Դեկտեմբերի 21-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսից ամբողջապես պատվաստվել է 652 759 Հայաստանի քաղաքացի և 8182 օտարերկրացի, Epress.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդել է Առողջապահության նախարարությունը։
Երկրում նույն օրվա դրությամբ կատարվել է ընդհանուր 1 577 356 պատվաստում, որից 915 380-ը՝ առաջին, իսկ 661 976-ը՝ երկրորդ դեղաչափ։ Ստացվում է, որ Հայաստանում իր երկրորդ դեղաչափը դեռևս չի ստացել 253 404 մարդ։
ԱՆ-ի հաղորդմամբ՝ առանձին վիճակագրություն չի վարվում պարզելու համար, թե պատվաստվածներից ովքեր են մշտապես բնակվում Հայաստանում, իսկ ովքեր՝ արտերկրում։
Այսպիսով՝ Հայաստանում ամբողջապես պատվաստված է բնակչության պաշտոնական թվի 22.33%-ը, իսկ մասնակիորեն՝ 8.55%-ը։
Համեմատության համար` Վրաստանում Our World in Data-ի վերջին տվյալներով՝ ամբողջությամբ պատվաստվել է շուրջ 1․1 միլիոն մարդ կամ բնակչության 29․7%-ը, իսկ Ադրբեջանում՝ 4.65 միլիոն մարդ կամ բնակչության 46%-ը։ Նախկին ԽՍՀՄ տարածքում պատվաստումների ցուցանիշով Հայաստանին այս պահին զիջում է միայն Ղրղըզստանը, որտեղ, ըստ նույն կայքի, ամբողջությամբ պատվաստված է բնակչության 14․9%-ը (շուրջ 982 000 մարդ)։ Իսկ այ Լիտվան պատվաստումների ցուցանիշով նախկին ԽՍՀՄ տարածքի բացարձակ առաջատարն է: Մերձբալթյան այս երկրում պատվաստված է բնակչության 65․2%-ը կամ 1․82 միլիոն մարդ։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 11:00-ի տվյալներով՝ երկրում գրանցվել է քովիդով վարակման 135 նոր դեպք (թեստերի 2․16%-ը)։ Առողջացել է 407 մարդ, մահացել՝ 3-ը։ Փաստացի բուժում է ստանում 4843 մարդ։ Մինչ օրս Հայաստանում քովիդից մահացել է 7939 մարդ, ևս 1496-ը, ըստ ԱՆ-ի, մահացել են «այլ պատճառներով»։