Home / Մարզեր / Ավանդապաշտ ընդդիմադիրը դարձավ Ղրղզստանի նախագահ

Ավանդապաշտ ընդդիմադիրը դարձավ Ղրղզստանի նախագահ

Երեկ՝ հունվարի 10-ին, Ղրղզստանում անց կացված ընտրությունների արդյունքում երկրի նախագահի պաշտոնում ընտրվեց 52-ամյա Սադիր Ժապարովը։ Նույն օրը կայացած հանրաքվեով ընտրողների 81 տոկոսը կողմ քվեարկեց կառավարման նախագահական ձևին։

2017 թվականին պատանդ վերցնելու մեղադրանքով 11,5 տարվա ազատազրկման դատապարտված և 2020-ի հոկտեմբերին իր դաշնակիցների կողմից ազատ արձակված Ժապարովն անսպասելիորեն դարձավ 2020-ի հոկտեմբերին Ղրղզստանում բարձրացած բողոքի ալիքի առաջնորդը, հետո ստանձնեց վարչապետի պաշտոնը, իսկ ավելի ուշ դարձավ նախագահի պաշտոնակատար։ 

Ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին․ մարզերում անցկացված հարցումների համաձայն, Ժապարովը վայելում է բնակչության մեծամասնության համակրանքը։

Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան Էրիկա Մարատի կարծիքով, Ղրղզստանի նախագահական ընտրությունները բարդ է լեգիտիմ համարել, բացի այդ, քվեարկությունն անց է կացվել ընտրությունների իրականացման որոշումից ընդամենը երկու ամիս անց։

«Հաշվի առնելով այն, որ սրանք արտահերթ ընտրություններ էին, և ամենևին չէին համապատասխանում երկրի Սահմանադրությանը, կարելի է ասել, որ այս քվեարկությունը շարունակությունն էր Ժապարովի և նրա դաշնակիցների՝ վերջինիս իշխանությունն օրինականացնելու քաղաքականության», – կարծում է Էրիկա Մարատը։

Բանտից դուրս գալուց ընդամենը հինգ օր անց վարչապետի պաշտոնը ստանձնած Ժապարովի ժողովրդականության և քաղաքական կարիերայի կտրուկ վերելքը անակնկալ էր շատերի, բայց ոչ իր թիմի համար։

Ազատազրկման երեք տարիները բավականին ողբերգական էին Ժապարովի համար․ սկզբում նրան գտան արնաքամ վիճակում՝ ինքնասպանության անհաջող փորձից հետո, այնուհետև նա կորցրեց ծնողներին։ Դաշնակիցների կարծիքով՝, Ժապարովը քաղաքական հետապնդումների էր ենթարկվում ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Կումտոր» խոշոր հանքավայրի պետականացման պահանջ ներկայացնելու պատճառով։ Բանտից արված իր տեսաուղերձներում Ժապարովը պարբերաբար կոշտ քննադատություններ էր հնչեցնում գործող իշխանությունների հասցեին։ Այս ամենի արդյունքում էլ հենց ձևավորվել է նրա՝ հանուն արդարության պայքարող, տառապյալ քաղաքական գործչի կերպարը։

«Բանտախուցը Ժապարովի համար սխալներից պաշտպանող կապսուլա էր դարձել։ Ազատազրկման տարիներին նա շահեկան դիրքում հայտնվեց՝ մեկը մյուսի կողմից սխալներ գործող իշխանությունների համեմատ», – նշում է քաղաքական մեկնաբան Ազիմ Ազիմովը։ Այլ փորձագետների հետ մեկտեղ, Ազիմովը ևս կարծում է, որ Ժապարովի հաջողությունը բացառություն չէ Ղրղզստանի համար․ համաշխարհային թրենդ է, երբ իշխանության ինստիտուտների նկատմամբ հիասթափության ֆոնին ընտրողները անսպասելի որոշում են կայացնում։

Իշխանափոխություններ

Սադիր Ժապարովը Ղրղզստանի 6-րդ նախագահն է։ Վերջին տարիներին երկրում իշխանափոխությունները սովորական են դարձել․

— 2005 թվական, Կակաչների հեղափոխություն։ Խորհրդարանական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում հեռացավ 15 տարի պաշտոնավարած նախագահ Ասկար Ակաևը։ Երկրի ղեկավարությունը ստանձնեց Կուրմանբեկ Բակիևը։

— 2010 թվական, հեղափոխություն ընդդեմ Բակիևի։ Բիշկեկում և այլ քաղաքներում զանգվածային ցույցեր էին ընդդեմ նախագահի, ով մեղադրվում էր ավտորիտարիզմի և երկիրը տնտեսական ճգնաժամի հասցնելու մեջ։ Ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո կազմակերպված հանրաքվեի արդյունքում նոր սահմանադրություն ընդունվեց, որի համաձայն, Ղրղզստանի կառավարման ձևը դարձավ մասնակի խորհրդարանական, նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձավ 6 տարի։ Ըստ Մայր օրենքում տեղ գտած փոփոխությունների, նույն անձը նախագահի պաշտոնը կարող էր ստանձնել ընդամենը մեկ անգամ։ 

Անցումային շրջանում երկրի ղեկավարը Ռոզա Օթունբաևան էր։

— 2011 թվական, նախագահական ընտրություններում հաղթեց նախկին վարչապետ Ալմազբեկ Ատամբաևը։ 2017-ին նրան մեղադրում էին նախագահական ընտրություններում վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական հակառակորդների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելու մեջ։

— 2017 թվական, նախագահի պաշտոնը ստանձնեց Սոորոնբայ Ժեենբեկովը։ Երկու տարի անց Ատամբաևին զրկեցին անձեռնմխելիությունից։ 2020 թվականի ամռանը նախկին նախագահը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման՝ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու մեղադրանքով։

— 2020 թվական, հոկտեմբերին Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո մայրաքաղաք Բիշքեկի բնակիչները դուրս եկան փողոց.  բողոքի անժամկետ ակցիան մի գիշերվա ընթացքում վերածվեց բախումների, ցուցարարները գրավեցին Բիշքեքի Սպիտակ տունն ու տեղական ԱԱԾ-ի շենքը։ Առավոտյան ԿԸՀ-ն հանձնվեց. ընտրությունների արդյունքներն անմիջապես զրոյացվեցին։ Ավելի ուշ հրաժարական տվեց երկրի վարչապետը։ Շուտով պաշտոնից հեռացավ նաև նախագահը։

Ժապարովի կողմնակիցներն ու ընդդիմախոսները

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ունեցած իր ելույթներում Ժապարովը հաճախ էր խոսում ավանդական արժեքների պահպանման կարևորության մասին։ Նա, մասնավորապես, առաջարկում էր փոխել սահմանադրությունն ու նոր մարմին ստեղծել՝ ժողովրդական կուրուլթայ (ավանդական խորհրդարան), որը կհետևի նախագահին ու խորհրդարանին։ Նաև առաջարկվում էր Մայր օրենքում ժողովրդական արժեքների վերաբերյալ նոր հատված ավելացնել։

Ժապարովի գլխավորած «Մեկենչիլ» (Հայրենասեր) կուսակցությունը մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես մարզերում։ Նախընտրական հանդիպումների ժամանակ քաղաքացիները հաճախ ազգային կոստյումներ էին կրում։ 

Ժապարովին աջակցում էին նաև արտագնա աշխատանքի մեկնած գաղթականները։ 

Տարբեր հաշվարկների համաձայն միայն Ռուսաստանում 850 հազարից մինչև 1 միլիոն Ղրղզստանի քաղաքացի է աշխատում։ Մեծ թվով գաղթականներ կան նաև Թուրքիայում, Ղազախստանում, Կորեայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Ժապարովի ընդդիմախոսները մեծամասամբ նախկինում ապաքաղաքական երիտասարդներ են, ովքեր դեմ են Ժապարովի առաջարկած սահմանադրական փոփոխություններին։