Ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչով է հանդես եկել Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Արձագանքելով երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակին, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև սկսված մարտերին, Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ադրբեջանցի կանանց ու մայրերին․
«Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ:
Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը:
Կանայք, մայրերը և քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով:
Հատկապես աշխարհը ծնկի բերած այս համավարակի օրերին պետությունների ղեկավարները պետք է իրենց ջանքերն ուղղեն սեփական ժողովուրդների առողջության պահպանմանը և մեկ ընդհանուր թշնամու` համավարակի դեմ պատերազմին, մարդկությանն իր բնականոն կյանքին վերադարձնելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Համաշխարհային զինադադար հայտարարելու կոչին հետևելը լավագույնն է, որ կարող են անել երկրների ղեկավարներն իրենց երկրների և ժողովուրդների համար:
Պատերազմից պետք է միշտ խուսափել: Միշտ կա այլընտրանք:
#Womenforpeace
#Կանայքհանունխաղաղության
#Womenareinspiring
#Womensmotivation
#Womenempowerment»։