Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Հոսվեփյանը (չհեռանալու մասին ստորագրությամբ և 30 միլիոն դրամ գրավով) ազատ էր արձակվել։ Խափանման նոր միջոց է ընտրվել կալանավորումը։
Գորիսի փոխքաղաքապետը, հիշեցնենք, ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:
Կալանավորված է մնում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը․ նկատենք, որ կալանքի ընթացքում վերջինս հասցրեց անգամ վերընտրվել։