ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, հայտնում է կառույցը։
«Այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:
Նախաքննությունը շարունակվում է», – հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։