Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը փակել է և բացառել քննադատության բոլոր հնարավոր ճեղքերը: Չկա հատկապես ինքնաքննադատություն: Տարիներ շարունակ պետական պրոպագանդայի մեքենան ամեն ինչ համակարգին տանուլ տված մարդկանց տվել է մեկ-մի բան՝ ունիկալության գիտակցում: Տոտալիտար ունիկալություն, ուրիշին բացառող ունիկալություն, ուրիշին ոչնչացնող, նվաստացնող ունիկալություն, այլ խոսքով՝ ունիկալության թույն ու թարախ, որից և՛ դու ես քայքայվում, և՛ ուրիշին ես քայքայում: Այո՛, երբ քեզ թալանել են, քեզանից ունեցած-չունեցածդ են խլել, քեզ դարձրել են խոցելի ու անպաշտպան, քեզ դարձրել են թշվառ ու զրկված, և որպես գոյատևման կեր, գոյատևման լափ կոկորդդ են լցրել քո ունիկալ, «հատուկ էական» հատկանիշները և ծամել տվել դրանք ու հետևել, որ մարսողական համակարգիդ միջով էլ անցկացնես, ընտրություն չկա, քան դառնալ ունիկալ գազան: Ունիկալությունը կլինիկական համախտանիշ է դառնում, բայց որը միա՛կ ունեցածդ է, միա՛կ կարողությունդ, որին կառչում ես և պաշտպանում ատամներով:
Ունիկալությամբ տառապող հասարակությունները և մարդիկ մանկամտություն և անմեղսունակություն ունեն: Նրանք միշտ մեղավորներ են փնտրում իրենցից դուրս և ունակ չեն սուբյեկտայնությունը փոխել օբյեկտայնության: Սրա բերումով ի զորու չեն ռեֆլեքսիա անել և թոթափել բացառիկ և դրական հատկությունների բեռը: Այսպես, թե՛ անհատական, թե՛ հասարակական մակարդակում ունիկալ գերազանցիկության այս սինդրոմը տարածվել է և արմատավորվել: Եւ շատ դժվար, եթե ոչ անհնար է դարձել հարցադրել, դիպչել, քննարկել ամեն երևույթ, որ կարող է սասանել դրական հայի ինքնընկալումը:
Սևի և սպիտակի, բարի և չարու միջև գիծը շատ հստակ է գծված, հատկանիշների նկարագրական պորտրետը հաստիքային իմաստունները պարբերաբար գծում, հրամցնում են: Ու այս պորտրետային ունիկալ հայերը շատ տոլերանտ են ու բարի. ադրբեջանցիներին դրին ավտոբուսները ուղարկեցին, եզդիներին չեն ենթարկում խտրականության, մալականներին չեն գետտոյացրել, կանանց չեն ծեծում, չեն սպանում, ԼԳԲՏ մարդկանց չեն քարկոծում, ճնշվածին չեն հալածում….Չկա նման բան, չի եղել, չենք տեսել, չենք լսել:
Եւ ահա Հայաստանի Հանրապետության անվտանգային ծառայությունը զգուշացնում է, որ «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները համարվում են հանցավոր արարքներ»: Քրեական օրենսգիրք, հոդված 226: Հայաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին սա է սպառնում, քանի որ եզդին Հայաստանում համարձակվել է ասել, որ ազգային խտրականության է ենթարկվել: Այսինքն՝ հայն է որոշում, թե եզդին ինչ է զգում Հայաստանում, ինչ է մտածում: «Ռասայական գերազանցությանը վնասող գործողություն»…. Սրա մասին ոչինչ չեն ուզո՞ւմ ասել ձախ և աջ հայասերները, ազգապահպան մտավորականները, լուսավորիչները, տառաճանաչները, փրկիչները և ով որ կա այդտեղ:
Բա գնացեք, դատեք Հայաստանի բոլոր իշխանություններին: Գնացեք, բանտ շարեք համալսարանական, ակադեմիական աշխատողներին, մանկապարտեզների դաստիարակներին, դպրոցի դասատուներին, գրողներին, լրագրողներին: Օրինբուն, տարիներ շարունակ արված ռասիստական քաղաքականության համար: Թե՞ նրանք կարող են ափեղ-ցփեղ խոսել ու անպատիժ մնալ, նրանք կարող են երեսուն տարի ազգամիջյան թշնամանք հարուցել ու հաղթող և գիտուն հռչակվել, իսկ ահա Հայաստանում ապրող եզդին իրավունք չունի, չի կարող խոսել խտրականության ենթարկվելու մասին, նա միանգամից հանցագործ է դառնում, ազգամիջյան թշնամանք է հարուցում:
Մի քիչ ամոթ, մի քիչ աբուռ ունեցեք:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ
Գայանեին կարելի է հետևել նաև Տելեգրամում