Home / Հայաստան / Ղարաբաղի նախագահը խմբագրել է իր ուղերձը և մտադիր է հրաժարական տալ

Ղարաբաղի նախագահը խմբագրել է իր ուղերձը և մտադիր է հրաժարական տալ

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը խմբագրել է այսօր կեսօրից հետո հրապարակված իր ծավալուն ուղերձի տեքստը։

Հետագա անելիքներին վերաբերող հատվածում հայտնվել է հետևյալ պարբերությունը․

«Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։

Ուղերձի նախնական տարբերակում այս պարբերությունը բացակայում էր: Փոխարենը գրված էր․

«Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները:

Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ»։

Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 15-ին, երբ լրատվականները և սոցիալական ցանցերը քննարկում էին Խծաբերդ-Նոր Թաղեր հատվածում օրերս գերության մեջ հայտնված տասնյակ զինծառայողների մասին դեռ չհաստատված տեղեկությունները, Ղարաբաղի նախագահը խոստացել էր հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 12։00-ին հադես գալ տեսաուղերձով։ Հետագայում հայտարարվեց, որ «տեխնիկական պատճառներով» տեսաուղերձը ժամը հետաձգվում է։ 14։00-ին հրապարակվեց ուղերձի տեքստային տարբերակը, որում Հարությունյանը առաջին անգամ պաշտոնապես հաստատեց նոր գերիների մասին տեղեկությունները։