Թարմացում 20։45 – Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ Պարզվել է, որ կրակոցներն արձակել է «Վերելք»-ի պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել: Հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիքը՝ գազային ատրճանակը:
Արարատի մարզի դատախազության կողմից ՔԿ Մասիսի բաժնին հանձնարարվել է դեպքի առթիվ հարուցել քրեական գործ։
Ավելի վաղ «Վերելք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ։ Դրանից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք:
Հայտարարության համաձայն՝ «Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։
Առավոտյան Ոստիկանությունը հաղորդել էր, որ ահազանգ է ստացվել Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցի մասին։
Հետագայում պարզվել էր, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: