Home / Հայաստան / Հայ-ադրբեջանական սահմանին զինծառայող են սպանել (թարմացված)

Հայ-ադրբեջանական սահմանին զինծառայող են սպանել (թարմացված)

Թարմացում 15։52 – Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 1983 թվականին ծնված, Հայաստանի Զինվախ Ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը, հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն:

Ադրբեջանի ՊՆ-ն էլ հայտարարել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլան։

Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով զինծառայող է զոհվել, հաղորդում է ՊՆ-ն

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈՒ զինծառայող: ՊՆ հաղորդմամբ՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե երեկ «հայկական զինված ջոկատները» կրակ են բացել Շուշիի ուղղությամբ։

«Հուլիսի 13-ին՝  ժամը 21:34-ին 21:45-ին, անօրինական հայակական ջոկատները, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, գնդացիրներից ու ինքնաձիգներից կրակ են ադրբեջանական բանակի՝ Շուշի քաղաքի մոտակայքում գտնվող դիրքերի վրա։», – պնդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։