Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է, որ նախօրեին հայկական կողմը մի շարք սադրանքներ է ձեռնարկել Սյունիքի ուղղությամբ։
Հաղորդման համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցի նույն օրը երեկոյան, հայ զինծառայողները գնդակոծել են Զանգելանի շրջանի Սեյիդլար գյուղում տեղակայված ադրբեջանցի սահմանապահներին, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումների՝ այդ ուղղությամբ տեղակայված ծառայողներին։
Ռուս սահմանապահները, ինչպես պնդում է Ադրբեջանի ՊՍԾ-ն, ադրբեջանական կողմին փոխանցել են, որ արարքի հեղինակները «անսթափ վիճակում էին, և խնդրել են պատասխան քայլեր չձեռնարկել»։
Հաղորդման համաձայն՝ «միջադեպից հետո ադրբեջանական կողմին հայտնի է դարձել, որ հայ սադրիչ զինծառայողներին հեռացրել են տարածքից»։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ նույն օրը Շուռնուխի մերձակայքում մի խումբ հայեր 30-40 մեքենաներով շարժվել են սահմանի ուղղությամբ՝ հակաադրբեջանական կարգախոսներ վանկարկելով։
Ադրբեջանական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ «նման սադրանքների կրկնության դեպքում ադրբեջանական կողմը կդիմի ամենավճռական պատասխան քայլերի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղարաբաղի ներքին գործերի, պաշտպանության, իսկ հետո նաև արտաքին գործերի նախարարությունն ահազանգել էին ապրիլի 20-ին Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Համաձայն Ղարաբաղի ԱԳՆ հայտարարության՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։