Home / Բանակ / Ոչ մարտական մահերը բանակում չեն դադարում․ Զոհվել է 20-ամյա Մհերը

Ոչ մարտական մահերը բանակում չեն դադարում․ Զոհվել է 20-ամյա Մհերը

Մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական մահերի արդեն առնվազն 6-րդ դեպքն է։

Ապրիլի 20-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Մայիսի 5-ին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։ Մայիսի 14-ին ՊՆ-ն հայտնել էր, որ նախորդ օրը ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն մայիսի 13-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել է տուն: Մայիսի 14-ին ընտանիքի անդամները նրան հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում: Մայիսի 21-ին էլ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը մահացել է ավտովթարից։ Մայիսի 24-ին էլ ՊՆ-ին հայտնել էր, թե պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանի իրեն ամրակցված ԱԿՄ-ից կրակել է իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք։