օր ապօրինի պահել են այդտեղ», – պատմել է կինը։
Հոգեբուժարանի գլխավոր բժիշկն ու բաժնի վարիչն առաջին 2 օրը նրան դեղեր են տվել՝ իբր վիճակը կայունացնելու նպատակով։ Տիկին Սոնյան հետագայում հրաժարվել է դրանք ընդունել՝ պատճառաբանելով, որ ինքնազգացողությունը դեղերից վատանում է:
Հոգեբուժարանից նրան բաց են թողել ապրիլի 3-ին՝ 10 օր պահելուց հետո։ Կնոջ կարծիքով՝ հիմնականում իրավապաշտպանների միջամտելու շնորհիվ։
Իրավապաշտպանները տեղի ունեցածի մասին իմացել են 2020 թ. մարտի 28-ին․ ՀՔԱՎ-ին պատմել է Սոնյա Սարգսյանի հարսը՝ Էմմա Մագոյանը, ով խնդրել է ստանձնել գլխավոր դատախազությունում և ոստիկանությունում բռնության ենթարկված և անհիմն կերպով «Ավան» հոգեբուժարանում հայտնված ու 10 օրը այնտեղ պահված սկեսրոջ պաշտպանությունը։
ՀՔԱՎ-ը մարտի 31-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Դիմել է նաև Առողջապահության նախարարություն՝ նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով պարզաբանումներ ներկայացնել, թե թե ե՞րբ և ի՞նչ պատճառաբանությամբ են ոստիկանները տիկին Սոնյային տեղափոխել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և ի՞նչ հիմնավորմամբ է նա 10 օր շարունակ հարկադրաբար պահվել այնտեղ։
Մի քանի օր անց կնոջը ազատել են հոգեբուժարանից։ Ապրիլի մեկին Գլխավոր դատախազությունը ՀՔԱՎ-ի գրությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Իսկ առողջապահության նախարարությունից ապրիլի 7-ին իրավապաշտպաններին պատասխանել են, որ հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել ՀՔԱՎ գրասենյակին, և նշել, որ օրենքով սահմանված կարգով դրանք կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում: