Ղազախստանում կասկածելի հանգամանքներում մահացել է իշխանությունների հասցեին իր քննադատությամբ հայտնի լրագրողը։ Այս մասին հայտնում է «Ազատության» ղազախական ծառայությունը։
Կուանդըկ Շամախայուլին մահանալուց մի քանի ժամ առաջ Ֆեյսբուքում գրել էր, որ բժիշկներն իրեն անհայտ դեղամիջոց են տվել: 59-ամյա լրագրողը շուրջ մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ, և ակնկալվում էր, որ առաջիկա օրերին պետք է դուրս գրվեր հիվանդանոցից, սակայն հունիսի 29-ի առավոտյան նա մահացել է:
Լրագրողը ֆեյսբուքյան գրառման մեջ նաև նշել էր, որ բժիշկն ու բուժքույրը կեսգիշերին իրեն արթնացրել են ու խնդրել ստորագրել մի փաստաթուղթ, ապա առաջարկել ընդունել «վարակի դեմ սպիտակ գույնի դեղահաբ»: Շամախայուլին հավելել էր, որ կիսաքուն վիճակում առանց երկար մտածելու ստորագրել է փաստաթուղթը:
«Այժմ ես կասկածներ ունեմ, որ դա ինձ սպանելու համար էր։ Ես երեք լիտր ջուր եմ խմել․ նրանց վարքագիծը կասկածելի էր, ոչինչ չեն բացատրել», – գրել էր ղազախ լրագրողը։ Իշխանությունները խոստանում են առաջիկայում հանդես գալ Կուանդըկ Շամախայուլի մահվան մասին հայտարարությամբ: